Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը կազմել է 131.5 մլրդ դրամ, ինչը 62 տոկոսով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որպես վերջին 9 ամիսների ձեռքբերում, նշում է հացահատիկային մշակաբույսերի ծավալների ավելացումը, ինչը, ըստ նրա, կառավարության մշակած սերմնաբուծության ծրագրի արդյունքն է. «Ներկրված սերմացուի շնորհիվ 90 հազար տոննա ավելի բերք ունեցանք»:
Ըստ նախարարի` այս տարի Ռուսաստանից ստացված 1150 տոննա էլիտար սերմացուն արդեն բաշխվել է մարզերին, ցանքն ընթացքի մեջ է, որի արդյունքում այս տարի հավանաբար կունենանք աշնանացան ցորենի` 17 հազար հեկտարով ավելի ցանք, գարնանացանն էլ հավելած՝ 18-20 հազար հեկտարով ավելի: Այսպիսով, ըստ գյուղնախարարության փաստաթղթերի, հացահատիկային մշակաբույսերի տարածքները կկազմեն 420 հազար հեկտար:
Իսկ հողագործների բողոքները, թե բաժանվել է երկրորդ տարվա սերմացու, նախարար Կարաապետյանը չի ընդունում` արդեն որերորդ անգամ դեմ կանգնելով գյուղացիներին. «Շատ վատ են անում, որ բողոքում են»:
Պարոն նախարարին հիշեցնենք, որ յուրաքանչյուր հայ հողագործ այս 20 տարիների ընթացքում դարձել է նաեւ գյուղատնտես, շատ բան է հասկանում ու տարբերում է սերմացուի որակն ու տեսակը: Իսկ գյուղատնտեսության նախարարը, որ ստացել է իր փափագած նախարարական պորտֆելը, պետք է գիտակցի, որ որոշ ժամանակ անց հնարավոր է անցնի հին գործին` «Արտֆուդ» վերադառնա ու գործ ունենա պտուղ-բանջարեղեն արտադրողի հետ:
Նախարարը նաեւ նշում է, որ այս տարի 3300 տ առաջին վերարտադրության սերմ է տրամադրվել: Երկրորդ կարեւոր ձեռքբերումը, ըստ Կարապետյանի, այն է, որ այս տարի մթերումների «լավ» են կազմակերպվել. «Պտուղ-բանջարեղենի մթերումը դեռ շարունակվում է: Արտադրվել է 175 հազար տոննա խաղող՝ անցած տարվա 222 հազարի փոխարեն, մթերվել է 106 հազար տոննա՝ անցած տարվա 134 հազար տոննայի փոխարեն, իսկ գինը 130 դրամ է եղել, եւ միայն Տավուշում է մթերվել 120 դրամով: Պտղի արտադրությունն ավելի է 42 հազար տոննայով, բոստանային մշակաբույսերինը՝ 23 հազար տոննայով»:
Հայաստանի անասնաբուծության ոլորտի կապակցությամբ նախարար Կարապետյանի ուախությանը չափ չկա. ոչխարի եւ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է: Այսպես` այս տարի տավարի գլխաքանակն ավելացել է 3700-ով, իսկ ոչխարի գլխաքանակը` 38.500-ով:
Այստեղ էլ է հարց առաջանում, ի՞նչ տվյալներով է առաջնորդվում նախարարությունը` մարզպետարանների կողմից նկարված թվերի՞: Yerkir.am-ի թղթակիցն անցած մեկ ամսում, լինելով տարբեր համայնքներում, որտեղ նախկինում զարգացած է եղել ոչխարաբուծությունը, պարզել է, որ այդ ոլորտն անկում է ապրում: «Չկա: Ոչխար թողեցի՞ն, որ հիմա էլ մենք արտադրենք: Ինչքան մայրեր կային տարան, ինչպե՞ս պիտի բուծենք»,- ասել էին մեր թղթակցին:
Իհարկե, Ս. Կարապետյանը միայն ձեռքբերումներ չի նշում, ըստ նրա` շատ բացթողումներ, չլուծված հարցեր էլ կան, բայց «կառավարությունը միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման համար»: Օրինակ` «մտահոգիչ է», որ կաթնամթերքի արտադրության մեջ գրեթե 80 տոկոսով օգտագործվում է կաթի փոշի, սակայն այդ կապակցությամբ Սննդի անվտանգության ծառայությունը հայեցակարգ է մշակել, որի համաձայն՝ հաջորդ տարվա հունվարից կաթնամթերքի վրա պարտադիր կնշվի կաթի փոշու պարունակության տոկոսային հարաբերակցությունը:
Իսկ վերջում միայն «լավ» թվեր` տարեվերջին կաթի հավելումը կկազմի 13 հազար տոննա, մսինը՝ 3,500 տոննա, ինչը, վերջին 2 տարվա կտրվածքով, աննախադեպ է: