Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 16:40
Մշակույթ

Առաջին փորձը շրջան է` նվագախմբին և դիրիժորին ճիշտ «ալիքի» վրա դնելու, նաև` որ ինքդ էլ նրանց ջրերով հոսես. Վադիմ Ռեպին

Առաջին փորձը շրջան է` նվագախմբին և դիրիժորին ճիշտ «ալիքի» վրա դնելու, նաև` որ ինքդ էլ նրանց ջրերով հոսես. Վադիմ Ռեպին

Վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կտրվի Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015-2016թթ. համերգաշրջանի բացման մեկնարկը:

Այսօր ՀԱՖՆ-ի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը լրագրողներին հայտնեց, որ փառատոնն այս տարի նվիրվում է նվագախմբի հիմնադրման 90-ամյակին, ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Փառատոնը մեր երաժշտական աշխարհի կարևոր իրադարձություններից մեկն է: Այս անգամ էլ փորձել ենք մեծ երաժիշտների հրավիրել Հայաստան: Հենց առաջին իսկ համերգին ելույթով հանդես կգա աշխարհահռչակ ռուս ջութակահար Վադիմ Ռեպինը: Ավելին` բոլոր համերգներին յուրահատուկ երաժիշտների ենք հրավիրել, նաև` լավ պատրաստվել»,- ասաց նա:

Թոփչյանը նշեց նաև, որ տարեցտարի փառատոնն արձանագրում է հանդիսատեսի թվի աճ, և հատկապես ուրախալի է, որ համերգներին մեծ թվով երիտասարդներ են գալիս:

Վադիմ Ռեպինը, ով այսօր արդեն հասցրել է փորձ ունենալ ֆիլհարմոնիկի հետ, նշեց, որ առաջին փորձը կարծես շրջան է` ճիշտ «ալիքների» վրա դնելու թե՛ նվագախումբը, թե՛ դիրիժորին, նրանք էլ երաժշտին իրենց «ալիքով» են տանելու: Ռեպինը, մի խոսքով, շատ գոհ էր փորձից:

«Ես գիտեմ, որ այս փառատոնը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց եթե որևէ իրադարձության էլ նվիրված չլիներ, ես, միևնույն է, մասնակցելու էի դրան: Կուզեի ասել, որ յուրաքանչյուր փառատոն առաջին հերթին տոն է, երաժշտության տոն, ուստի այն պետք է ուղղակի վայելել»,- ասաց Ռեպինը:

Նա խոստովանեց, որ ջութակի ընտրությունը պատահական է եղել, քանի որ դպրոցում այլ գործիքի դասարաններ չեն եղել` առհասարակ: «Ես փոքր ժամանակ մայրիկիս խնդրում էի, որ ինձ համար խաղալիք երաժշտական գործիքներ գնի, և ես շատ խաղալիք գործիքներ ունեի, բայց ջութակ դրանց մեջ չկար: Ջութակին սիրահարվել եմ, երբ առաջին անգամ այն ձեռքս վերցրի, ինձ գրավեց նրա բարդ կառուցվածքը, այն նման չէր ոչ մի բանի: Իսկ հետո արդեն ջութակի նկատմամբ սերը կարծես թմրանյութի պես ինձ տարավ իր հետևից. տարեցտարի այն ավելի էր լրջանում ու խորանում»,- պատմեց Ռեպինը:

Ի դեպ, վաղվա համերգային ծրագրում ընդգրկված են Բրուխի և Մալերի ստեղծագործություններից: