կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 20:33
Առանց Կատեգորիա

Ի՞նչն է դրդել ինքնասպանության

Ի՞նչն է դրդել ինքնասպանության

Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանը 2011-ի սեպտեմբերի 25-ին իր տան միջանցքում պարանով կախվելու ճանապարհով   ինքնասպան էր եղել: Միաժամանակ, ինքնասպանության փորձ էին կատարել նրա 23-ամյա դուստրն ու 25 ամյա որդին: Գայանե Մնացականյանը տեղում մահացել էր, իսկ  զավակները տեղափոխվել էին «Դիլիջան» բժշկական կենտրոն:

 

Գայանե Մնացականյանի հորեղբոր տղայի  եւ մյուս հարազատների համար ինքնասպանության պատճառներն անհասկանալի են... դժվարանում են որեւէ բան ասել:

 

Սոցիալական խնդիրներ թեեւ ունեն, սակայն դրանք դժվար, ըստ հարազատների, դժվար թե ինքնասպանության հասցնելու չափ լինեին: «Որ իրանց տունը մտնես,  կտեսնես, ամեն ինչ տեղը-տեղին, կարգին»,- մեզ ասաց ազգականներից Սամվելը` նշելով, որ իրենք հեռու են ապրում եւ վերջին շրջանում հաճախակի չեն տեսնվել, հետեւաբար` չէին կարող ինչ-որ փոփոխություն նկատել կամ կանխազգալ:

 

Հարեւաններն էլ, որ ամեն օր տեսել ու խոսել են Գայանեի հետ, որեւէ բան չեն կասկածել: Գայանեն ու նրա զավակները, ինչպես հարեւաններն են ասում, առանձնապես շփվող չեն, հարեւանություն չեն անում, որեւէ մեկի տուն չեն գնում, ոչ էլ շատ հյուրեր են ընդունում: Շփումներն սկսվել ու ավարտվել են փողոցում` սահմանափակվելով միմյանց բարեւելով ու ոտքի վրա զրուցելով: «Իրանք ընդհանրապես մեկուսացված են, տեսել ենք, բարեւ-բարլուս, զրուցել ենք, բայց որեւէ բողոք, թե վատ են ապրում, լավ չեն, չի ասել»,- ասաց հարեւանուհիներից մեկը:

 

Գայանեն հարեւանություն արել են միայն Նատալիա Ենգիբարյանի հետ:  «Շատ նորմալ մարդիկ էին, վերջին անգամ մահվանից մի օր առաջ եմ տեսել, նորմալ, ոչ մի կասկածելի բան չկար: Կանչեցի մետ տուն, ասեց  երեխեքս գործի են, աղջիկս էլ արդեն աշխատում ա, առաջ որ տանն էր, ինքն էր տանս գործն անում, հիմա ես պիտի անեմ, դրա համար էլ երկար չեմ կարա մնամ»,- իրենց վերջին խոսակցությունը հիշեց Նատալիա Ենգիբարյանը:

 

Հարեւանները բացառում են կնոջ` որեւէ աղանդի հետ կապ ունենալու վարկածը` որպես ապացույց նշելով, որ աղանդավորներն ավելի շփվող են լինում, որպեսզի կարողանան այլոց եւս ներգրավել, կամ հավաքներ են անում, սակայն ո՛չ Գայանեն էր որեւէ տեղ գնում, ո՛չ էլ նրանց տուն էին գալիս: «Առհասարակ, մեր փողոցում աղանդավորներ չկան»,- պնդում են հարեւանները:

 

«Խմբակային ինքնասպանություն» գործած  ընտանիքի բոլոր` 3 անդամները գործել են միասնաբար` պայմանավորվել են ու փակվել առանձին սենյակներում: Մայրը կախվել է միջանցքում, իսկ տղան` Էրիկը,  երակները կտրել լոգարանում` տաք ջրի մեջ: Տղան  զանգահարել է ընկերուհուն` հրաժեշտ տալու, ով էլ, կանխազգալով կատարվածը զանգահարել ու զգուշացրել է Էրիկի մորաքրոջ տղային: Վերջինս էլ դեպքի վայր հասնելով մորաքրոջը կախված ու մահացած  էր գտել, իսկ զավակներին` արնաքամ ու անգիտակից:

 

«Տղային ահավոր ծանր վիճակում էին բերել, պուլս չուներ, ճնշում չուներ, շնչառությունը` մակերեսային, գիտակցություն չուներ: Անմիջապես ձեռնարկել ենք համապատասխան միջոցառումներ, եւ մեկ մեկուկես ժամ հետո գիտակցությունը վերականգնվել է: Տղայի վնասվածքները շատ խորն էին` նախաբազուկների շրջանում կտրվածքները խորն էին, ամեն կողմում մոտ 10 կտրվածք առատ արյունահոսում էր, հիմա էլ բուժումը շարունակվում է, սակայն արդեն կարողանում են քայլել: Քրոջ մոտ նույն վերքերն էին, բայց ավելի թեթեւ»,- ասաց Դիլիջանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ցոլակ Սահակյանը, ում զարմացրել էր լրագրողների հետաքրքրվածությունը հենց այս դեպքի առիթով: Բժշկի հավաստմամբ` նման դեպքերն առհասարակ շատացել են. գոնե ինքն այս տարվա ընթացքում 4-5 դեպք տեսել է:

 

«Իրենք բացատրում են տան վաճառքի հետ, որ իրենք դրսում են մնում, բայց, ըստ երեւույթին, դա իրական պատճառը չէ: Երկուսի հոգեկանում էլ ինչ-որ տարօրինակություններ կան»,- ասաց բժիշկը` նշելով, որ տղան նախկինում էլ է նման քայլի դիմել: «Նման դեպքերը շատացել են, երակներ են կտրում, ունեցել ենք դեպքեր, երբ ինքն իր վիզն էր կտրել, կարողացանք փրկել,  տղաներ կան, որ էլի կտրտել են իրենք իրենց, եւ նրանց հոգեկան վիճակն էլ լավ չի. տնտեսական հարցեր ունեն, աշխատանք չկա»,- ասաց բժիշկը, ավելացնելով, որ գրեթե բոլոր դեպքերում էլ պատճառը սոցիալական է:

 

Ինքնասպանության փորձ կատարած եղբայրն ու քույրն իրենց արարքն արդարացնելու համար հիմնականում սոցիալական պատճառներ են բերել` տան վաճառքը, կուտակված պարտքեր ու մեռնելու ցանկությունը, որն էլ, ըստ երեւույթին, հասցրել է հոգեկան անհավասարակշռության:

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ