Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ Կոնգրեսի` սեպտեմբերի 30-ի հանրահավաքը աննախադեպ ու բեկումնային է լինելու: Նա նշեց, որ ժողովուրդը պետք է դարձյալ ակտիվանա, մտնի խաղի մեջ ու իշխանություններին պարտադրի անհրաժեշտ զիջումներ անել:
Նշելով, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ կա, նա հավելեց, սակայն, որ չի կարծում, թե իշխանությունները պատրաստ են որեւէ զիջման: «Նրանք չեն հասկանում, որ լարվածությունը թուլացել է այն պատճառով, որ ժողովուրդը սպասում էր, որ նրա պահանջները կկատարվեին երկխոսության միջոցով, սակայն իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը: Ուստի գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ եւ իշխանություններին իր ձայնը հասցնի վճռականությամբ եւ կոնկրետ գործողություններով»,- ասաց Զուրաբյանը:
Լրագրողների հարցին` հնարավո՞ր է, արդյոք, որ Կոնգրեսը փոխի իր որոշումն ու շարունակի երկխոսությունը, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Մենք միշտ էլ ասել ենք, որ երկխոսությունը մեզ համար ինքնանպատակ չէ: Մեր նպատակն է այս ավազապետական, աղճատված, կեղծված ընտրություններից անցնել իրական ժողովրդավարության, եւ եթե երկխոսությունը ծառայի այդ նպատակին, մենք կօգտագործենք երկխոսությունը: Հիմա պարզվում է, որ երկխոսությունը չի ծառայում այդ նպատակին, ուրեմն կանցնենք այլ մեթոդների»:
Թե որո՞նք կլինեն այդ մեթոդները եւ արդյո՞ք սեպտեմբերի 30-ին Կոնգրեսը կգնա ջրբաժանի, Լեւոն Զուրաբյանը չպարզաբանեց` նշելով, որ ամեն ինչ կախված է ժողովրդից, եւ ինքը չի ուզում ժողովրդի անունից որոշում կայացնել:
«Մենք հո չե՞նք ուզում այս իշխանության հետ վարվել այնպես, ինչպես Լիբիայի ժողովուրդը վարվեց Կադաֆիի շրջապատի հետ. նման պլաններ չունենք»,- նշեց Զուրաբյանը` հավելելով, որ իրենք ցանկանում են անցնցում անցում դեպի ժողովրդավարություն, բայց այդ ճանապարհին որոշ մեթոդների կիրառումը եւս չի բացառվում: