կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 02:10
Հասարակություն

Մեղավորը ջուրն էր

Մեղավորը ջուրն էր

Նուբարաշենի 11-րդ փողոցի բնակիչները, ովքեր աղեստամոքսային խանգարումներ են ունեցել ջրի որակական փոփոխության պատճառով, հետագայում առողջական բարդություններ չեն ունենա: Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ համաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը նշեց, որ այս դեպքի պատճառով ծանր հիվանդներ չունեն, աղեստամոքսային հիվանդությունները եղել են թեթեւ ու միջին բարդության:  

Առողջապահության նախարարության մասնագետներն առկա տվյալների հիման վրա համաճարակաբանական ուսումնասիրություն եւ ջրագծերի քարտեզագրում են կատարել. հայտնաբերվել է ջրագծի 1 վթար` նույն փողոցի 16-րդ տան հարեւանությամբ:

«Վթարը մեր մասնագետների կողմից հայտնաբերվել է եւ անմիջապես վերացվել: Մենք նախ առաջարկեցինք աղտահանել ջուրը` քլորացնելով: Երկրորդ` բնակչությանը տեղեկացրինք, որ ջուր չօգտագործեն»,- ասաց Ա. Վանյանը` հավելելով, որ այս աշխատանքներից հետո հիվանդներ այլեւս չեն եղել, ինչն էլ ապացուցում է, որ իսկապես ջուրն է եղել վարակի պատճառը:

Համաճարակաբանական ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ վթարը, ամենայն հավանականությամբ, եղել է հունիսի 1-2-ին:

«Հնարավոր է, որ վթարը մոտ 10 օր առաջ է եղել, բայց քանի որ ջրի ճնշումը բարձր է եղել, ապահովվել է 24-ժամյա նորմալ ջրամատակարարում, խնդիրներ չեն եղել: Իսկ երբ ճնշումը նվազել է, ամբողջ աղտոտվածությունը ներքաշվել է խողովակ եւ փոխանցվել բնակչությանը»,- նշեց Ա. Վանյանը:

Ինչ վերաբերում է վթարի հետեւանքներին, մասնագետն ասաց, որ, բարեբախտաբար, վթարը խոշոր չի եղել, հակառակ դեպքում` մահվան դեպքեր էլ կարող էին գրանցվել:

Հարցին, թե արդյո՞ք «Երեւան Ջուրը» պատասխանտվության չի ենթարկվելու դրա համար, Արտավազդ Վանյանը պատասխանեց, որ իրենց գործը եղել է խնդիրը բժշկական տեսանկյունից ուսումնասիրելն ու համապատասխան եզրակացություններ անելը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-7-ը աղիքային խանգարումներով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց 67 մարդ էր տեղափոխվել: Ներկայումս բոլորը դուրս են գրվել` լավացել են:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, եւ եթե դատարանը մեղավոր ճանաչի «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին, ապա վերջինս կպարտավորվի փոխահատուցել բոլոր տուժածներին: Այս մասին ասել է ընկերության հաճախորդների հետ փոխահարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը:

Համաճարակաբանն ասում է, թե պատճառը ջուրն է եղել, իսկ թե ի՞նչ կասի դատարանը, սպասենք...

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ