կարևոր
4195 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-14 18:40
Քաղաքական

3-4 տարի առաջ նախկիններին էին մեղավոր, հիմա էլ՝ խաղաղապահնե՞րը, պայքարել է պետք. Սերժ Սարգսյան

 

Կարծում եմ, որ ակնհայտ է, ադրբեջանցիներին չի հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ նրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը, ադրբեջանցիները ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, հպատակեցնելու արցախցիներին, բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվի։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերեն են բացառիկ կամք դժվարությունների ու նաև արհավիրքներին դիմակայելու։ Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ի՞նչ գին ենք վճարելու՝ դա է հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժավությունների հաղթահարման ուղին։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Ակնհայտ է, որ որևէ հույս Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել, բայց մենք, երևի, վերջին անգամ, 30 տարի առաջ ենք  ունեցել այդպիսի կամք, վստահ եմ այդ կամքը որևէ տեղ չի կորել»,- ասաց նախկին նախագահը։

Նրա խոսքով՝  շատ պարզ բան կա, որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, որևէ մեկը մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել․ «Այո՛ մենք ունենք դաշնակիցներ, այո՛ մենք ունենք բարեկամներ, բայց նրանք բոլորը կարող են իրենց պարտավորությունները, պարտականությունները, պայմանագրային պարտավորությունները կատարել, եթե մենք  չանենք ուրիշը ինչի պիտի գա մեր փոխարեն լուծի մեր հարցերը։ Որքան էլ նրանք լինեն մեզ բարեկամ մեր դաշնակիցները, իրենք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»,- ասաց նա։

Նախկին նախագահը կարծում է, որ եթե խոսքը Հայաստանի կառավարիչների մասին է, նրանք չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը, նրանք չեն կարող վճռել, թե ինչ է լինելու և ակնհայտ է , որ նրանք ուղղակի ձեռքերը լվացել են, նրանք հրաժարվել են պաշտպանելու այդ մարդկանց իրավունքը․ «Մենք վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որոշումները կայացնում են օրվա խնդիրներից ելնելով, ես չեմ տեսնում գոնե մի քանի քայլ առաջ կատարելու ցանկություն։ Բայց այդ նույն կառավարիչները, որոնց Դուք իշխանություն եք անվանում, կարո՞ղ են մեզ ցույց տալ որոնք են խաղաղապահների պարտականությունները, պարտավորությունները, Դուք որևէ տեղ տեսել եք նման բան գրված։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ գրված է, իրենք կատարում են դա, և պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշի վրա, այսնիքի 4 տարի առաջ, 3 տարի առաջ մեղավորները նախկիներն էին, հիմա արդեն մեղադրում են խաղաղապահներին, մեղադրում են ռուսներին։ Այո՛, բոլորիս ակնկալիքները Ռուսաստանից ավելի շատ էր, բայց ցանկացած ակնկալիք էլ միշտ կողքից կարող են փչացնել, ինչպես փչացրեցին»,- նշեց Սերժ Սարգսյանը։