Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասնություն» համազգային շարժումը հայտարարություն է տարածել․
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացի Սամվել Վարդանյանի ձերբակալությունը պետք է արձանագրենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունը թիրախավորում է ոչ թե քաղաքական ընդդիմության կամ նրա հետ ասոցացված սեգմենտի ներկայացուցչի, այլ պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել իշխանական ներկայացուցչի հետ պատահական հանդիպման ընթացքում, ընդ որում՝ զերծ մնալով հայհոյանքից:
Սամվել Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածներով:
Այս մեղադրանքը ոչ միայն համարժեք չէ քաղաքացի Վարդանյանի արարքին, այլեւ ակնհայտ փորձ է քաղաքացուն քաղաքական դրդապատճառներով թիրախավորելու համար։ Ընդ որում, էական է այն, որ իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը զուգորդվել է ցուցադրական ցինիզմի ակնհայտ դրսևորմամբ. դիմակավորված անձինք ՁՊՎ տանելու ճանապարհին, փաստաբանի հաղորդմամբ, առեւանգել են նրան ոստիկանական մեքենայից, ծեծի են ենթարկել այդ պահին ձեռնաշղթաներով անպաշտպան քաղաքացուն` Սամվել Վարդանյանին:
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է:
Իշխանությունը բացահայտորեն ահաբեկում է քաղաքացիներին՝ հասարակության շրջանում արմատավորելով վախ ու խուճապ:
Սա ոչ թե հետընթաց է ժողովրդավարությունից, այլ ամբողջական հրաժարում 2018-ի հեղափոխության հռչակած արժեքներից: Իշխանության նման ցինիկ ու դեսպոտ գործելաոճը ոչ միայն չի ահաբեկելու ժողովրդին, այլ խորացնելու է իշխանություն-ժողովուրդ՝ առանց այդ էլ առկա անջրպետը՝ նպաստելով հանրային տրամադրությունների արմատականացմանը։
Ուստի, «Միասնություն» համազգային շարժումը կոչ է անում միջազգային կառույցներին, ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցներին, այդ թվում ՝Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավապաշտպան կառույցներին, վերանայել Հայաստանի իշխանության ժողովրդավարական բնույթի մասին այս տարիների արձանագրումները:
Իրավիճակին ոչ համարժեք նման գնահատականը միայն խրախուսում է Հայաստանում ավտորիտարիզմի ամրապնդումը և ռեպրեսիաների շարունակականությունը:
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, որից հետո Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երիտասարդին պահման վայր ուղեկցելու ճանապարհին դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել, բացի այդ նսեմացրել ու խոշտանգել են: