Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին մեկնել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ ս.թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը:
Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը անցկացրել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, զորամիավորման, զորամասի հրամկազմի, ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ զինվորականններ ու քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Նախքան խորհրդակցությունը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, եղել դեպքի վայրում, զորանոցում, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով և զինվորների ծառայողական պարտականությունների իմացությամբ, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին են ներկայացվել նախաքննության և ծառայողական քննության բոլոր մանրամասները: Լսելով գործի քննությանն առնչվող զեկույցներն ու դիտարկումները` պաշտպանության նախարարը նշել է, որ խիստ անթույլատրելի և անհանդուրժելի է, որ, երբ մարտական հենակետերում զինծառայողները քաջագործություններ են կատարում` կյանքի գնով պաշտպանելով հայրենի սահմանները, այդ նույն ժամանակ զորամասերում որոշ սպաների անգործության մատնվելու պատճառով տեղի են ունենում միջանձնային կանոնադրական հարբերությունների կոպիտ խախտումներ, որոնք հանգեցնում են մահվան:
Նախարարը հատուկ շեշտել է, որ, անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու, և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են` բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները: Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
Խորհրդակցությանը ներկա մի շարք վարչությունների պետեր պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել զորամասում արձանագրված թերությունները և դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Խորհրդակցության մասնակիցներին տալով մի շարք հանձնարարականներ` Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ տեղի ունեցող միջադեպերի մեծ մասը արագ զարգացող իրավիճակային հանցագործություններ են, որոնք հաճախ ծագում են ամենափոքր մանրուքից: Ուստի զորամասի հրամկազմի և ռազմական ոստիկանության ջանքերի համադրմամբ ու փոխհամաձայնեցված աշխատանքով պետք է անել առավելագույնը կանխարգելիչ միջոցառումների խստացման, իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ, քանի որ միայն այդ կերպ զորամասերում կարելի է բացառել արատավոր երևույթների սաղմնավորումն ու տարածումը: