կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 15:16
Քաղաքական

Պատվիրակության անդամները որոշում կայացնողներ չեն

Պատվիրակության անդամները որոշում կայացնողներ չեն

ՀԱԿ-ը չի ստեղծել հանձնաժողով տարբեր հարցեր քննարկելու համար, ստեղծել է հանձնաժողով միայն մեկ խնդրի շուրջ բանակցելու նպատակով` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում. այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի հետ բանավեճում հայտարարեց ՀԱԿ անդամ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը` հավելելով, որ այս երկրում իշխանություններն ապօրինի են, ընտրվել են բարբարոսական կեղծիքով, եւ այդ պատճառով չի ստացվում իշխանություն-ժողովուրդ կապը:

Իսկ Բոստանջյանը նշեց, որ չափազանց դժվար է պատկերացնում այդ հարցի քննարկումը. «Արտահերթ ընտրությունների անցկացման դասական վիճակներ կան. ձեզ ո՞վ է խանգարում գնալ արտահերթ ընտրությունների: Բայց դուք եկել, պահանջում եք, որ իշխանությունն ընդունի այդ պահանջը, դա շատ հուզումնալից է, բայց..:

Հարցին` ի՞նչ օրակարգով է հանդես գալու կոալիցիայի պատվիրակությունը, Բոստանջյանը նշեց, որ իրենք ինքնուս ստեղծագործողներ չեն, կոալիցիայի անդամներ են` կնստեն, կքննարկեն, թե ինչ հարցեր պետք է ներառել օրակարգում: Անձամբ իր կարծիքով` կնճռոտ հարցերից են, օրինակ, արտագաղթը, մեր տարածաշրջանների անհամաչափ զարգացումը եւ այլն:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություների պահանջին, Բոստանջյանը նշեց, որ իրենք այդ հարցը կտեղափոխեն համապատասխան որոշումներ կայացնողների դաշտ` լինի դա իշխանության համապատասխան թեւը, թե նույնիսկ հանրապետության նախագահի մակարդակը:

«Եթե դուք մտածում եք, որ մենք ենք որոշում, ապա ասեմ, որ մենք պետական կառույցներ չենք, որ կարողանանք որոշումներ կայացնել: Աշխատանքային խմբերը չեն ստեղծվել որոշումներ կայացնելու համար, այլ բանակցությունների միջոցով խոցելի խնդիրները հասկանալու եւ հիմնավորելու համար: Իսկ եթե մեզանից ավելի կոմպետենտ մարդիկ ընդունեն մեր հիմնավորումները, կվարկեն համապատասխան ձեւով: Իսկ եթե ես հիմա առաջ նետված ասեմ, թե` գիտեք, մենք ձեզ շատ ենք հարգում, ուզում ենք ձեր խաթրը չկոտրենք, արտահերթ ընտրություններ անենք, դուք ինքներդ կծիծաղեք, չէ՞, դրա վրա»:

Ֆելիքս Խաչատրյանը եւս համաձայնեց, որ իրենք որոշումներ կայացնողներ չեն, բայց նշեց, որ կապը ղեկավարության հետ պետք է լինի այնքան օպերատիվ, որ տեղում հարցերը լուծվեն եւ ընթացք տրվեն: «Թե չէ, եթե այսպես շարունակվի, ընտրությունները կանցնեն, մյուս ընտրություններն էլ կանցեն, իսկ մենք դեռ կուզենք արտահերթ ընտրություններ»,- նկատեց նա:

Թե երբ կկայանա պատվիրակությունների առաջին հանդիպումը, բանախոսները չնշեցին: «Որոշակի բացակայությունների պատճառով մենք դեռ մեր 6 հոգով չենք հասցրել հավաքվել»,- նշեց Բոստանջյանը:

Ֆելիքս Խաչատրյանն էլ նշեց, որ առաջին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա գալիք տասնօրյակում: