Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները քննության առարկա դարձնելուց առաջ հարկ է արձանագրել, որ բազմաթիվ իրողություններ ազդել են և մշտապես ազդում են Սփյուռքի վրա։ Սփյուռքը հարափոփոխ երևույթ է՝ ենթակա հայկական համայնքների ներկայացրած երկրների ներքին գործընթացների քաղաքական, սոցիալ-տնտեսական, գաղափարական և այլ ազդեցություններին։ Մտովի կարելի է անդրադառնալ, թե աշխարհագրական-ժողովրդագրական ինչպիսի պատկեր է ներկայացրել հայկական արտերկիրը 50 տարի առաջ, մեկ դար առաջ, մինչցեղասպանական շրջանում և ավելի վաղ ժամանակներում։ Արցախի ազատագրության ու Հայաստանի անկախացման իրողությունները, ինչպես և դրանց հետևած գործընթացներն արմատական ազդեցություն ունեցան Սփյուռքի ընդհանուր մթնոլորտի վրա, ինչը ընթացք է առել և շարունակվում է իր զարգացման չորրորդ տասնամյակում։ Համարձակվում ենք ասել, որ երևի իր համար էլ աննկատելի սփյուռքահայի գիտակցության մեջ ապրող հոգևոր-վերացական «Արևմտահայաստան-հայրենիքի» կողքին սկսեցին միս ու արյուն ստանալ և առաջինին «նեղել» միանգամայն շոշափելի ու նյութական, նորանկախ Հայաստանն ու Արցախը։
Սփյուռքահայն այսօր իր մեջ կերպավորել է կենդանի հայրենիքները և «ապրում է» այդ հայրենիքներում՝ շարունակելով ապրել մեծ աշխարհի մեծ թոհուբոհի մեջ, որտեղ իր իրական կյանքն է։ Մեր արտերկրի լրատվամիջոցների հերթական համարների առաջին էջերում տեղ են գրավում հայրենիքից հասած լուրերը և այս երևույթը, բնական լինելով, այնքան հախուռն է, որ այդ մամուլը հայաստանյան իր գործակիցներից ընդօրինակում է անգամ այն սխալ արտահայտությունները, որոնք ռուսերենի ուղղակի կրկնօրինակումն են (խոսքը գնում է այն մասին, բանը նրանում է, բանը կայանում է նրանում, Երևանը դա այն քաղաքն է և այլն)։
Ոչ առանց մտահոգության արևմտահայերենի համար պետք է արձանագրել արևելահայերեն լուրջ ազդեցությունն արևմտահայերենի վրա՝ թե՛ բանավոր և թե՛ գրավոր խոսքում։ Մյուս կողմից պետք է արձանագրել, որ հայրենիքի հետ թեկուզ հոգեպես ավելի ու ավելի շաղկապվելը ուղիղ համեմատությամբ լրջագույն հայապահպանական գործոն է Սփյուռքում։ Այս ասելով՝ ցանկանում ենք նաև ընդգծել այն մեծ վտանգը, որ ներկայացնում են վերջին շրջանում Սփյուռքում հնչող «սփյուռքակենտրոնության» վերադառնալու կոչերը։ Սփյուռքն չի կարող իր օրակարգերը վերանայելով 40 տարի ետ վերադառնալ, իսկ ինքնամեկուսացումը ամենամեծ սպառնալիքը կդառնա ինքնանպատակության ճգնաժամի մեջ հայտնվելու համար։
Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցող ողբերգական իրողությունների համար չենք կարող թշնամիներից նեղանալ կամ խռովել, իսկ հայրենի ապազգային իշխանություններին, ինչպես և նրանց նախորդներին մեղադրելու իրավունքը պատճառ չէ հայրենիքից, հայրենի պետականությունից և հայրենաբնակ ժողովրդից հեռանալու և սեփական պատյանի մեջ պարփակվելու համար։ Հայրենիքը մայր է կոչվում նրա համար, որ այն բոլորինն է, իսկ նա, ով կփորձի թեկուզ հավաքականորեն սեփականել այդ հայրենիքը, կա՛մ տգետ է, կա՛մ դավաճան, կա՛մ, ավելի շուտ, երկուսը միասին։
Ի դեմս հաջորդական իշխանությունների՝ հայրենի պետականության հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի զբաղվելը Սփյուռքի բազում հոգսերով՝ նպատակ որդեգրելով մի կողմից՝ Սփյուռքի հայապահպանությունն ու առաջընթացը և մյուս կողմից՝ հայրենիք-Սփյուռք միասնականության և միասնական օրակարգերի գոյացումը։ Հակառակը դավաճանություն է ազգի ներկայի ու ապագայի հանդեպ։ Սփյուռքի ինքնության պահպանումը, զարգացումը ինքն իր մեջ և հայրենիքի հետ համախմբումը, Սփյուռքի, ինչպես և հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման և ազգային-պետական խնդիրների հետապնդման ռազմավարության որդեգրումը և բազում այլ խնդիրներ՝ իրենց բաղադրիչներով, հանրային տարբեր շերտերի թիրախավորմամբ հանդերձ, հայրենի պետականության հիմնական ռազմավարական խնդիրների շարքում պետք է լինեն։
Ցավոք, երկաթյա վարագույրների խորտակումից հետո և հայության երկու հատվածների մերձեցման պահին երկու կողմերն էլ ոչ միայն անպատրաստ էին, այլև վատ էին ճանաչում միմյանց ներուժն ու ներքին պատկերը և այդ թերի պատկերացումներով էլ հարաբերություններ կառուցեցին միմյանց հետ։ Պետք է արձանագրել, որ Հայաստանի առաջին և չորրորդ ապազգային ու հակասփյուռք իշխանությունների փոխարեն երկրորդ և երրորդ ղեկավարությունները, չնայած ունեցած նախապաշարումներին, հակված էին հայրենիքի ու Սփյուռքի կապերի ամրապնդմանը, սակայն աղոտ պատկերացում ունենալով թե՛ Սփյուռքի և թե՛ հայրենիք-Սփյուռք հարաբերությունների և նպատակների ռազմավարական հեռանկարի վերաբերյալ՝ չկարողացան համապատասխան հանգրվանային ու հեռագնա ծրագրեր կազմել, ինչի պատճառով էլ նրանց ձեռնարկած բազմաթիվ միջոցառումները, ընդհանուր ռազմավարական նպատակների միտված չլինելով, հաճախ թողնում էին շոուների տպավորություն։
Ելնելով առկա խնդիրներից և նպատակներից՝ Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի նախարարության գոյությունը կարևորագույն անհրաժեշտություն է հենց ռազմավարական հեռանկարի առումով, որն ինքնին հիմնական կենդանի կամրջի դեր պետք է խաղա հայության երկու հատվածների միջև։ Պետության դերի գրեթե բացարձակեցման այս մոտեցումը չի նշանակում և չի նսեմացնում այն համապատասխան դերակատարումները, որոնք պետք է ունենան եկեղեցին, կուսակցությունները, գիտական, մշակութային, բիզնես շրջանակները և հասարակական, ազգային կառույցները։ Միայն թե, որպեսզի անհրաժեշտ գործը Սոդոմ-Գոմորի պատմության չվերածվի, իհարկե, նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել միասնական ռազմավարական նպատակներն ու մարտավարական անելիքների հարցը։ Մյուս կողմից եթե գործակցության, ընդհանուր ճանապարհի ուղենշման նպատակի ներքո Հայաստանը փորձի ուղղորդել և թելադրել Սփյուռքին ավելի մեծ վնաս կհասցնի քան եթե առհասարակ ոչինչ չանի։ Այդպիսի փորձերի վկան եղել ենք, բարեբախտաբար դրանք ձախողվել են ճամփի կեսից։
Ազգային ոչ պետական-պաշտոնական հաստատությունների դերակատարությունը առանձնահատուկ կերպով կարևորվում է ներկայում, երբ օրվա իշխանությունները շատ հեռու են, եթե չասենք, թշնամի են համազգային մտածողությանն ու համազգային տեսլականներին։ Ի՞նչ պետք է անել՝ նկատի ունենալով առաջնայինն ու երկրորդականը, կարևորելով թվացյալ ոչ գլխավորը, որով պայմանավորված և որին շաղկապված է Սփյուռքի կյանքի լայն համայնապատկերը։ Ձեռնարկելով այս քննարկումը՝ մենք ցանկացել ենք լսել կարծիքներ ու առաջարկներ՝ հուսալով, որ այս կարևոր քննարկումը կունենա շարունակություն և գուցե նվազագույն չափով օգտակար կդառնա առաջադրված խնդիրների վերհանման և լուծման գործում։
Արտաշես Շահբազյան
ՀՅԴ գաղափարաբան