կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-18 14:50
Սպորտ

Միասնություն` սպորտի միջոցով

Միասնություն` սպորտի միջոցով

Օգոստոսի 13-21-ը Հայաստանում անցկացվող համահայկական խաղերին ներկա գտնվելու համար Հայաստան կայցելեն 8-10 հազար զբոսաշրջիկներ Իրանից, Թուրքիայից և եվրոպական երկրներից. այսօր լրագրողներին հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսը կրող խաղերի հանդիսավոր բացումը մեծ շուքով տեղի կունենա Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզահամերգային համալիրում, որտեղ մուտքը կլինի անվճար: Խաղերի բացման արարողությունը կազդարարվի նախագահի ողջույնի խոսքով: Խաղերի բացման և փակման արարողություններն ուղիղ կհեռարձակվեն մի քանի հեռուստաընկերություններով:

Համահայկական խաղերին ընդգրկված է տասը մարզաձև` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, թենիս, բատմինթոն, աթլետիկա, լող, շախմատ: Մրցումները կանցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահներում:

Համահայկական հինգերորդ խաղերին մասնակցելու համար ներկայացվել է 2214 հայտ` 86 քաղաքից: Հայտագրումը կշարունակվի մինչեւ Համահայկական խաղերի մեկնարկը,  նաև` խաղերի ընթացքում:

«Կարծում եմ, որ վերջնական պատկերը կլինի այսպես` մոտ 100 քաղաքից ավելի քան 3000 մասնակից»,- ասաց Ի. Զաքարյանը:

Ըստ նրա` խաղերի կազմակերպման համար կազմվել է 14 հանձնաժողով, որոնցում ընդգրկվել է 1000 մարդ:

Խաղերի անցկացման համար պետբյուջեից կհատկացվւ 80 մլն դրամ: