կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 18:20
Տնտեսական

Արտաքին ներդրումների համար պետք է պայքարել. ՀԲ ներկայացուցիչ

Արտաքին ներդրումների համար պետք է պայքարել. ՀԲ ներկայացուցիչ

Հայաստանը Համաշխարհային բանկի համար միջին եկամուտներ ունեցող երկիր է: Այլ կերպ ասած` ո'չ աշխարհի ամենաաղքատ երկրների շարքն է դասվում, ո'չ էլ` ամենահարուստ:

 

Այսօր ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին լրագրողներին բացատրեց, որ դա նշանակում է, որ որոշակի խնդիրներ կան, որոնց ուղղությամբ Հայաստանը դեռ պետք է հաջողություններ գրանցի` ինստիտուցիոնալ կայացման, կրթության, առողջապահության եւ այլն ոլորտներում: Իսկ եվրաբոնդերը նշանակում են, որ երկիրը հասել է մի այնպիսի մակարդակի, որ կապիտալի շուկաները կարողանում են վստահել երկրին:

 

«Փաստորեն, կապիտալի շուկա մուտքը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, քանի որ աղքատ երկրները չեն կարող կապիտալի շուկա մուտք գործել: Բայց, այդուհանդերձ, հարուստ երկրները ավելի մեծ հասանելիություն ունեն կապիտալի շուկաներին, քան Հայաստանն է կարողացել ապահովել»,- նշեց Քերալին:

 

Ինչ վերաբերում է ՀԲ այն հրապարակմանը, թե Հայաստանի տնտեսությունը վերականգնվել է ճգնաժամից հետո, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին նշեց, թե ՀԲ-ն այդպիսի ուսումնասիրության համար հաշվի է առնում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը, որը 2013 թվականին Հայաստանում կազմել է 3700 դոլար` նախկին 3400-ի փոխարեն:

 

«Բայց ճգնաժամի ընդհանուր հաղթահարումը չի արտացոլվել աղքատության մակարդակի կրճատմամբ: Հիմա Հայաստանում բնակչության ամեն երեք հոգուց մեկը գտնվում է աղքատության գծից ներքեւ: Մեր հիմնական արձագանքը այս իրավիճակին, զարգացման հիմնական շեշտադրումը եւ աշխատանքները ուղղված են լինելու աշխատատեղերի ստեղծմանը, որոնք աղքատներին կհանեն աղքատության ճիրաններից»,- պարզաբանեց Հափին:

 

Սա, ըստ նրա, կանդրադառնա նաեւ արտագաղթի տեմպերի նվազման վրա, քանի որ երբ տնտեսության աճ ապահովվի, հատկապես` առեւտրային ոլորտում, երիտասարդները կզգան, որ Հայաստանում աճ կա ու չեն լքի երկիրը:

 

Լրագրողների հարցին ի պատասխան, թե` երբ ՀԲ-ն ասում է, որ Հայաստանում տնտեսական աճ կա, գնաճը ցածր է եւ այլն, այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում Հայաստանում արտաքին ներդրումների նվազումը, ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին խորհուրդ տվեց ավելի գլոբալ նայել այս հարցին ու հիշեցրեց ՀԲ-ի քույր կազմակերպության' ԱՄՀ-ի գնահատականը, որը 2,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար:

 

«Անցյալ 10 տարիներին աշխարհում տնտեսական աճի ամենացածր ցուցանիշն է գրանցվել, եւ սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանն է արտաքին ներդրումների նվազումը տեսնում, այլ ամբողջ աշխարհում է այդպես: Երկրորդ` Հայաստանը դեռ պետք է իր տնտեսության մրցունակությունը մեծացնի, դա առաջին հերթին նշանակում է, որ ներդրումային միջավայրը պետք է բարելավվի' ապահովվի արդար ներդրումային միջավայր, երաշխավորվի, որ ներդրողը կայուն եկամուտ կունենա ու այդ եկամուտը չի կորցնի»,- պարզաբանեց Հենրի Քերալին` հավելելով, որ բացի այդ` Հայաստանը պետք է նաեւ բիզնես միջավայրը բարելավի, ինչը նշանակում է կոռուպցիայի վերացում, պետական կառույցների աշխատանքի բարելավում:

 

Նրա խոսքերով' Հայաստանը պետք է մրցակցի մյուս երկրների հետ` ուղղակի ներդրումներ ունենալու համար, ունենա ավելի բարենպաստ ներդրումային ու բիզնես միջավայր, որպեսզի արտասահմանյան ներդրողները, որոնք այժմ այնքան էլ շատ չեն, գան Հայաստան: Այս առումով ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ արտաքին ներդրումների համար պետք է պայքարել, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն, քանի որ նորարարության վրա են անդրադառնում, ազդում են մրցակցության վրա , որոնք էլ տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն: «Դրանք, փաստորեն, ազդում են նաեւ երկրի վրա, քանի որ մրցակցության պարագայում նվազում են գները»,- նշեց Ժան Միշել Հափին:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ «Քարֆուրը» հրաժարվեց Հայաստան գալ, ու արդյո՞ք ՀԲ-ն համապատասխան ուսումնասիրություն արել է, թե որն էր դրա պատճառը, ՀԲ ներկայացուցիչները նշեցին, թե գիտեն իրավիճակի մասին, բայց չեն կարող կարծիք հայտնել մասնավոր ձեռնարկության վիճակի վերաբերյալ, սակայն սա եւս կապ ունի Հայաստանում մրցակցային միջավայրի վիճակի հետ: