Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրազդանի երկաթի հանքերի վերաբերյալ արձագանքները չեն դադարում, գրեթե ամեն օր այդ մասին խոսվում է տարբեր մակարդակներում:
«Անգամ եթե իդեալական պայմաններ լինեն Հրազդանի հանքի շահագործման համար, հանքի տեղն այնպիսին է, որ արդեն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում»,- այսօր լրագրողներին տեղեկացրեց «Անտառները սերունդներին» ՀԿ նախագահ, Հրազդանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ֆորումի ներկայացուցիչ Մովսես Մանուկյանը:
Նրա պնդմամբ`հանքի շահագործումը վտանգավոր է այն պատճառով, որ բլուրը, որի տակ գտնվում է հանքավայրը, Հրազդան քաղաքի հենց կենտրոնում է: «Հանքավայրի կողքին են մանկապարտեզ եւ բնակելի շենքեր, իսկ բլրի ստորոտում արդյունահանվում է խմելու ջուր: Ինչ տեխնոլոգիաներ էլ բերեն, հանքի շահագործումը կատարյալ չի լինելու: Այսքանն արդեն բավական է` հասկանալու, թե որքան վտանգավոր է Հրազդանի երկաթի հանքի շահագործումը»,- ասաց Մ. Մանուկյանը՝ ավելացնելով, թե մեր կառավարությունը ցանկանում է զբոսաշրջություն զարգացնել, սակայն տուրիզմի զարգացման հիմնական կռվաններում հանքեր է շահագործում:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ Հրազդանի հետ կապված մտահոգությունն այսօր մեծ է, որովհետեւ հանքի շահագործման հետեւանքով օդի փոշին կավելանա: «Այս պարագայում նաեւ մեծ է վտանգը Հրազդան գետի համար»,- ասաց նա` հավելելով, որ աղտոտված գետի ջրերը, որ հասնում են Արարատյան դաշտավայր, կվնասեն նաեւ գյուղմթերքը:
Բնապահպանը նաեւ հայտնեց, որ մենք հաշվի չենք առնում, թե ինչ փոփոխություններ կարող են լինել ընդերքում: Օրինակ` Երեւանը կարող է կորցնել իր խմելու ջրի ավելի քան 40 տոկոսը. «Աբովյանի եւ Հրազդանի հանքերի հարակից տարածքներում է ձեւավորվում մայրաքաղաքի խմելու ջրի 40 տոկոսը»:
Նա անդրադարձավ նաեւ Սյունիքի մարզի հանքավայրերին` նշելով, որ դեռեւս չի տեսել Սյունիքի նման վայր, որտեղ զուգակցված են պատմամշակութային վայրերն ու հիասքանչ լանդշաֆտները: «Անթույլատրելի եմ համարում նման վայրերում հանքի շահագործումը: Հարցը եկել ու հասել է այն սահմանին, որ մենք առնչվում ենք ազգային անվտանգությանը»,- նշեց Կ.Դանիելյանը՝ մտահոգվելով Ամուլսարի հնարավոր ծրագրի իրականացմամբ: «Եթե նման ծրագիր իրականացվի, դա կազդի Ջերմուկի վրա՝ որպես առողջարանային կենտրոնի, ինչպես նաեւ հանքային ջրի որակի ու պաշարների վրա»,- նշեց նա: