կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-20 10:29
Հասարակություն

Վաղը Վեհափառի ծննդյան օրն է

Վաղը Վեհափառի ծննդյան օրն է

Դպրոցական տարիներին կարծում էի, որ ուսուցիչները հաց չեն ուտում, գնումներ չեն կատարում եւ, առհասարակ, չեն մասնակցում բոլոր կենցաղային գործերին. անմտությո՞ւն, թե՞ միամտություն էր` չգիտեմ, բայց երբ մեծացա եւ հասկացա, որ նրանք էլ կարող են ասենք` հաց ուտել, ավելի սիրեցի նրանց:

Վաղը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 60-րդ տարեդարձն է, եւ արդեն չեմ զարմանում, որ հոգեւորականներն էլ կարող են ծննդյան օր ունենալ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ) ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին, Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում:

1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարան եւ 1971թ. ավարտել այն գերազանց առաջադիմությամբ: Ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան:

1972թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան Արքեպս. Ներսոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու տեղի Աստվածաբանական ֆակուլտետում:

1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում:

1979թ. վերադարձել է Մայր Աթոռ եւ Վազգեն Ա կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ` ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ եկեղեցու Հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թվականի ապրիլին` առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992-ին` ստացել արքության պատիվ եւ տիտղոս:

1989թ. Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը: 1990 թվականին Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է թեմի տարածքում Եկեղեցու կողմից իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը 56 հանրակրթական դպրոցներում: 1992 թվականին նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներական պալատներից երեքը վերակազմավորվել են իբրեւ հայորդյաց տներ, որոնցում հազարավոր երեխաներ ստանում են հոգեւոր ու գեղագիտական կրթություն:

Կ. Հ.

ԵՐԿԻՐ-ի խմբագրությունը շնորհավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձը` մաղթելով նրան առողջություն եւ տոկունություն` հայ ժողովրդին առաջնորդելու եւ մարդկանց ճիշտ ուղին ցույց տալու ճանապարհին: