Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են: Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քվեարկելուց անմիջապես հետո մեկնեց ԱՄՆ։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավի ու իրական ընտրություններին: Նրա խոսքով` բոլոր ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար և իշխանությունը պետք է վերցնեն։
«Մենք նույնպես հասկանում ենք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարել։ Եվ ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական»,- ընդգծեց վարչապետը:
Հարցին` ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում կա՞, նա պատասխանեց. «Այնպիսի հարցեր եք տալիս, որ անհարմար է անգամ պատասխանել»:
Ինչ վերաբերում է երեկ ԲՀԿ շտաբում ոստիկանության կատարած խուզարկությանը, Փաշինյանը նշեց, եթե լինի ապացույց, որ ոստիկանների գործողություններում անօրինականություն կա, դա կքննարկվի: «Բայց ես կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները եղել են օրինաչափ»,- շեշտեց նա:
Հարցին էլ` ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, երբ հայտարարել էր, թե «քուչեքում ուժերը պայմանավորվում են», Փաշինյանը պատասխանեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվողներին:
Հարցին` քաղաքական ուժերի հետ լարվածության ֆոնին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վտանգվա՞ծ է, վարչապետը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների ճակատագիրը որոշելու է ժողովուրդը»:
Նշենք, որ Փաշինյանը ընտրության էր եկել դստեր հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը հետաձգել էր ԱՄՆ այցը` ընտրություններին մասնակցելու համար: