կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 12:39
Քաղաքական

Կառավարությունը կախված է օլիգարխներից

Կառավարությունը կախված է օլիգարխներից
Գնահատելով Հայաստանի անկախության անցած 20 տարիները` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, թե առանձնապես շատ բան չունենք նշելու: Նա, որպես 20 տարիների թերացում, նշեց արտագաղթը, տնտեսական ոչ բավարար պայմանները, որ ստեղծվել են Հայաստանում մնացողների համար, ինչպես նաեւ աղետի գոտին, որը 20 տարի անց էլ դեռեւս ամբողջությամբ չի վերականգնվել:

Որպես 20 տարիների ձեռքբերում` Ռիչարդ Կիրակոսյանը նշեց Արցախի անկախության հռչակումը, Ադրբեջանի դեմ պատերազմում հաղթանակը, բայց այստեղ էլ, բանախոսի համոզմամբ,  սխալներ կան: «Նախ` մենք չպետք է հիմնվենք անցյալի ուրախությունների եւ հաջողությունների վրա, պետք է մեր կառավարությունն ու բանակը գնահատենք ներկա գործողությունների հիման վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումներին` բանախոսն ասաց, որ դրանք պետք է համեմատել ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ներքին պահանջների հետ: «Մենք ունենք նաեւ այնպիսի մեծ խնդիր, ինչպիսին կոռուպցիան է: Ամենավտանգավորն այն է, որ անգամ Հայաստանի կառավարությունն այսօր կախվածության մեջ է օլիգարխներից եւ այն հարկերի չափից, որոնք նրանք վճարում են»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայաններին` Կիրակոսյանը հիշեցրեց, որ Հայաստանը միակ պետությունն է, որն իր տարածքում օտարերկրյա ռազմակայան տեղակայելու համար ոչ միայն գումար չի ստանում, այլեւ ինքն է ստիպված լինում վճարել ռազմակայանի գազի, ջրի, էլեկտրականության եւ այլ ծախսերը: «Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է վճարում ղրղզներին` իրենց տարածքում ռազմակայան ունենալու համար, վճարում է նաեւ Բաքվին` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համար: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանին բավարար հարգանքով է վերաբերվում, եւ սխալն այն է, որ Հայաստանը թերագնահատում է իր նշանակություն Ռուսաստանի համար»,- ասաց նա` հավելելով, որ ինքը դեմ կլիներ նաեւ ամերիկյան ռազմակայանների տեղակայմանը, որովհետեւ անկախության համար վիրավորանք է, որ իր սահմանի մի մասը օտար պետություն է պաշտպանում: