Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմությունը հայտարարեց բազմաճակատ և ցանցային պայքարի մեկնարկի մասին, որի նպատակը կանխելն է գործող իշխանությունների ապազգային ընթացքը և ապահովելը Արցախի ու Հայաստանի սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը։
Պայքարը կծավալվի նաև Սփյուռքում։ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի դաստիարակչական հանձնախմբի ատենապետ Ժան Բալջյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ իրենք ևս հետևում են ներհայաստանյան զարգացումներին և միանում են գործողություններին։
«Տորոնտոյում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց մեր բողոքի ցույցն ենք անցկացրել, մեր պահանջատիրությունն ենք ներկայացրել, որ այս վերջին իրադարձությունների ընթացքում մեր երկրի ապահովությունը, սահմանների պաշտպանությունը անձեռնմխելի մնա։ Տորոնտոյում մենք միշտ հետևում ենք և այդ պայաքրին մասնակցում ենք, և մեր ամենօրյա մտահոգություններից է Հայաստանի և Արցախի այսօրվա իրավիճակը»,-ասաց Ժան Բալջյանը։
Նրա համոզմամբ՝ այժմ հայրենիքը պահպանելու հարցն է, և ամեն ոք պետք մտածի, որ հենց ինքը պետք է պայքարի, ոչ թե մեկ ուրիշը։
«Ի վերջո, մեր լինելու և չլինելու հարցն է, և Սփյուռքը, Արցախը, Հայաստանի Հանրապետությունը այս իմաստով միակամ են։ Մանավանդ Սփյուռքը, որտեղ մենք օր ու գիշեր Հայ դատի հանձնախմբերի միջոցով տեղի քաղաքական անձնավորությունների հետ միշտ հանդիպումների մեջ ենք, մեր ճնշումներն ենք բանեցնում, մեր պահանջները ներկայացնում։ Եվ կարծում եմ՝ ընդդիմության պայքարը անպայման արդյունք կտա վերջում, քանի որ ազգի ու հայրենիքի պահպանման հարց է»,-ասաց կանադահայ գործիչը։
Սփյուռքի դերակատարությունը մեծ է, փաստեց նա, ճիշտ է՝ Հայաստան ու Արցախ գոյություն ունեն, բայց Սփյուռքը 7 միլիոն է, Հայաստանն ու Արցախը 3 միլիոն։
«Ավելին, մենք պահանջատեր ենք, որովհետև մեր մեծամասնությունը Արևմտյան Հայաստանից է գալիս և Արևմտյան Հայաստանի իրավունքները մեզ են պատկանում։ Այո, ՀՀ այսօրվա իշխանությունները բանակցում են Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Արցախի հարց գոյություն ունի, բայց նաև գոյություն ունի Ցեղասպանության ճանաչման հարց, նաև գոյություն ունի Արևմտյան Հայաստանում մեզ պատկանող հողերի հարց, այս պատճառով է, որ միշտ ասում ենք՝ այսօրվա ՀՀ իշխանությունները իրավունք չունեն այդ իմաստով որևէ համաձայնություն ստորագրելու կամ որևէ զիջում անելու, որովհետև մենք մնում ենք պահանջատեր մեր հայրենիքին․ Հայ դատը մեր հայրենիքն է, Հայ դատը մեր հայրենիքի մասն է կազմում»,-ասաց Ժան Բալջյանը։
Այս պատճառով է, որ նա նկատում է՝ Թուրքիայի նպատակներից մեկն էլ Սփյուռքը ջլատելն է, Ցեղասպանության հարցը փակելը և Արևմտյան Հայաստանի պահանջատիրության հայերի իրավունքները մոռացնել տալը, ինչը հայ ազգը պիտի չարտոնի։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․