կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 15:12
Առանց Կատեգորիա

Ո՞վ է ավելի ժողովրդավար

Ո՞վ է ավելի ժողովրդավար

Հոկտեմբերին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ներկայացնելու է զեկույց` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թեմայով, եւ վերջին տարիների զեկույցներից հետո սա բավականաչափ դրական գնահատականներ է պարունակում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ. այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

 

Համեմատականներ անցկացնելով անկախացման շրջանում տարածաշրջանի երեք երկրների միջեւ` պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի մասին ընդհանրապես խոսել չի կարելի, եւ պետք չէ:

 

«Ես ինքս պատգամավոր եմ, որը ներկայացված է գրեթե բոլոր միջազգային կառույցներում, որտեղ հավասարապես ներկայացված է նաեւ Ադրբեջանը, եւ կարող եմ փաստել, որ թեեւ Եվրամիության, Եվրախորհրդի մեր գործընկերները երբեմն կիրառում են երկակի ստանդարտներ, ինչի պատճառները մեզ համար հասկանալի են, այդուհանդերձ, հստակ տարանջատում են Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը»,- նշեց պատգամավորը:

 

Զոհրաբյանի տեղեկացմամբ` Եվրոպայի խորհրդի 47 երկրների մեջ Ադրբեջանը միակ բացառիկ երկիրն է, որի Սահմանադրության մեջ երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց եւ հանվեց նախագահի` երկու անգամից հետո առաջադրվելու արգելանքը, այսինքն, նրա բնորոշմամբ, երկիրը վերածվեց սուլթանատի եւ խանության:

 

«Ադրբեջանում այսօր չկա ազատ մամուլ, չկա ընդդիմություն, եւ խոսել այդ երկրում դեմոկրատական որեւէ զարգացման մասին, ուղղակի նոնսենս է: Ես ինքս վերջերս մի ծրագրի շրջանակներում, որտեղ ներկա էին նաեւ արբեջանցի գործիչներ, գտնվում էի Ֆրանսիայում եւ Գերմանիայում, եւ այնտեղ բաց տեքստով խոսվեց այն մասին, որ ցանկացած ժողովրդավարական, անգամ մի փոքր ռեֆորմ Ադրբեջանում ուղղակիորեն ոտնահարվում եւ տապալվում է»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, պատգամավորի խոսքով, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ անկախության շրջանում Վրաստանում լրջագույն բարեփոխումներ եղան. մասնավորապես` երկիրը կարողացավ հաղթահարել ժողովրդավարությունը կոռոզիայի ենթարկող կարեւորագույն պրոբլեմներից մեկը` կոռուպցիան, ինչը չենք կարող ասել Հայաստանի մասին: