կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 13:25
Առանց Կատեգորիա

Կախված անկախ ենք…

Կախված անկախ ենք…

20 տարի առաջ էր… Պատրաստվում էինք անկախության հանրաքվեին: Ծանր ժամանակներ էին, բայց ամեն ինչի մեջ «հոգի էր դրված»: Հավատում էինք… Հավատ կար: Հուսով էինք… Հույս կար: Սիրով էինք… Սեր կար: Մնում էր մկրտությունը, այն էլ մոտենում էր: Սպասում էինք սեպտեմբերի 21-ին, որ «ԱՅՈ» ասեինք: Ճիշտն ասած` մի քիչ ձևական էր այս ամենը, բայց քանի որ պայքար կար, վճռականություն, հանդգնություն և հավատ բռնած գործի նկատմամբ, վճռական էինք:

Իրականում անկախությունը վաղուց էր եկել: Եկել էր ու չոքել ամեն մեկիս դռանը, իսկ մենք` միամիտներս, կարծում էինք, թե մենք ենք այն բերելու, մեր քվեարկությամբ:

 

Անկախության հանրաքվեն ինչպես ասում են «յուղած» անցավ, և մենք անկախացանք: Հենց այդ օրերին էր, հիշում եմ, թե ինչպես մի օր, երբ Հաղթանակի զբոսայգու մոտի կանգառից, մի կերպ տեղավորվելով 2-րդ համարի ավտոբուսի մեջ, լսեցի մի տարեց մարդու հայհոյանքը ավտոբուսից կախված ժողովրդի հասցեին: Խորթ էր այդ հայհոյանքը, մանավանդ, երբ հայհոյանքը վերաբերում է թե' քեզ և թե' քեզանով բերված անկախությանը: Մի կերպ աջ ոտքիս թաթով տեղավորվել էի և կախվել ավտոբուսի ետևի դռնից, երբ ականջիս հասավ ծերունու խռպոտ ձայնը.

-Կախվեք, կախվեք: Ես ձեր անկախ մերը…

 

Ծերունին, վստահ եմ, այն 10 հազարից մեկն էր, որ դեմ էր քվեարկել անկախությանը: Դե, ինչ կարող էի անել, պապիս տարիքին մարդ էր, անտեսեցի, չվիճեցի, չպատասխանեցի: Անցավ գնաց, բայց խոսքերն, այս էլ արդեն քսան տարի, ականջիս մեջ զնգոցով արձագանքում են: Երբ ամեն անգամ (իսկ դա համարյա ամեն օր է լինում) բախվում եմ անարդարության, տեսնում, թե ինչպես են ստորացնում հասարակ քաղաքացիներին մանր- մունր չինովնիկներն ու այլ տեսակի պագոնավորները հիշում եմ ծերունու խոսքերը`«Կախվեք, կախվեք: Ես ձեր անկախ մերը»:

 

Ծերունին հիմա հավանաբար չկա: Հաստատ չէր ապրի այսքան զրկանքի և անարդարության մեջ: Աստված հոգին լուսավորի: Բայց, այ եթե նա ողջ լիներ կտեսներ, թե որքան ենք առաջադիմել այս 20 երկար ու ձիգ տարիների ընթացքում: Օրինակ` կտեսներ, որ այլևս ոչ ոք հասարակական տրանսպորտից կախված չի գնում: Կախվելը մնաց որպես անցյալի վատ հուշ, ինչպես անջուր, անլույս և անհաց օրերը: Հիմա երբ քաղաքային տրանսպորտ ես նստում, հատկապես` երթուղային տաքսի, պարտադիր կզում ես կամ կքանստում: Եթե ըմբոստանաս, փորձես կանգնած մնալ, ինքը` անթրաշ, քրտնքահոտով օծված և, որպես կանոն, մեքենայում թրքա-քրդական ելևէջներով Վլե լսող վարորդը, քեզ կստիպի կզել: Կստիպի, որովհետև հիմա կզցնելու ժամանակներն են: Ով ոնց կարող է` օգտվում է ընձեռված հնարավորությունից, որովհետև իրեն էլ դիսպետչերն է կզացնում, իսկ դիսպետչերին` գծի տերը` որպես կանոն, ԱԺ որևէ պատգամավոր: Բայց, այնուամենայնիվ, պետք է լավատես լինել և խոստովանել, որ մի բան է կախված, մեկ այլ բան` կզած տեղաշարժվելը: Բա առաջընթաց չի, ի՞նչ է:

 

Անկախությունը, «Բրոնին», «Զիլին», «Բենթլին» և Նժդեհը

Վերջերս զանգեցի ընկերոջս և հետաքրքրվում էի հալ ու քեֆով: Հարցիս, թե ի՞նչ է անում, կատակոտ ձայնով ասաց.

- Ձեր կինոն եմ նայում:

- Ի՞նչ կինո,- զարմացած հարցրի:

- Դե էն, որ սաղիս քաշեցիք էլի…,- նորից կատակեց ընկերս ու շարունակեց, - որ էն ժամանակ ասեիք որտեղ է Ցոլակ Դարբինյանը, հիմա հո սենց չէինք լինի:

- Հաաաա, հասկացա,- պատասխասնեցի ես, - բան չունեն ցույց տալու, նորից «Նվագախմբի տղաներն են» ֆռռացնո՞ւմ:

- Հա, դե ավելի լավ է սա ցույց տան, քան թե «Զանգեզուրը»: Չնայած «Զանգեզուր»-ում Նժդեհին որ նայում եմ, միանգամից Գալուստն ա գալիս աչքիս առաջ, իսկ Գալուստն իմ ուրախությունն ա, գիտես,- կատակեց ընկերս:

 

Ինչո՞ւ հանկարծ հիշեցի այս խոսակցությունը. խորհրդային տարիներին մեր` դեպի պայծառ կոմունիզմ շտապող քաղաքացիներիս համար «Հայֆիլմ»-ի լավագույն կինոնկարներից էին «Զանգեզուր» և «Նվագախմբի տղաները» կինոնկարները: Առաջինում նսեմացվում, ստորացվում էր Մեծն Նժդեհի կերպարը, մյուսում` Առաջին անկախ Հանրապետությունը: Անցել է 20 տարի, երկիրը կառավարում են իրենց նժդեհյան գաղափարախոսության հետևորդներ հայտարարած գործիչներ, բայց, արի ու տես, ամեն տարի մայիսի 28-ին, շատ դեպքերում նաև սեպտեմբերի 21-ին հեռուստաընկերությունները հեռարձակում են վերը նշված խեղկատակությունները: Անկախացած, հաղթած երկիրը 20 տարվա ընթացքում չի կարողանում ստեղծել մի կինոպատում, որը նայելով անկախացած երկրի քաղաքացին իրեն հպարտ կզգա: Փոխարենը ամեն օր պարտադրված ենք դիտել ամեն տեսակի աղբ, որը հասարակությանը ստիպում է հիասթափվել և մտածել այս Սոդոմ-Գոմորից իր սերունդը փրկելու մասին: Բայց արդյոք այսօր միայն ֆիլմո՞վ են նսեմացնում Նժդեհին: Հետաքրքիր կլիներ լսել այսօրվա նժդեհականներին, գոնե տեղյա՞կ են, թե ո՞վ էր Նժդեհը, թե՞ նա էլ հավասարվեց «Բրոնի», «Զիլլի», «Բենթլի» և այլ տեսակի բրենդների:

 

Անկախության գաստրոնոմիան

Անկախությունը եկավ` շուկայական հարաբերությունները թևի տակ դրած: Եկավ պարսկական կոնֆետով, մոմով, տաքացուցիչով ու այլ զարդ ու զիբիլներով: Եկավ ու տակնուվրա արեց ամեն ինչ: Քանի դեռ անկախ չէինք, բավարարված էինք, հենց անկախացանք, դարձանք անկուշտ: Մարդկային հարաբերություններն էլ դարձան շուկայական: Սկզբից իշխանությունները վաճառեցին ինչ պատահի, հետո վաճառքը տեղափոխվեց մասնավոր սեկտոր: Հիմա վաճառում են ամեն ինչ` մարմնից սկսած մինչև գաղափար: Ազատ է: Տակից ոչինչ չի վաճառվում: Խաղեր տակից տրվում են, բայց վաճառք` երբեք: Ամեն ինչ «բաց է և թափանցիկ», միայն թե գնորդներն են նույն մարդիկ` ինչ 15 կամ 20 տարի առաջ:

Քավ լիցի, թող գնեն-վաճառեն, որքան ուզում են, բայց որ Արգիշտիի հիմնած քաղաքը մի օր «սիթիացվելու» էր, սա հաստատ անկախության ծրագրով չէր նախատեսված: Նաև չէր նախատեսված կեղծված, ժամկետանց, բորբոսնած ապրանքների վաճառքը: Չէ ՞ որ անկախության առաջին տարիներին նույնիսկ պարսկական կոնֆետները թարմ էին, ինչպես մինչև անկախությունը Մասիսի շրջանի թուրք ազգաբնակչության աճեցրած լոլիկն ու կանաչին:

 

Անկախությունն ու ան - կախությունը

Այս տոնն էլ կանցնի, ինչպես հերթական մարտի 8-ը: Իսկ հաջորդ օրը առավոտյան բոլորս կշտապենք մեր հոգսերով` հանապազօրյա հացի հետևից, որ այնքան անհրաժեշտ է ան-կախ ապրելու և դիմանալու համար: Իսկ իրական անկախության մասին դեռ վաղ է խոսել, քանի դեռ երկիրը չունի իր անկախ լինելու, անկախ ապրելու կոնցեպցիան: Ապրում ենք օրվա խնդրով: Կախված, թե անկախ, դա չէ խնդիրը: Վաղը ի՞նչ է լինելու…

 

Հարություն Հարությունյան