կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 17:33
Հասարակություն

Թուրքերն ընդունում են, որ հայերի հանդեպ ցեղասպանություն են իրականացրել, սակայն մաքրում են իրենց արխիվները. WikiLeaks

Թուրքերն ընդունում են, որ հայերի հանդեպ ցեղասպանություն են իրականացրել, սակայն մաքրում են իրենց արխիվները. WikiLeaks

WikiLeaks սկանդալային պարբերականը շարունակում է տպագրել Միացյալ Նահանգների դիվանագետների գաղտնի փաստաթղթերը: Ինչպես հայտնում է HayNews.am-ի լիբանանյան գործընկեր «Ռադիո Սևանը», հերթական փաստաթուղթը վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը: Այն իրենից ներկայացնում է 2004 թ-ին Ստամբուլում գործող ամերիկյան դիվանագետի` Պետքարտուղարությանն ուղղված մի նամակ, որը, իր մեջ պարունակելով բազմաթիվ թրքամետ տեղեկություններ, ունի նաև շատ հետաքրքիր բացահայտումներ:
Այսպես, դիվանագետը գրում է, որ թուրքերը պնդում են, թե դարասկզբին բախումների հետևանքով զոհվել են «ընդամենը մի քանի հարյուր հազար հայեր», սակայն իրենք էլ «կոտորել են բազմաթիվ թուրքերի»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, ամերիկացի դիվանագետը համոզմունք է հայտնում, որ պաշտոնական Անկարան վախենում է հողային և ֆինանսական պահանջներից, որը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը: Նա նաև գրում է Թուրքիայում առկա մեծ արխիվի մասին, որը կարևոր տեղեկություններ է պարունակում Ցեղասպանության մասին` չնայած նրան, որ թուրքերը մշտապես փորձել են մաքրել այն «անցանկալի վկայություններից»:
Այսպես, WikiLeaks-ը մեջբերում է թուրք պատմաբան Հալիլ Բըրքթայի վկայություններն այն մասին, որ այս տարիների ընթացքում երկու լուրջ փորձ է տեղի ունեցել` մաքրել ավելի քան 70 մլն փաստաթղթերը Ցեղասպանության մասին խոսող նյութերից:
«
Առաջին փորձը եղել է 1918-ին, երբ դեռ դաշնակիցները չէին գրավել Ստամբուլը: Այդ էր պատճառը, որ երիտթուրք ղեկավարների դավատարութան ժամանակ բազմաթիվ փաստաթղթեր անհետացել էին: Երկորդն արդեն մեր օրերում է: Այն իրագործում են արդեն թոշակի գնացած զինվորականներն ու պատմաբանները: Բազմիցս եմ տեսել, որ նրանց ներկայացուցիչները օրերով արխիվից դուրս չէին գալիս` փնտրելով իրենց համար կարևոր ինչ-որ թղթեր»,-ասել է թուրք պատմաբանը:
Նկատենք, որ WikiLeaks-ը գրում թե, Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) բնակվող բազմաթիվ թուրքեր ամերիկյան դիվանագետների հետ մասնավոր զրույցներում ընդունում են իրենց նախնիների կատարած ոճրագործությունները: