կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-28 12:06
Տարածաշրջան

Էրդողանը մի բան մոռանում է` օսմանյան արխիվները նաեւ հայերի արխիվներն են

Էրդողանը մի բան մոռանում է` օսմանյան արխիվները նաեւ հայերի արխիվներն են

Պոլսահայ լրագրող Ալիս Նալջըն, ի պատասխան Հայկական սփյուռքին ուղղված` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե` «որքա՞ն արխիվ ունեք», T24-ում հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև:

 

Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին ընդառաջ` Թուրքիայի նախագահը մի կողմից չի վարանում կրկնել իր հին ` «պատմությունը թողեք պատմաբաններին» խոսքը, իսկ մյուս կողմից` փորձում է Ցեղասպանության նկատմամբ քաղաքականություն ստեղծել` իրեն ծիծաղելի դրության մեջ գցող,  ակադեմիկոսներին և պատմաբաններին անգամ զզվեցնող նոր` «դուք որքա՞ն փաստաթուղթ ունեք» հարցով:

 

 

Նախագահի այս հայտարարություններից հետո զրուցեցի մի շարք պատմաբանների հետ` այդ հարցում նրանց տեսակետն իմանալու համար: Ստացածս պատասխանները միշտ «զզվեցնող» և «մեկնաբանելն անգամ անիմաստ է» էին: Եվ իրապես, չէ՞ որ նրանց փաստաթղթերը շատ են...

 

«Եթե այդպես է` ինչո՞ւ են լքված կալվածքների մասին արխիվները փակ»,- ասում է երիտասարդ պատմաբան Ումիթ Քուրթը:


Անգլիայում Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն ասաց. «Այս հարցում լուրջ մեկնաբանություն չի կարող արվել: Սրանք հռետորական հնարքներ են: Մենք շատ փաստաթղթեր ունենք հայերի անհիմն տեղահանության և մեծ կոտորածների ենթարկված լինելու մասին: Բաթման, որն այն վայրերից մեկն է, որտեղ կոտորածներ են եղել, այցելելու ենք ապրիլին: Գուցե Էրդողանն էլ մեզ կմիանա: Իրականում, օսմանյան արխիվներն անգամ բացատրություն չեն տալիս 1915 թվականին հայերի անհետացման մասին: Նրանք պաշտոնապես ուղարկվել են Դեյր Զոր` վերահաստատվելու համար: Սակայն օսմանյան արխիվներում մարդկանց` ամայի վայրերում հաստատվելու մասին անգամ չի խոսվում: Հազարավոր մարդիկ ուղարկվեցին այնտեղ, և ոչ մեկը ողջ չմնաց»:

 

1917 թվականին Թալեաթ փաշան օսմանյան հայերի մասին մի զեկույց պահանջեց, որի համաձայն` Դեյր Զորում գրեթե մեկը ողջ չէր մնացել: 1917-ին Դեյր Զորում արված այդ ուսումնասիրության արդյունքները պահում են ԱԳ նախարարության արխիվներում և հասանելի չեն:

 

Սակայն Թալեաթ փաշայի հատուկ զեկույցում (Մուրաթ Բարդաքչըի կողմից հրապարակված) ասվում է, որ ամբողջ Դեյր Զորում 6778 հայ էր մնացել:

 

Այս զեկույցը հասանելի է և անվանվել է «Թալեաթ փաշայի` Հայոց ցեղասպանության մասին զեկույցը» Բեռլինում Թալեաթ փաշայի սպանության, զեկույցի` նրա ընտանիքում պահվելու (այլ ոչ թուրքական արխիվներում) և դրա` հատուկ հրատարակչության կողմից հրապարակված լինելու պատճառով:

 

Այնպես որ` եթե Էրդողանը լուրջ է (թեկուզև սխալ է) պետք նրան Դեյր Զոր ուղարկված հազարավոր հայերի` ուր լինելու մասին հարցնել:

 

Թուրքիայի նախագահը գիտակցո՞ւմ է, որ շատ մտավորականներ, պատմաբաններ, ակադեմիկոսներ և անգամ` իր ժողովուրդը իրեն լուրջ չեն ընդունում: Արդյոք նախագահը տեղյա՞կ է, որ այս ամենին զուգահեռ Փարիզում Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ են տեղի ունենում և այս տարի կազմակերպված, գուցե և ամենաընդգրկուն գիտաժողովը կայանալու է իրենց մասնագիտությանը սիրահար հազարավոր թուրք, հայ, քուրդ, հրեա, եվրոպացի և ամերիկացի պատմաբանների մասնակցությամբ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո կազմակերպված այդ գիտաժողովը կրում է  «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանությունը» խորագիրը: Գրեթե բոլոր պատմաբանները, ովքեր մինչ այսօր Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրություններ են արել, այնտեղ կլինեն: (Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող են այցելել այստեղ` http://centenaire.org/fr/espace-scientifique/colloquesseminaires/le-genocide-des-armeniens-de-lempire-ottoman-dans-la-grande):

 

Պատմության մասին պատմաբաններն արդեն վաղուց են խոսում: Անգամ` օսմանյան արխիվների փաստաթղթերով են խոսում: Ձեր ասած այդ «միլիոնավոր» փաստաթղթերով

 

Մի բան կա, որ Էրդողանը մոռանում է. օսմանյան արխիվները միևնույն ժամանակ հայերի արխիվներն են: Ցեղասպանության ամենամեծ փաստն էլ այդ արխիվների փաստաթղթերն են:

 

Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի