կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 13:17
Քաղաքական

Վիկիլիքսյան հրապարակումները չեն ազդի ընտրությունների ընթացքի վրա

Վիկիլիքսյան հրապարակումները չեն ազդի ընտրությունների ընթացքի վրա

«Վիկիլիքսը» ոչ մի բանի ապացույց չի համարվում, որովհետեւ միանգամայն ակնհայտ է, որ ցանկացած տեքստ կարելի է գցել այնտեղ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա` այն մարդիկ, ովքեր տարբեր երկրներում հրաժարվում են, թե նման բան են ասել, որեւէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվում, որովհետեւ նրանք կարող են ասել` ապացուցեք, թե որտեղից է նման տեքստ հայտնվել:

«Ես, ընդհանուր առմամբ, հավատում եմ այդ տեքստերում գրվածին մի շատ պարզ պատճառով` ես շատ լավ հասկանում եմ դիվանագետների աշխատանքը, որոնք ամբողջ ժամանակ զրուցում են տարբեր մարդկանց հետ: Այդ մարդիկ նրանց անընդհատ ինչ-որ բան են պատմում, նրանք էլ այդ խոսակցությունները հավաքում են եւ ուղարկում իրենց ղեկավարությանը, դա նրանց ամենօրյա աշխատանքն է: Ինձ համար ընդհանրապես որեւէ նոր բան վիկիլիքսյան ոչ մի փաստաթղթում չկա: Օրինակ` ասվում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրություններին հավաքել է ոչ թե 21,5, այլ 35 տոկոս. ի՞նչ է, մենք նման խոսակցություններ չէի՞նք լսել»,- տարակուսեց քաղաքագետը` հավելելով, որ չի կարծում, որ վիկիլիքսյան հրապարակումները որեւէ լուրջ ազդեցություն կթողնեն Հայաստանի քաղաքական դաշտի եւ ընտրությունների ընթացքի վրա: