կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 12:35
Հասարակություն

Մի գիրքը էժան, մյուսը` թանկ

Մի գիրքը էժան, մյուսը` թանկ

ՀՀ ԿԳՆ նախարարության կողմից հաստատվել են 2011-2012 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի վարձավճարները:

Առաջին և երկրորդ դասարանների դասագրքերը տրամադրվում են անվճար, բացի երկրորդ դասարանի ռուսաց լեզվի եւ երաժշտության դասագրքերից, որոնք համապատասխանաբար արժեն 450 և 370 դրամ:

3-4-րդ դասարանների գրքերի միայն մի մասն է վճարովի, իսկ 5-12-րդ դասարանների գրքերի գները տատանվում են 250-530 դրամի սահմաններում: Օրինակ` 250 դրամ արժե հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասագիրքը, 380 դրամ` հանրահաշվի, երկրաչափության, համաշխարհային պատմության, տեխնոլոգիայի դասագրքերը եւ 530 դրամ` ռուսաց լեզվի, քիմիայի, աշխարհագրության դասագրքերը:

Գրքերի տարբեր չափի վարձավճարների վերաբերյալ Դասագրքերի շրջանառության հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանը մեկնաբանեց, որ 4-5 տարվա ընթացքում այդ վճարներից հավաքվում է այն գումարը, որը ծախսվել է տվյալ գրքի վրա:  «Օրինակ` հումանիտար հոսքի դասագրքի վրա ծախսվում է 2700-6000 դրամ, և տարիների ընթացքում այդ գումարը վճարվում է»,- ավելացրեց պարոն Գարեգինյանը:

Դասագրքերի մի մասի համար սահմանված է 5 տարի օգտագործման ժամկետ, օրինակ` քիմիա, կենսաբանություն, հայոց պատմություն, իսկ տարրական դասարանների դասագրքերի համար սահմանված է 3 տարի օգտագործման ժամկետ: