Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում տարածում գտնող կորոնավիրուսի. դրա հետ կապված մի շարք արտակարգ միջոցառումների և վարակից զերծ մնալու մասին Yerkir.am-ը զրուցել է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, նույն ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանի հետ:
- Պարոն Զաքարյան, կորոնավիրուսը գրեթե համաշխարհային տարածում ունի՝ այդ թվում Հայաստանում: Ի՞նչ վիճակ է Հայաստանի Հանրապետությունում, արդյոք մեր երկիրը պատրա՞ստ էր այս վիրուսին դիմակայել:
-Որքանով էր մեր երկիրը պատրաստ, որքանով՝ չէ, այս հարցին ավելի փաստարկված պատասխան կարող են տալ պատկան մարմինները, քանի որ նրանք տիրապետում են անհրաժեշտ ինֆորմացիայի ողջ բազային: Ինչպես բոլորը, այնպես էլ ես տիրող իրավիճակից տեղեկություններ ստանում եմ պաշտոնական հայտարարություններից:
Էջմիածնի տեղի ունեցած դեպքից սկսվեց վարակը իրար փոխանցելը ու ես առաջարկեցի, որ Էջմիածնում ու իր հարակից տարածքներում սահմանվի կարանտինային ռեժիմ՝ սահմանափակեն այդ շրջանների բնակիչների դուրս գալը կարանտինային շրջանից, որպեսզի վարակը չտարածվի: Այսպես են անում եվրոպական մի շարք երկրներում: Շատ կարևոր է հասարակական վայրերի ախտահանումը՝ համապատասխան նյութերով, հարկավոր է արգելեն տարատեսակ միջոցառումների իրականացումը, քանի որ մարդաշատ վայրերում վարակի արագ տարածման շատ մեծ ռիսկ կա:
- Ինչքանո՞վ է արդյունավետ ուսումնական հաստատությունների 7 օրյա փակումը, եթե վիրուսի ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր:
-Վիրուսի ինկուբացիոն շրջանի 14 օր տևելը միջինացված է: Ուսումնական հաստատությունների փակելը ուրիշ անկյան տակ պետք է դիտարկել: Դպրոցները, մանկապարտեզները, համալսարանները վայրեր են, որտեղ կան մարդկանց կուտակումներ, որի արդյունքում վիրուսը շատ արագ փոխանցվում է մեկից մյուսին: Ինձ համար շատ զարմանալի է կառավարության այս գործելակերպը, որ կիսատ են անում գործը՝ անում են Ա-ն, բայց չեն անում Բ-ն, որոնք փոխկապակցված են: Այսինքն՝ եթե դադարեցնում եք ուսումնական գործընթացը՝ խուսափելու համար մարդկանց կուտակումներից, ապա ինչու՞ չեք արգելում մասսայան միջոցառումների իրականցումը, որովհետև մասսայական միջոցառումների ժամանակ էլ կա մարդկաց կուտակումներ, որը շատ նպաստավոր պայման է վիրուսի տարածման համար:
Ուսումնական հաստատությունների ժամանակավորապես փակվելը կրում է մարդկանց կուտակումներից խուսափելու իմաստը, բայց, երբ արգելված չեն մասսայական միջոցառումների իրականացում, գործը կարծես կիսատ է արված:
- Որպես մասնագետ, ինչ խորհուրդներ կտաք, որոնց հետևելով քաղաքացիները զերծ կմնան վարակվելուց:
1. Առաջնային պետք է պահպանել անձնական հիգենիան՝ հաճախ լվանալ ձեռքերը, քանի որ բոլոր օդակաթիլային վարակների նման կորոնավիրուսն էլ ոչ միայն մարդուց մարդ օդի միջոցով է անցում, այլ կարող է անցնել իրերի, առարկաների միջոցով:
2. Պետք է անհրաժեշտ հեռավորություն պահպանել դիմացինից. 1 մետր և ավելի հեռավորության վրա այս վիրուսը օդակաթիլային ճանապարհով չի հասնում դիմացինին:
3. Անհրաժեշտ է խուսափել մարդաշատ վայրեր գնալուց, մոլլեր չհաճախել:
4. Աշխատել միշտ մաքուր միջավայրում լինել, օդափոխել տարածքը, հաճախ ախտահանել հաճախակի օգտագործվող իրերն ու առարկաները:
5. Եթե շփվել եք արտասահմանից ժամանացած մարդկանց հետ կամ նախանշաններ եք տեսնում, անպայման դիմեք հիվանդանոց:
- Մենք ականատես եղանք, որ դեղատներում չկային դիմակներ ու համապատասխան ախտահանող նյութեր: Եթե նորից կրկնվի այս պատկերը, ինչո՞վ կարելի է փոխարինել սրանց:
- Պետությունն ինքը պիտի զբաղվի դիմակների ու համապատասխան դեղորյաքի ներկրմամբ ու իր հսկողության տակ պահի դրանց վաճառքը: Պետությունը այս հարցը բարձիթողի վիճակի էր թողել, որի արդյունքը մենք տեսանք, տևական ժամանակ դեղատներում բացակայում էին այս պարագաները: Այս խնդրով պիտի լուրջ զբաղվի պետությունը, քանի որ գտնվեցին անհատներ, ովքեր մի քանի անգամ թանկ էին վաճառում դիմակները ու առիթից օգտվելով մեծ գումարներ աշխատեցին:
Վատագույն տարբերակ. եթե չկա դիմակ, բերանը կարելի է փակել մաքուր կտորով, շարֆով, որը կխանգարի օդի ուղիղ մուտքը դեպի շնչուղիներ: Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ դիմակը չի կարող 100%-ով ապահովագրել մեզ վարակվելուց, բայց ավելի լավ է նվազեցնել վարակվելու ռիսկը՝ դիմակ կրելով, քան ոչ մի բան չանել: Եթե ստիպված եք գնալ մի վայր, որտեղ կան մարդկաց կուտակումներ, անպայման բերանը, քիթը փակեք մաքուր կտորով, այս կերպ կխուսափեք վիրուսով օդակաթիլային ճանապարհով վարակվելուց:
- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ այդ դիմակները ոչ մի օգուտ չեն տալիս՝ իրենց բարակ լինելով պայմանավորված, ու անիմաստ է դրանք կրել: Այս մասին ի՞նչ կասեք:
-Այս հարցում հակասություն կա, այն առումով, որ նախարարը այդպիսի հայտարարություն է արել, մինչդեռ տարբեր ժամանակներում տարբեր հեղինակների կողմից գրված մի շարք գիտական հոդվածներ կան, որտեղ հստակ ցույց է տրվում, երբ առողջ մարդը կրում է սովորական դիմակ, որը բացակայում էր մեր դեղատներում, այդ մարդը օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուսներով վարակվելու հավանականությունը նվազեցնում է 25%-ով, այսինքն, այնուամենայնիվ, օդակաթիլային ճանապարհով վարակվելուց այդ դիմակները ինչ-որ չափով պաշտպանում են:
Այս գիտական աշխատությունների փորձերը կատարվել են գրիպի օրինակով, քանի որ այն ժամանակ չկար կորոնավիրուսը, բայց ենթադրելի է, որ սովորական դիմակը այս վիրուսից նույնպես որոշ չափով կպաշտպանի, քանի որ երկուսն էլ տարածվում են օդակաթիլային ճանապարհով:
Ինչպես արդեն նշեցինք, դիմակը 100%-ով չի կարող պաշտպանել, բայց ավելի լավ է կրել ու որոշ չափով նվազեցնել վարակվելու հավանականությանը, քան ընդհանրապես չկրել:
Դիմակներ պիտի կրեն նաև վարակված մարդիկ, որպեսզի վարակը չփոխանցեն իրենց դիմացինին:
Մինչև կրելը հարկավոր է իմանալ, թե ոնց և որտեղ պիտի կրենք դիմակներ: Բացօթյա տարածքում, քայլելիս դիմակ կրելու իմաստ չկա, դիմակ պետք է կրել այն դեպքում, երբ ինչ-որ տեղ եք գնում, որտեղ մարդկանց կուտակումներ կան: Պետք է դիմակին հնարավորինս քիչ դիպչել, չի կարելի ձեռքով անընդհատ խաղալ դիմակի հետ, դա բերում է նրան, որ դուք կեղտոտ ձեռքերով դիպչում եք դիմակին, որը մեծացնում է վարակվելու հավանականությունը:
Դիմակը կրելու տևողությունն էլ շատ մեծ դեր ունի, առնվազն 2-3 ժամը մեկ հարկավոր է փոխել դիմակը:
Պետք է հետևել այս մանրուքներին, բայց կրկնում եմ՝ ավելի լավ է կրել, քան առհասարակ չկրել:
Իշխան Թովմասյան