Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շատ հաջող փիար ակցիա է, ինչը բնորոշ է ե'ւ թուրքական քաղաքականությանը, ե'ւ կոնկրետ Էրդողանին` որպես անձ, որովհետեւ նա սիրում է նման աղմկալի փիար ակցիաներ անել. անդրադառնալով Թուրքիայում ապրող ազգային փաքրամասնությունների սեփականությունը վերադարձնելու որոշմանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այս քայլին գնալու պատճառներից մեկն էլ այն է, որ Եվրադատարանը հեղեղված է համայնքային սեփականությանը վերաբերող դատերով, որոնք Թուրքիան սովորաբար չի շահում, եւ հույս կա, որ այս որոշմամբ համայնքային խնդիրները կլուծվեն: Ըստ թուրքագետի` սա նաեւ փորձ է` շահելով ստամբուլահայ համայնքի համակրանքը` նրանց կտրել Սփյուռքից:
«Հայ դատի գրասենյակները եւ Սփյուռքի մի շարք կառույցներ նույնպես նույն գնահատականն են տվել, որ սա չնչին քայլ է, որը չի կարող երբեւիցե փակել համահայկական այն հսկայական կորուստները, որոնք ունեցավ հայ ժողովուրդը Ցեղասպանությունից հետո, եւ հետեւանքների վերացման խնդիրը շարունակում է օրակարգում մնալ»,- շարունակեց նա:
«Նկատի ունեցեք, որ աղմուկը շատանալու է, եւ Թուրքիան այս քայլից, որը գործնական արժեք չունի, առավելագույն օգուտներ է ստանալու, իսկ մենք պետք է մտածենք` ինչ անելու մասին»,- իր հերթին հավելեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նշենք, որ ներկայումս Թուրքիայում ազգային փոքրամասնություններին պատկանող ավելի քան 2000 անշարժ գույք կա, եւ մոտ 1700 շարժական գույք: Խոսքն, ընդհանուր առմամբ, գնում է շուրջ 150 միլիոն նոր թուրքական լիրայի մասին: