Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երգերը ծառաբնի նման իրենց մեջ են կրում ժողովրդի տարիքը, պատմության շերտերը, և հերիք է երգը մոտեցնես շուրթին, որ լսվի բարձրացող քաղաքների շնչառությունը, տաճարների տագնապած զանգերը, կռվող բերդերի թնդյունը»,- ասել է հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը:
Երեկ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 111-րդ տարեդարձին նվիրված երեկո, որն ուղեկցվեց «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսով:
Միջոցառումը նախաձեռնել և վարում էր «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն, որի նախագահը ջութակահար Նարինե Դելլալյանն է /Հայրիկ Մուրադյանի հարսը/: Երեկոն սկսվեց` Արցախում զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Yerkir.am-ի հետ զրույցում Դելլալյանը նշեց, որ իրենք բավական երկար մտածում էին` արդյո՞ք արժե կյանքի կոչել միջոցառումը` ԼՂ դեպքերի հետ կապված, սակայն, ի վերջո, որոշել են այն իրականացնել, քանի որ մեր հայրերն էլ մարտի մեկնելուց առաջ հայրենասիրական երգեր էին լսում ու կատարում:
«Հայրիկ Մուրադյանն ասում էր, որ այս երգերը լռելու իրավունք չունեն: Հայրիկ Մուրադյանը եղավ այն կորիզը, որի շուրջը համախմբվեցին մի շարք այլ կատարողներ, նա կարծես մագնիսի պես իր շուրջն էր հավաքել նվիրյալների: Ուրախ եմ, որ Հայրիկի գործը շարունակողներ ունեցավ` նրա դուստրը` Մարո Մուրադյանը, որը հիմնեց «Ակունք» համույթը: Այն, ի դեպ, վերջերս պետական կարգավիճակ ստացավ և արդեն նոր ղեկավար ունի` Արթուր Շահնազարյանը»,- ասաց Դելլալյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ձայնասկավառակում Հայրիկ Մուրադյանի կատարմամբ 30 երգ է, որոնց մի մասն իրենց ընտանեկան արխիվից է, իսկ մյուսը մասը Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդն» է տրամադրել:
Արթուր Շահնազարյանը նշեց, որ Հայրիկ Մուրադյանը ժառանգն է այն մարդկանց, ովքեր նրանից առաջ հսկայական գործ արեցին` փրկելով հայկական ազգային երգերը` Գարեգին Սրվանձտյան, Կոմիտաս, Տիգրան Չիթունի: «Հայրիկ Մուրադյանի դերն անգնահատելի է, նա սովորեցրեց, տարածեց այդ երգերը, քանի որ դրանց մեծ մասը մնացել էին դարակներում: Նրա շնորհիվ քանի-քանի սերունդ է կրթվել այդ երգերով: Կոմիտասը գրառել է 3000 երգ, դրանցից փրկվել է ուղիղ կեսը, իսկ այսօր կատարվում է ընդամենը 250-ը: Ցավն այն է, որ մեր սերունդը տեսել է էրգրի մարդկանց, և կուզեի, որ նոր սերունդն ուղղակի կարողանա պահպանել մարդու այդ տեսակը: Հայրիկն այդ տեսակը կրողներից մեկն էր»,- ասաց նա:
Դիրիժոր, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դանիել Երաժիշտը մեջբերեց Կոմիտասի խոսքերը. «Երաժշտությունը հայելին է ցեղի»: Ըստ նրա` Հայրիկ Մուրադյանը կարողացավ անաղարտ պահել այդ հայելին այդքան ծուռ հայելիների մեջ: «Նա մահվան ճիրաններից փրկեց այս երգերը: Հայրիկ Մուրադյանի երգերը բանալիներ են, որոնք մի օր բացելու են Երկիր դրախտավայրի դռները»,- ասաց Դանիել Երաժիշտը: