կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 16:44
Առանց Կատեգորիա

Ներկիր ինքդ

Ներկիր ինքդ

Երկրի հասարակական կյանքի անհանգստացնող ռեալ պասիվությունը մի թեթև քողարկելու համար պետությունը հնարում է դոպինգ ծրագրեր: Ու երկիրն, անկախ իրենից, ապրում է ծրագրերով, օրինակ` «Արի տուն», «Գնա հետ», «Հայաստանը դու ես», «Ներկիր ինքդ»: Վերջին ծրագրի մասին ոչ մի բան չի հայտարարվել, բայց ամեն օր մասնակցում ենք, էլի անկախ մեզնից, որովհետև մենք չենք ներկում, այլ` մեզ, ավելի ճիշտ` մեր շենքերը:

«Ներկիր ինքդ» մանկական ժամանցային գրքերը գիտեք բոլորդ, երևի: Ուրվագծված նկարներով, բայց չներկված գրքեր կան: Փոքրիկների երևակայությունը զարգացնելու համար նրանց առաջարկվում է ներկել պատկերները:

Նույն տարբերակով, բայց վստահաբար չեմ կարող ասել, թե նույն նպատակով առաջարկվում է ներկել մեր քաղաքի շենքերը:

Իմ մտերիմներից` հասարակական կյանքին իր մասնակցությամբ ամենապասիվ մարդկանցից մեկը, որն ապրում է քաղաքի, ըստ իս, ամենաշքեղ շենքում, հասցեն `Տերյան 62, իրենց շենքի «ներկիր ինքդ» ծրագրի իրականացման պահին հասարակական աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ու հավաքում քաղաքապետարանի համարը, պահանջում միացնել այն բաժնի հետ, որը պատասխանատու է քաղաքի շենքերի գունավորման համար եւ սկսում պայքարել հանուն իրենց ու մնացած շենքերի տեսքի պահպանման:

Նրան պատասխանում են. «Անհոգ եղեք, դրանով զբաղվում են պրոֆեսիոնալ դիզայներներ»: Սա նշանակում է, որ եթե գույնը, որի մեջ կորում է ձեր շենքը, ձեզ դուր չի գալիս, մի' անհանգստացեք, դա դեռ չի նշանակում, որ գույնը վատն է, քանի որ դրանով զբաղվում է դիզայներների, ճարտարապետների պրոֆեսիոնալ կազմ:

Գույնի ընտրությամբ հոգեբանները սովորաբար շատ բան են որոշում մարդու բնավորության, տվյալ պահի տրամադրության  մասին: Ի՞նչ կարելի է ասել դիզայներական խմբի մասին, որոնք  ներկում են քաղաքը:

Հաշվի առնելով, որ գույների մեջ գերակշռում է կալիումի պերմանգանատի գույնը` դիզայներական խումբն ունի բարձր ակտիվություն, ուրախ տրամադրություն, ինչը, սակայն ճիշտ տեղում չի գործածվում:

Վարդագույն քաղաքն աստիճանաբար դառնում է կալիումի պերմանգանատի ցուցափեղկ, որտեղ ցուցադրված են դրա տարբեր երանգները: Իսկ այն, ինչ պատահեց բժշկական համալսարանի շենքի հետ, համարժեք է դժբախտության:

Երբևէ քարը չի ներկվել: Քարն ինքը արժեքավոր է` առանց ներկի: Բայց մեր դիզայներական խումբը, քանի որ գերադասում է կալիումի պերմանգանատի ակտիվացնող գույնը, էքստազի հանդեպ ընդգծված հակում ունի ու էքստազի պահին ներկում է նաև քարերը:

Հոգեբանական տեսանկյունից երևույթին հետևելու դեպքում կարելի է ենթադրություն անել` բոլորովին չի բացառվում, որ պերմանգանատի նկատմամբ անառողջ սևեռում ունեցող դիզայներական խումբը չի ներկի նաև քաղաքի հուշարձանները` թարմացնելու նպատակով:

Դիզայներական խմբի անդամների անունները, ի դեպ, չեն հրապարակվում, հավանաբար պետության անվտանգության նկատառումներից, որովհետև հարևան Վրաստանը կամ առավել ևս թշնամական Ադրբեջանը կարող են ոտնձգություն անել մեր դիզայներների հանդեպ:

Մի դարպաս ներկելու համար «Միմինոյի» հայտնի պերսոնաժը մի քանի անգամ հարցնում է. "А может этот колор?": Գուցե արժեր գոնե մի անգամ հարցը հնչեցնել: Մարդ ենք, մենք էլ մի գույն կառաջարկեինք, ասենք` էլեկտրիկ կապույտ, օրինակ` Ազգային ակադեմիայի շենքը ներկելու համար:

Հետո կարելի է նաև կաֆելապատել որոշ շենքեր, ասենք` «Կերամա մարացի» սալիկներով: Կլինենք առաջինը աշխարհում: Կան նաև լվացվող պաստառներ: Ինչու չպաստառապատել «Ռաշ» պաստառներով, օրինակ, Ազգային ժողովի շենքը:

Վերջերս քաղաքապետարանի ավագանու անդամ մի նկարիչ-դիզայներ փակվող կրպակների դեմ բողոքող ժողովրդին ու նրանց սատարող պատգամավաորներին անվանել էր  «ծաղրածուներ»` ասելով, որ ինքը միայն քաղաքի դիզայնի համար է պատասխանատու: Ասա` ով է դիզայներդ, ասեմ` ինչ քաղաք ես դու:

Իսկ դիզայներների մի մասն էլ գերադասում է հեպատիտ A-ի գույնը` թեթև դեղնություն գունատ քաղաքի վրա:

Հումորը` հումոր: Բայց սա միակ դեպքն է, երբ դժգույն լինելը գերադասելի էր:

 

Լուսինե Հովհաննիսյան