Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վաղուց հնացած և հաճախակի խցանվող խողովակների պատճառով պրոբլեմային դարձած խմելու ջրի խնդիրը լուծվեց. շատ համայնքների պես ջրատար խողովակների նոր ցանց անցկացվեց նաեւ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում:
Սակայն նոր ջրագիծը շրջանցում է գյուղական ամբուլատորիան, այնինչ առաջին հերթին ջրով անհրաժեշտ է ապահովել հենց այս հիմնարկությունը` տարաբնույթ հիվանդների և այցելուների հետ ամենօրյա ակտիվ շփման պայմաններում հիգիենայի տարրական կանոնների պահպանման համար:
Ամբուլատորիայի աշխատակիցներն արդեն երկար ժամանակ է` ջուրը դույլերով բերում են մոտակա աղբյուրից, հավաքում մեծ տարայի մեջ, ախտահանում քլորով և նոր օգտագործում: Ծայրահեղ դեպքում բուժանձնակազմն օգտվում է բժշկական սպիրտից` միայն ձեռքերն ախտահանելու համար: Նշենք, որ ամբուլատորիան սպասարկում է ոչ միայն տվյալ համայնքի, այլև հարևան գյուղերի բնակչությանը:
Ինչպես նշում է բժշկուհի Հասմիկ Ղազարյանը, գյուղապետարանն իրենց խոստացել էր ջրի խնդիրը վերջնականապես լուծել. «Մեզ խոստացել են, որ օրերս, առանց վնասելու ճանապարհի ասֆալտը, կլուծվի այդ հարցը»:
Սակայն մինչ այդ բուժանձնակազմը շարունակում է ջուր կրել` սպասելով ջրատար խողովակի անցկացմանը:
Վարդուհի ՄԿՐՏՉՅԱՆ