կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 20:40
Հասարակություն

Զինծառայողը հորն ուղղված նամակում հայտնել է, որ ինքնասպանության են դրդել ծառայակիցները. ՔԿ

Զինծառայողը հորն ուղղված նամակում հայտնել է, որ ինքնասպանության են դրդել ծառայակիցները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։

2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային  Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Մշակվել քննչական պլան, ձեռնարկվել բազմաթիվ քննչական գործողություններ՝ զինվորի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը մտել է զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել պահեստանոցում  գտնվող  հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ.Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, նույն սենյակում գտնվող զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել ինքնաձիգը և ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում  պատճառել  հրազենային  վնասվածք:

Ռ.Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ա.Կարապետյանը,  Ս.Մելքոնյանը և Վ.Տեր-Վարդանյանը  ձերբակալվել են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: