Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր զանգվածային արտագաղթ չկա, բայց մենք հասել ենք այն մակարդակին, որ քանակը որակ է տալիս. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը` հավելելով, որ «այսօր արդեն ամեն հազարը, որ հեռանում է, մեզ համար շատ մեծ կարեւորություն ունի»:
Վերջերս մի խումբ մտավորականներ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի` մեր երկրում առկա է արտագաղթի խնդիրը: «Հայտարարությունը որեւէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել, եւ այսօր էլ մենք պատրաստ ենք մասնագիտորեն օգնել կառավարությանը՝ խնդրի լուծմանն ուղղված հայեցակարգի մշակման համար»,- ասաց Կ. Դանիելյանը։
Նա նաեւ նշեց, որ իրենց խիստ անհանգստացնում է երկրում ստեղծված մթնոլորտը: «Ինքս ուսումնասիրել եմ վերջին չորս ամսվա հրապարակումները եւ պարզել, որ բնակչության 40-45 տոկոսն իր ապագան Հայաստանի հետ չի կապում։ Դա է մեզ խիստ անհանգստացնում։ Որ գյուղը մտնում ես, ցույց են տալիս այն անկետաները, թե ոնց կարելի է Ռուսաստան գնալ, իսկ սա բնակչության շրջանում տպավորություն է ստեղծում, թե խրախուսվում է արտագաղթը, ինչը մեկ այլ խնդիր է»,- ասաց նա:
Բանախոսը հայտնեց նաեւ, որ իրենք խնդրի կապակցությամբ երեկ հանդիպել են Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որն այդ թեմայով լսումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել։ «Վաղը հանդիպելու ենք վարչապետի հետ»,- տեղեկացրեց Կ.Դանիելյանը: