կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 10:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մատը մատին չեն խփել սահմաններն ամրապնդելու, բանակի մարտունակությունը վերականգնելու համար․ Սեյրան Օհանյան

Հայաստանը թրքացման տանող այս շրջանում յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին, դիմադրողական շարժում ստեղծել, թույլ չտալ, որ այս իշխանությունները կուրորեն Հայաստանը տանեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ և Արցախը տանեն հայաթափման, ադրբեջանականացման, Հայաստանը տանեն թրքացման՝ ըստ Yerkir.am-ի ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ազատության հրապարակում, որտեղ նստացույց է սկսել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ այս իշխանությանը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկը մանդատ չի տվել՝ միայնակ որոշելու Արցախի ճակատագիրը։

Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ Փաշինյանի հայտարարության մասին Սեյրան Օհանյանն ասաց՝ իր խոսքը Արցախի և Հայաստանի հատվածում մեր անվտանագյին համակարգը ձևավորելու մասին է, նաև  բանակի մարտունակությունն արագ վերականգնելու և մեր սահմանները ամրացնելու մասին։

«Այս վերջին ժամանակում տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանին բանակում, մեր սահմանին, բայց ինքն անընդհատ Ոստիկանական զորքերում է երկրի տարբեր հատվածներում։

«Ինքը մտածում է իր սեփական անվտանգության մասին, ոչ թե երկրի և ժողովրդի։ Սահմանին պետք է սահմանապահ կանգնի, բայց դրա պայմանները պետք է լինեն․ սկզբից զինվորները պետք է մեր սահմանն ամրապնդեն, իսկ որպեսզի զինվորներին փոխարինեն սահմանապահները, դրա համար խաղաղության երկարատև պայմանգիր է պետք։ Ոչ մեկը չի ասում՝ չգնալ խաղաղության, մենք էլ ենք կողմնակից խաղաղության, բայց դրա համար պետք են նախապայմաններ, որոշակի աշխատանք։ Հենց այնպես խոսքեր չեն․ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս ընթացքում մատը մատին չեն խփել սահմաններն ամրապնդելու, բանակի մարտունակությունը վերականգնելու համար։ Թող մեծ-մեծ չխոսեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս։

«Ուզում եմ հարց տալ ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իրեն դու՞ր է գալիս այս իրավիճակը, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ստում է և կուրորեն տրվում թուրք-ադրբեջանական խաբկանքին, գումարած դրան՝ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը վախեցած լինի՝ այն դեպքում, երբ առաջին հերթին հենց ինքը՝ Փաշինյանն է վախեցած։ Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է ժողովրդին համախմբել։ Այս շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի, մեկ օրվա, մեկ ամսվա շարժում չէ․ պետք է համախմբվել բոլոր ուժերով։ Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկ է հայտարարել և նստացույց սկսել, ավելի վաղ նույն հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։