Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական մեդիան գրեթե ամենօրյա ռեժիմով ողողվում է ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) թեմային վերաբերող նյութերով։ Որևէ ջանք չի խնայվում՝ Ադրբեջանը ներկայացնելու իբրև «կանաչ» պետություն։
Վերը նշված նպատակի համար «ներգրավում» են նաև օտարերկրացի փորձագետներին՝ տարվող քարոզն ավելի արժանահավատ դարձնելու համար, նաև «աճեցնում» են տեղացի փորձագետների, որոնք օտար լեզուներով ներկայացնում են իրենց երկրի ընթացիկ օրակարգը։
«Կանաչ» օրակարգին զուգահեռ վերջին ժամանակներս առաջ է տարվում Ադրբեջանը «ժողովրդավար» ներկայացնելու ռազմավարությունը։ Դրա վառ օրինակն է պետական ֆինանսավորմամբ գործող «Թուրան» գործակալության, այսպես կոչված, բնապահպանական հետաքննությունը, որը բացահայտել է օրենքի խախտումներ և Ադրբեջանում կոյուղաջրերի կառավարման հետ կապված բնապահպանական վտանգներ: Հրապարակված երեք հոդվածներում էլ նշում են պետական վերահսկողության լուրջ խախտումների՝ հայտնի Զագուլբա և Բուզովնա լողափերի մոտ կոյուղագծերի կամայական կառուցման և Կասպից ծով չմաքրված կեղտաջրերի արտանետումների մասին։
Չնայած ակնհայտ աղտոտվածությանը և առողջությանը սպառնացող վտանգներին՝ ոչ մի պետական մարմին չի պատասխանել ՊԵՏԱԿԱՆ!!! ԶԼՄ-ի հարցումներին և որևէ քայլ չի ձեռնարկել վնասը մեղմելու համար: Կեղտաջրերը շարունակում են թափվել դեպի ծով՝ աղտոտելով ջուրը և լողափերը դարձնելով վտանգավոր հանրային օգտագործման համար: Առողջապահական մարմինների կողմից այս տարածքներում լողալու շարունակական արգելքները հիշեցնում են աղտոտվածության հետ կապված չլուծված խնդիրների մասին: «Թուրան»-ն ուղղակիորեն դիմել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին և խնդրել ամենաբարձր մակարդակով միջամտել այդ խնդրի լուծմանը։
Նման «հետաքննությունների» համար Ադրբեջանում ամենաքիչն աշխատանքից կհեռացնեին գլխավոր խմբագրին և հոդվածի հեղինակին, իսկ հետո, հավանաբար, կուղարկեին բանտ։ Բայց Ադրբեջանի նախագահն ամեն ինչ անում է ժողովրդավար երևալու համար, քանի որ Արևմուտքում նա, մեղմ ասած, բռնապետի համբավ ունի, իսկ COP29-ից առաջ արժի «ժողովրդավարել» երկրի կերպարը։
Հնարավոր է, որ այս աղմուկն արվել է՝ երկրում առկա ավելի լուրջ բնապահպանական խնդիրները քողարկելու համար։ Չի բացառվում, որ շուտով Իլհամ Ալիևը հրապարակային պարսավանքի կենթարկի 2-3 պաշտոնյաների, աղմուկով նրանց կհեռացնի աշխատանքից և այլն։
Սոցիալական ցանցերում էլ վերջերս տարածվել էին կենցաղային աղբով լի Գեյչա գետի նկարները։ Նշվում է, որ անհասկանալի է, թե ինչպես են պատրաստվում էկոլոգիական զբոսաշրջությունը զարգացնել Ադրբեջանում՝ բնության նման աղտոտվածությամբ։
Ընդհանրապես՝ Ադրբեջանի ԶԼՄ-երում էկոլոգիական թեմաները քննարկվում և ներկայացվում են այնպիսի տրամաբանությամբ, կարծես խոսքը եվրոպական երկրի մասին է։ Կլիմայի փոփոխություն, դեկարբոնիզացիա, էկոլոգիական նոր և բարձր հարկեր, կանաչ էներգիա․․․Սրանք են հիմնական թեմաներն իրենց հանրային քննարկման հարթակում։ Նույնիսկ իրենց Կենտրոնական բանկը հայտարարել է, որ երկրի բանկային պորտֆելի ուղիղ 50 տոկոսը կազմում է վերականգնվող էներգիան։
Բռնապետական Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս ավելի ժողովրդավար երկրներին, այդ թվում` Հայաստանին, թե ինչպես պետք է տանել պետական քարոզչությունը երկրի համար կարևոր իրադարձություններին ընդառաջ, ինչպես նաև թույլ չտալ երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ընկերությունների վերաբերյալ տարածել ոչ հիմնավոր տեղեկատվություն։