Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի հետ 2010-ի հունվարի 15-ին հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին, սակայն առիթը բաց չի թողել Հայաստանից բողոքելու:
Նա նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ չի ընդունում մադրիդյան սկզբունքները, նաեւ ֆինանսապես օգնում է Լեռնային Ղարաբաղի «անջատողականներին»: Ալիեւը հայտարարել է, որ ինքը համոզված է, որ հենց «անջատողականներն են» ստիպում Հայաստանին չընդունել Մադրիդյան սկզբունքները:
Նա նաեւ քննադատել է ԱՄՆ Կոնգրեսին, որը ԼՂ-ին տարեկան 8 մլն դոլար է տրամադրում` «որպես մրցանակ վատ պահվածքի համար»: Ի պատասխան` Մորնինգսթարն ասել է, որ այդ ֆինանսավորումը չի տրվում ԼՂ կառավարությանը, դա մարդասիրական օգնություն է, նա նաեւ վստահեցրել է, որ ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ հարցում չի փոխվել:
Մորնինգսթարը Ալիեւից հետաքրքվել է, թե ինչպես է վերաբերվում Վլադիմիր Պուտինի այն հայտարարության, թե հայ-թուրքական արձանագրությունների եւ Ղարաբաղյան հակամարտության միջեւ կապ չկա: Ալիեւը պատասխանել է, որ նախագահ Մեդվեդեւն իրեն վստահեցրել է, որ Ռուսաստանն այդ դիրքորոշումը չունի, սակայն չի կարող հրապարակայնորեն հայտարարել այդ մասին:
Ալիեւը համարում է, որ հայ-թուրքական գործընթացը, առանց ԼՂ հարցում առաջընթացի, Ռուսաստանին Ադրբեջանի հետ հարաբերություններում ավելի շատ լծակներ կտա, եւ նրանք պետք է աջակցեն Հայաստանին: Նա հավելել է, որ Ռուսաստանը կարեւորում է սահմանների բացումը` հատկապես զենքի ու այլ ապրանքների Հայաստան մատակարարելու տեսանկյունից: Եվ եթե հայ-թուրքական հաշտեցումը, առանց ԼՂ հարցում առաջընթացի, հաջողվի, դա կվատացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Արդյունքում կշահի Հայաստանը, Թուրքիան` «ժամանակավորապես», իսկ Ռուսաստանը կստանա ամեն ինչ: Ալիեւը բացատրել է, որ Թուրքիան ժամանակավորապես կշահի, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը դարձյալ օրակարգում կհայտնվի: Իսկ Ադրբեջանը կպարտվի, քանի որ Մինսկի գործընթացը կդադարեցվի, եւ թուրք-ադրբեջանական հարաբերություններին անվերականգնելի վնաս կհասցվի:
Ալիեւը խոստովանել է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացն իրենց համար շոկ է եղել, ընդ որում, ըստ նրա, Թուրքիան ամեն ինչ լավ հաշվարկել էր, եւ գործընթացը սկսել այն բանից հետո հետո, երբ արդեն համաձայնագիր կար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վերաբերյալ: Ադրբեջանն այդ քայլը համարում է «ոչ բարեկամական» եւ կասկածներ ունի, որ թուրքերը թաքցրել են իրենց իրական մտադրություններն այն ժամանակ:
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ մինչեւ կոկորդը կուշտ են Թուրքիայի` կրոնական ծայրահեղականությունը Ադրբեջան ներմուծելու փորձերից, հատկապես` կրթական համակարգի միջոցով: Ադրբեջանը պայքարում է «այդ նեոօսմանիզմի դեմ»: Նախագահը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան Ադրբեջանը դիտարկում է որպես «հետնաբակ», մինչդեռ իրենք ցանկանում են հավասար, նորմալ, եղբայրական հարաբերություններ:
«Ադրբեջանը Թուրքիայի խորհուրդների ու ազդեցության կարիքը չունի»,- ասել է Ալիեւը` հավելելով, որ նախկինում երկու երկրների արտաքին քաղաքականությունները համընկնում էին, իսկ հիմա Թուրքիան այլ քաղաքականություն է վարում Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ այլ երկրների հետ: