Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը փորձել է կապ հաստատել վրացական իշխանություննրի հետ, սակայն ապարդյուն:
...Երևանում Միացյալ Նահանգների դեսպանության նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, նկարագրելով Հայաստանի ղեկավարության շրջանում ռուս-վրացական պատերազմի օրերին տիրող տրամադրությունները, գրել է. «Հայաստանի նախագահի բարձրաստիճան խորհրդականը մեզ հայտնեց, որ նախագահ Սարգսյանը ցանկացել է Մեդվեդևին Սահակաշվիլիին զանգահարել նույն օրը՝ կողմնակալության մեղադրանքներից խուսափելու համար: Մեդվեդևը, ի տարբերություն Սահակաշվիլիի, պատասխանել է Սարգսյանի հեռախոսազանգին, ինչը որոշակի ռուսամետության տպավորություն է ստեղծել: Սահակաշվիլիի հետ կապ հաստատելու մի շարք փորձերից հետո Սարգսյանը, ի վերջո, նամակի տեսքով է իր աջակցությունը հայտնել վրացական կողմին: Այդ պահին տեղական ընդդիմադիր մամուլն արդեն իսկ խստորեն քննադատում էր Սարգսյանին միայն Մեդվեդևին զանգահարելու համար՝ նրան մեղադրելով Հայաստանի ազգային շահերի գնով Ռուսաստանին քծնելու փորձերի մեջ»:
Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղղված իր նամակում նաև գրում է, որ վրացի պաշտոնյաները խուսափել են հայաստանցի իշխանավորների հետ դեմ առ դեմ հանդիպումներից:
Օգոստոսի 15-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ի գործերի հավատարմատարի հետ առանձնազրույցի ընթացքում իր խորին հիասթափությունն է հայտնել Վրաստանի «թշնամական պահվածքի» առթիվ: Նալբանդյանը Փենինգտոնին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետը մեկ շաբաթ է, ինչ չի կարողանում կապ հաստատել Վրաստանի իր պաշտոնակցի հետ:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ամերիկացի դիվանագետին նաև պատմել է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Էկա Տկեշելաշվիլին, օգոստոսի 15-ի վաղ առավոտյան Թբիլիսի վերադառնալու ճանապարհին գտնվելով Երևանի օդանավակայանում, հրաժարվել է հանդիպել իր հայաստանցի գործընկերոջ հետ: Վրաց նախարարն այս մերժումը պատճառաբանել է «անհապաղ Վրաստան վերադառնալու» հրահանգով:
Փենինգտոնի հետ հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշել է. «Հայաստանի կառավարությունը խուսափում է Վրաստանի հասցեին ցանկացած բացասական հրապարակային հայտարարությունից: Եթե նման հայտարարություն այնուհանդերձ հնչեցվի, Ջավախքի հայության արձագանքը կարող է շատ վտանգավոր լինել Վրաստանի համար»:
Հայաստանի արտգործնախարարը, սակայն, հավելել է. - «Մենք չենք օգտագործի այս խաղաքարտը, պարզապես սա է իրականությունըե:
Ամերիկացի դիվանագետը նաև տեղեկացնում է, որ վրաց-ռուսական պատերազմի ընթացքում հայկական կողմը փորձ է կատարել միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Թբիլիսիի միջև` հաշվի առնելով այն իրողությունը, որ նախագահ Սարգսյանը բավական լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի մյուս ղեկավարների հետ:
«Թբիլիսիում Հայաստանի դեսպանության միջոցով Վրաստան ուղարկված այս առաջարկը ևս անպատասխան է մնացել», - նշում է Փենինգտոնը:
«Երևանում ենթադրում են, որ վրացական կողմը ռուսների հանդեպ ունեցած իր զայրույթը վերահասցեագրում է Հայաստանին` այս երկիրը դիտարկելով որպես Ռուսաստանի մերձավոր դաշնակից և մի պետություն, որին ճնշելը շատ ավելի դյուրին է: Իրականում Հայաստանի ղեկավարները չեն ցանկանում Ռուսաստանից լիակատար կախվածության մեջ լինել և Վրաստանի հետ ամուր, բարիդրացիական կապերի ամրապնդումը դիտարկում են որպես իրենց երկրի ռազմավարական շահ: Բայց եթե Վրաստանը շարունակի նման սառը վերաբերմունք ցուցաբերել, ապա չի բացառվում, որ Հայաստանի ղեկավարները սկսեն հրապարակայնորեն, մամուլում արտահայտել իրենց դժգոհությունը: Հայաստանի ղեկավարաները նման քայլի կարող են դիմել մի կողմից զայրույթից դրդված, մյուս կողմից` ինքապաշտպանության անհրաժեշտությունից ելնելով` չեզոքացնելու համար ընդդիմության քննդատությունը», - նշված է Երևանում ամերիկյան դեսպանատան հաշվետվության մեջ: