կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 15:14
Հասարակություն

ՀՀ պետական սահմաններն արդիականացվում են

ՀՀ պետական սահմաններն արդիականացվում են

Մեկնարկել է ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» եւ «Բավրա» անցակետերի արդիականացմանն ուղղված ծրագիրը. այսօր այն ներկայացնելու նպատակով  հրավիրված աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության  խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Դեռեւս 2 տարի առաջ էր քննարկվում ՀՀ սահմանային ապահովության եւ ռազմավարության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հայտարարվելու է միջազգային մրցույթ, որին կմասնակցեն հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Մրցույթը կհայտարարվի մոտ օրերս: Հաղթող կազմակերպությունն իր աշխատանքը կսկսի 2012 թվականի առաջին եռամսյակում»,- ասաց նա:

ԱԱԽ քարտուղարը նշեց, որ արդեն ավարտվել է անցակետերի արդիականացման աշխատանքների տեխնիկատնտեսական եւ նախագծային փաստաթղթերի կազմումը:

61 մլն դոլար արժողությամբ ծրագրի իրականացման շնորհիվ կմեծանա սահմանի անվտանգության մակարդակը: Մինչ օրս արված աշխատանքները ֆինանսավորվել են նախագծի գործընկերների կողմից, ՀՀ բյուջեից գումար չի ծախսվել:

ՀՀ կառավարությունն իր հաստատակամությունն է դրսեւորել երկրում սահմանների համալիր կաառավարման համակարգի ներդրման ուղղությամբ, ինչի արդյունքում էլ ՀՀ նախագահի հրամանագրով 2010-ի նոյեմբերի 3-ին ընդունվեց ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը:

Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպությունների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ սահմանային անվտանգության ապահովման, պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ:

2010 թվականից Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագիրն աջակցում է Հայաստանին սահմանային կառավարման ոլորտում:

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը Հարավային Կովկասի, ԵՄ անդամ պետությունների եւ միջազգային հանրության շահագրգիռ այլ կողմերի միջեւ, ինչպես նաեւ խթանել անձանց եւ ապրանքների միջսահմանային շարժը: