կարևոր
1375 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-19 15:21
Հասարակություն

Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է

Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է

1879թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնվեց Արամ Մանուկյանը (ծննդյան անվամբ Սարգիս Հարությունի Հովհաննիսյան)՝ մի մարդ, ով իրականություն էր դարձնելու անկախ պետականության վերականգնման հայ ժողովրդի բազմադարյան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Երիտասարդ տարիքում անդամագրվելով հայ ազատամարտին՝ ի դեմս նրա առաջատար ուժ ՀՅ Դաշնակցության՝ Արամն իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց թուրքական լծից հայ ժողովրդի ազատության վեհ գործին, նրա անվտանգության ապահովմանն ու արժանապատիվ ապագայի կերտմանը: Նրա կյանքի յուրաքանչյուր պահը ծառայություն էր իր ժողովրդին: Արամը մշտապես աչքի ընկավ իր ժողովրդի նկատմամբ ունեցած մեծագույն պատասխանատվությամբ, հայրենասիրությամբ, քաղաքական հասունությամբ, հեռատեսությամբ, կազմակերպչական բացառիկ ունակություններով, արդարամտությամբ ու ընկերասիրությամբ: Նրան մշտապես խորթ մնացին սին խոսքերը, երեսպաշտությունը, փառամոլությունը, մեծամտությունն ու նյութապաշտությունը: Այս որակների շնորհիվ իր գործունեության բոլոր ժամանակներում և վայրերում Արամը ձեռք բերեց մեծ հեղինակություն, վայելեց նույնիսկ քաղաքական այլ ուժերի վստահությունն ու հարգանքը՝ դառնալով կենտրոնական դեմք: Ամենուր շուրջը համախմբելով ժողովրդական զանգվածներին, ռազմական ու քաղաքական ուժերին և գործիչներին՝ նա արձանագրեց լրջագույն ձեռքբերումներ: Դրանց մեջ, իհարկե, առանցքային տեղ են զբաղեցնում Վանում և Երևանում կերտված պատմական հաղթանակները:

Կարսում, որը 20-րդ դարի սկզբին վերածվել էր հայ ազատամարտի դարբնոցի, հեղափոխական պայքարի (1903-1904թթ.) փորձառություն ձեռք բերած Արամը, 1905թ. հաստատվելով Վանում, ՀՅԴ Վանի կազմակերպությունը հասցրեց աննախընթաց հաջողությունների: Բավական է հիշել, որ նրա գործունեության միայն երկու տարիների ընթացքում (1905-1906թթ.) Վան-Վասպուրական ներկրվեց ավելի շատ զենք-զինամթերք, քան նախորդած 15 տարիների ընթացքում: Հիշատակելի է նաև այն, որ նրա շրջահայաց և հմուտ ղեկավարման շնորհիվ ազատագրական ուժերն այստեղ այնքան ուժեղացան, իսկ ժողովուրդը՝ այնպես կազմակերպվեց ու զինվեց, որ Վանի նահանգի շատ շրջաններում հաջողվեց մեղմել կամ վերացնել քրդերի սանձարձակությունները:

1915թ. Արամը կազմակերպեց և իր իսկ առաջարկությամբ ստեղծված բազմակուսակցական Հայ ինքնապաշտպանության զինվորական մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915թ. ապրիլյան հաղթական ինքնապաշտպանությունը, որի շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին Թուրքիայի կողմից կազմակերպված ու իրագործված Մեծ եղեռնից, որին զոհ գնաց 1,5 մլն արևմտահայ: Ինքնապաշտպանության հաղթանակից հետո նշանակվելով Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը, ցուցաբերելով ազգային-պետական մտածելակերպ ու անխտրական ոգի, գլխավորեց Վան-Վասպուրականի հայության խաղաղ-ստեղծագործ կյանքը:

1917թ. վերջին, երբ թուրքական զորքերը, օգտվելով ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումից, պատրաստվում էին ներխուժել Հայաստան և ավարտին հասցնել հայոց ցեղասպանությունը, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային և Հայ զինվորական խորհուրդների կողմից Արամը գործուղվեց Երևանի նահանգ: Նրա խնդիրն էր վերջ տալ նահանգում տիրող խառնաշփոթին, ստեղծել ամուր իշխանություն և իրականացնել կազմակերպված զորահավաք, որպեսզի հնարավոր լիներ դիմակայել թուրքական զորքերին: 1918թ. մարտի 24-ին, երբ թշնամին արդեն գրավել էր Հայաստանի զգալի տարածքները, տագնապի մատնված ժողովրդական զանգվածները, զորքը և Երևանի Հայոց Ազգային խորհուրդը Ա. Մանուկյանին ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր՝ նրա հետ կապելով հայ ժողովրդի փրկության հույսը: Դիկտատոր ընտրված Արամը երբեք չդարձավ բռնապետ, այլ մնաց ժողովրդի սիրելին ու նվիրյալը՝ իր անսահմանափակ իշխանությունը մինչև վերջ օգտագործելով բացառապես հօգուտ ազգային շահերի: Անտեսելով պայմանականությունները, ժողովրդավարության ժամանակավրեպ պահանջները և ընտրելով կառավարման դիկտատորական՝ տվյալ ժամանակաշրջանում միակ ճիշտ ձևը՝ Ա. Մանուկյանը վճռականորեն շարունակեց հայության ներուժի համախմբման գործը: Սեփական փորձով համոզված, որ հայրենիքի փրկությունը կախված է ժողովրդի կամքից ու մասնակցության աստիճանից, Արամն ամեն ինչ արեց դրան հասնելու համար: Դեռևս 1917թ. դեկտեմբերին նա հայտարարել էր, որ հայությունը միայնակ է և որ պետք է համախմբվի ու սեփական ուժերով պաշտպանվի թուրքական հարձակումից:

Ամիսների տքնաջան, գաղափարական ու գործնական, հետևողական քայլերը, 1918թ. մայիսյան ճակատագրական օրերին թշնամուն վճռական ճակատամարտ տալու և Երևանը պաշտպանելու Արամի անսասան դիրքորոշումը, սթափեցրին սարսափելի վտանգից անորոշության մատնված ժողովրդին և տևական պարտություններից հուսալքված ռազմաքաղաքական գործիչներին ու զորքին: Բանն այն է, որ շատերը մտածում էին նույնիսկ Սբ. Էջմիածնից ու Երևանից դեպի Սևանա լճի ավազան նահանջելու մասին: Արդյունքը եղավ այն, որ 1918թ. մայիսին Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական կանոնավոր զորքն ու աշխարհազորը թուրք զավթիչներին մատնեցին ջախջախիչ պարտության: Մայիսյան այդ փառահեղ հաղթանակները հայ ժողովրդին փրկեցին ոչնչացումից և հնարավոր դարձրին անկախ պետականության վերականգնումը` ի դեմս Հայաստանի Առաջին Հանրապետության: Նորանկախ Հայաստանի անդրանիկ կառավարության մեջ, որը գլխավորում էր Հ. Քաջազնունին, Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ Ներքին գործերի, Կրթության, Հաղորդակցության, Պարենավորման և Խնամատարության նախարարությունները:

Ա. Մանուկյանը մեծ եռանդով ու բարձր պատասխանատվությամբ իր մասնակցությունը բերեց կառավարության աշխատանքներին՝ մշտապես հանդես գալով նախաձեռնողի և ուղղորդողի դերում՝ մեծապես նպաստելով հայոց պետականության ամրապնդմանը: Նրա կազմակերպչական ջիղի, հաշվենկատ քայլերի շնորհիվ շոշափելի ձեռքբերումներ արձանագրվեցին ՀՀ վարչական մարմինները ձևավորելու, երկրում ամուր իշխանություն, կարգուկանոն և օրինականություն հաստատելու, թուրք-թաթարական հակապետական խռովությունները ճնշելու, պարենային ճգնաժամը մեղմելու, պաշտոնական գրագրությունները հայացնելու, հարյուր հազարավոր արևմտահայ փախստականների և որբերի ծանր կացությունը մեղմելու և այլ ուղղություններով: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև նրա հիմքերի ամրապնդման գործում ունեցած առաջնակարգ և վիթխարի ավանդի համար Արամ Մանուկյանն արժանացավ Հանրապետության հիմնադրի պատվանունին:

Իր գործունեությամբ Արամ Մանուկյանը ցույց տվեց, որ ժողովրդի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ազգային իրական շահերով առաջնորդվելու, արդարամիտ, հեռատես ու հավասարակշիռ գործելակերպի դեպքում կարելի է հասնել համաժողովրդական միասնության և մեր հաղթանակները դարձնել անկասելի, իսկ հզոր Հայաստանը՝ տեսանելի:

Արմեն Ասրյան
պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ