կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 20:17
Հասարակություն

ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան. Tert.am

ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան. Tert.am

Իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ինքն էր աղմուկ բարձրացրել մեկ տարի առաջ Նախագահի կողմից առանց մրցույթի թեկնածու առաջարկելու պրակտիկայի դեմ՝ պահանջելով, որ այդ գործընթացը տեղի ունենա հրապարակային ու թափանցիկ մրցույթի միջոցով, բայց երբ Նախագահը նրա թեկնածությունն առաջարկեց առանց մրցույթ հայտարարելու, նա այլևս չդժգոհեց։ Նա Վահե Գրիգորյանի մասնագիտական ունակությունները կասկածի տակ է դնում այն հայտարարությունից հետո, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։

- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելն իրավաչա՞փ էր, թե երկրորդ անգամ իրավունք չկար նրան առաջադրելու։

- Իմ կարծիքն այդ մասին արդեն բազմիցս հայտնել եմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ինքս հաջորդ երկու անգամները հրաժարվել եմ իմ թեկնածության կրկին առաջադրումից։ Բացի այդ, Վահե Գրիգորյանն ինքն էր աղմուկ բարձրացրել մի տարի առաջ Նախագահի կողմից առանց մրցույթի թեկնածու առաջարկելու պրակտիկայի դեմ՝ պահանջելով, որ այդ գործընթացը տեղի ունենա հրապարակային ու թափանցիկ մրցույթի միջոցով։ Բայց երբ Նախագահը նրա թեկնածությունն առաջարկեց առանց մրցույթ հայտարարելու, նա այլևս չդժգոհեց այդ պրակտիկայից ու չհրաժարվեց իր թեկնածությունից։ Փաստորեն, նրա համար անընդունելի էր միայն առանց մրցույթի ուրիշի թեկնածության առաջադրումը, իսկ սեփական թեկնածությունն առանց մրցույթի առաջադրելը լավ էլ ընդունելի է։ Սա չափազանց անսկզբունքային մոտեցում է։ Մյուս անսկզբունքայնությունը սեփական թեկնածությունն առաջադրելու խնդրանքով երեք անգամ հանրապետության Նախագահին դիմելն է, որին ինքը մինչև հիմա համարում է ոչ լեգիտիմ։ Եվ վերջապես անսկզբունքային մոտեցում է հայտարարել, թե չի հավակնում ՍԴ դատավորի պաշտոնին, բայց երեք անգամ դիմել է այդ պաշտոնում առաջադրվելու համար։ Այսպիսի անսկզբունքային մարդը չի կարող լինել ՍԴ դատավոր։ Բացի այդ, նա ունի անթաքույց քաղաքական համակրանք իշխող կուսակցության հանդեպ։ Անվիճելի է, որ նա քաղաքականապես չեզոք չէ, ուստի չի բավարարում նաև ՍԴ դատավորին ներկայացվող այդ պահանջը։ Կարելի է հիշել նաև ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը նրա մասին և այլն։ Հետևաբար, նրա թեկնածության առաջադրման համար կային բազմաթիվ խոչընդոտներ, ինչն անտեսվել է ՀՀ նախագահի կողմից։

- ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։ Նրա հիմնավորումները սահմանադրական կամ իրավական համարո՞ւմ եք, այն իրավաբանակա՞ն վեճ է, թե իրավագիտության աղավաղում Վահե Գրիգորյանի կողմից։

- Վերևում ասվածին ավելանում է, փաստորեն, նաև նրա բարձր մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ լուրջ կասկածը՝ կապված Սահմանադրության նորմերի խեղաթյուրված մեկնաբանության հետ։ Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ այդ հարցը լրջորեն քննարկելուց, որովհետև դա վերին աստիճանի պրիմիտիվ մեկնաբանություն է։ Բայց մյուս կողմից՝ իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Դրա դեմը պետք է առնել, այլապես հետևանքները կարող են կործանարար լինել երկրի համար։ Շատ ադեկվատ իրավաբաններ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել Սահմանադրության այդպիսի խեղաթյուրման առնչությամբ, անգամ իրավագիտության սկզբունքների հիման վրա մանրամասն մեկնաբանել այդ հարցին վերաբերելի նորմերը, ինչի կարիքն իրականում չպիտի լիներ։ Սակայն երբ սահմանադրական նորմերը պրիմիտիվ մեկնաբանման են ենթարկվում ՍԴ դատավորի կողմից, դա արդեն չափազանց լուրջ սպառնալիք է երկրի սահմանադրականության նկատմամբ, և պետք է միանգամից դրա դեմն առնել։

Ես իմ գործընկերների կարծիքներին կավելացնեմ միայն հետևյալը։ Իրավանորմերի մեկնաբանման հարցի առնչությամբ պետք է տարբերակել երկու բան՝ ճի՞շտ է արդյոք նորմի մեկնաբանությունը, և պարտադիր ուժ ունի՞ արդյոք այդ մեկնաբանությունը։

Որ իրավանորմերի մեկնաբանությունը նույնպես կարող է լինել ճիշտ կամ սխալ, ինքնին հասկանալի է, որովհետև իրավագիտությունը գիտություն է, ինչպես ցանկացած այլ գիտություն, և ունի իր օրենքներն ու սկզբունքները, որոնց հիման վրա չափվում են այդ գիտության արդյունքները։ Այն, որ իրավագիտությունը մեկնաբանման գիտություն է, ամենևին չի նշանակում, թե կարելի է անել ցանկացած հիմար պնդում ու անունը դնել մեկնաբանություն։ Մեկնաբանությունը նույնպես ունի կանոններ ու չափանիշներ, որոնցով էլ չափվում են մեկնաբանման արդյունքներն իրենց ճիշտ կամ սխալ լինելու տեսանկյունից։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի, օրինակ, համալսարանում գնահատել իրավաբան ուսանողների քննական աշխատանքները, որովհետև իրավաբանական խնդրի անգամ ամենահիմար լուծման դեպքում դրա հեղինակը կկարողանար պնդել, թե դա նորմի իր ընկալումն է ու վերջ։ Ցանկացած լուծում կլիներ ճիշտ։ Ինքնին հասկանալի է, որ դա այդպես չէ։ Իրավաբան ուսանողները նույնպես կտրվում են քննությունից, որովհետև սխալ են լուծում առաջադրված խնդիրը, օրինակ՝ կիրառման ենթակա նորմի սխալ կամ առնվազն անընդունելի մեկնաբանման պատճառով։

- Տեսակետ կա, որ Վահե Գրիգորյանը պարզապես տառացի ու ընտրանքային է մեկնաբանում Սահմանադրությունը։

- Սահմանադրության անգամ տառացի մեկնաբանումը չի տալիս այն արդյունքը, որին ձգտում է Գրիգորյանը։ Գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Նախ՝ ի՞նչ է նշանակում «շարունակում են պաշտոնավարել» հասկացությունը Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության իմաստով։ Դա նշանակում է, որ նրանք շարունակում են զբաղվել այն գործով, ինչով զբաղվել են մինչ օրս, այսինքն՝ իրականացնել նույն լիազորությունները, որոնցով օժտված են եղել 2005 թ. Սահմանադրությամբ։ Իսկ ի՞նչ գործունեություն են իրականացրել նրանք, ի՞նչ լիազորություններ են ունեցել։ Այդ հարցի պատասխանը, բնականաբար, պետք է փնտրել 2005 թ. Սահմանադրության մեջ։ Ըստ դրա 99-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանը կազմված է 9 անդամից, իսկ 93-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը: Հետևաբար, 2005 թ․ Սահմանադրության գործողության պայմաններում ՍԴ անդամներն իրականացրել են սահմանադրական արդարադատություն և հիմա գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության պահանջով շարունակում են իրականացնել սահմանադրական արդարադատություն։ Սահմանադրական արդարադատությունը սահմանադրաիրավական վեճերի լուծումն է, այսինքն՝ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների վերաբերյալ որոշումներ կայացնելը։ Հետևաբար, Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են լուծել սահմանադրաիրավական վեճեր։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետներին, ապա դրանք տարբեր են՝ կախված նրանից, թե կոնկրետ անդամն իր պաշտոնը որ Սահմանադրության գործողության պայմաններում է ստանձնել։ 1995 թվականի Սահմանադրության հիման վրա նշանակված անդամները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը (96-րդ հոդ․ 2-րդ նախ․), իսկ 2005 թվականի Սահմանադրության հիման վրա նշանակված անդամները՝ մինչև 65 տարին լրանալը (96-րդ հոդ․ 2-րդ նախ․)։ Օրինակ՝ պարոն Ֆելիքս Թոխյանը կամ Հրանտ Նազարյանը նշանակվել են 1995 թ․ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ նախադասության գործողության պայմաններում և պաշտոնավարելու են մինչև 70 տարին լրանալը։ Դատարանի մյուս անդամները նշանակվել են 2005 թ․ Սահմանադրության հիման վրա և կպաշտոնավարեն մինչև 65 տարին լրանալը։ 2018 թվականի ապրիլից հետո նշանակվող դատավորները կպաշտոնավարեն 12 տարի (գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախ․)։ Եվ այստեղ ոչ մի խտրականություն չկա, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր նշանակման պահին իմացել է, թե ինչ պայմաններով է նշանակվում ու համաձայն է եղել նշանակվել այդ պայմաններով։

Գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության գոյությունը պարտադիր է։ Անգամ եթե գործող Սահմանադրությունը բառացի նախատեսեր մի կարգավորում, ըստ որի՝ ՍԴ անդամների լիազորությունները դադարում են, կամ նրանք շարունակում են պաշտոնավարել 12 տարի, ինչպես որ նոր նշանակվող դատավորները, ապա այդ սահմանադրական կարգավորումն ինքը կլիներ հակասահմանադրական նորմ ու այդ պատճառով անվավեր, որովհետև կհակասեր անձի իրավական դրությունը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքին, որը բխում է իրավական պետության սկզբունքից։ Իրավական պետության սկզբունքը, որն ամրագրված է գործող Սահմանադրության 1-ին հոդվածի 4-րդ տարբերակում, պաշտպանված է 203-րդ հոդվածի հավերժության երաշխիքով։ ՀՀ Սահմանադրության 203-րդ հոդվածը և նրանում թվարկված անփոփոխելի սահմանադրական նորմերը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները, ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան սահմանադրական մյուս նորմերը: «Սովորական» և «գերակա» սահմանադրական նորմերի միջև բախման դեպքում ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող սահմանադրական նորմերը հակասահմանադրական սահմանադրական նորմեր են և անվավեր: Սահմանադրական իրավունքի գիտության մեջ այդ երևույթն անվանում են «հակասահմանադրական սահմանադրական իրավունք»: Ուստի՝ 213-րդ հոդվածի 1-ին նախադասության բովանդակությունից տարբերվող այլ կարգավորում նախատեսելը կլիներ հակասահմանադրական ու անվավեր։ 213-րդ հոդվածի 1-ին նախադասությանը համարժեք կարգավորում սահմանադիրը նախատեսել է նաև 2005 թ․ Սահմանադրության անցումային դրույթներում, որի 117-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը: Ինչպես տեսնում եք, հայ սահմանադիրը միշտ գործում է նույն տրամաբանությամբ՝ խստորեն պահպանելով օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը։

Ավելին, Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը փոփոխելը նույնպես անհնար է։ ՀՀ Սահմանադրության 203-րդ հոդվածի հավերժության երաշխիքի գոյության և գործողության տեսանկյունից պետք է տարբերել սահմանադրին՝ իբրև pouvoir constituant, և սահմանադրություն փոփոխող օրենսդրին (ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդված)՝ իբրև pouvoir constitué։ Երկուսի միջև գոյություն ունի ենթակայական հարաբերություն։ Սահմանադիրը և սահմանադրություն փոփոխող օրենսդիրը տարբեր սուբյեկտներ են ոչ միայն կազմակերպական, այլ նաև գործառութային տեսանկյունից։ Իբրև ստեղծված պետական մարմին՝ սահմանադրություն փոփոխող օրենսդիրը ստորադաս է սահմանադրին։ Նրա իրավասությունները բխում են սահմանադրությունից, որոնք նա կարող է իրականացնել միայն սահմանադրության շրջանակում։ Սահմանադրի (pouvoir constituant) և սահմանադրություն փոփոխող օրենսդրի (pouvoir constitué) տարբերակումը և այս երկու գործառույթների միջև առկա ենթակայական հարաբերությունը սահմանադրաիրավական հավերժության երաշխիքի տրամաբանական նախապայմանն է։ Հավերժության երաշխիքն իր նպատակին չէր ծառայի, եթե այս տարբերակումը չլիներ։ Այստեղից էլ հենց բխում է հավերժության երաշխիքի և սահմանադրության ու սահմանադրական փոփոխությունների նախագծի նորմերի միջև պարտադիր հիերարխիան։ Հենց նշված տրամաբանության հիման վրա է հնարավոր ստուգել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը (ՀՀ Սահմանադրություն 168-րդ հոդվածի 2-րդ կետ)։ Հետևաբար, եթե հիմա փորձ արվի փոփոխել 213-րդ հոդվածի 1-ին նախադասության դրույթը գործողից տարբերվող այնպիսի բովանդակությամբ, որն ինչ-որ կերպ կվատթարացնի ՍԴ անդամների իրավական վիճակը, կհակասի Սահմանադրության 1-ին անփոփոխելի հոդվածին, ուստի՝ կլինի հակասահմանադրական ու անվավեր։

Ինչպես տեսնում եք, ոչ միայն հնարավոր չէ մեկնաբանման որևէ մեթոդով գործող սահմանադրական նորմերը մեկնաբանել այլ իմաստով, քան ես ներկայացրեցի, այլ նաև անհնար է Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության փոփոխությունը։ Հետևաբար, Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը սխալ է ու խեղաթյուրում է ոչ միայն գործող Սահմանադրությունը, այլ ամբողջ իրավագիտությունը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե իրավանորմի որ մեկնաբանությունն է պարտադիր, ապա այստեղ նույնպես Վահե Գրիգորյանի բախտը չի բերում։ Օրենքների պարտադիր մեկնաբանման համար իրավասու են դատարանները։ Պետությունը և քաղաքացիները կաշկանդված են օրենքի միայն այն մեկնաբանությամբ, որը տվել են դատարանները։ Սահմանադրական նորմերի վերջնական պարտադիր ուժով մեկնաբանման լիազորությունը պատկանում է բացառապես Սահմանադրական դատարանին։ Ընդ որում, ՍԴ-ն իր այդ լիազորությունն իրականացնում է միայն կոնկրետ սահմանադրաիրավական վեճեր լուծելու շրջանակում՝ իր մեկնաբանություններն ամրագրելով իր որոշումներում։ Սահմանադրական դատարանի առանձին դատավորների կողմից սահմանադրական նորմերի մեկնաբանության այլ դեպքերում մեկնաբանության արդյունքը կոնկրետ դատավորի մասնավոր կարծիքն է և որևէ պարտադիր ուժ չունի, քանի որ չի կարող այնպես լինել, որ յուրաքանչյուր քաղաքացի օրենքը մեկնաբանի այնպես, ինչպես ինքն է իր ընկալմամբ ճիշտ համարում, ու դա պարտադրվի ուրիշներին։ Պարտադիր և պետական իշխանության միջոցով հարկադրելի է միայն օրենքը՝ դատարանների մեկնաբանությամբ։ Հետևաբար, ուղղակի ծիծաղելի է, երբ իբր իրավաբանը տեսախցիկների առջև լուրջ դեմքով հայտարարում է, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այլևս դատարանի նախագահ չէ ու չպիտի գնա գործի, որովհետև այդպես է կարծում Վահե Գրիգորյանը։ Վահե Գրիգորյանի կարծիքը ոչ միայն սխալ է, այլ նաև որևէ մարդու համար չունի պարտադիր ուժ։

- Ստեղծված իրավիճակը հնարավո՞ր է, որ ՀՀ-ում ստեղծի դատական, ինչու ոչ նաև սահմանադրական ճգնաժամ։

– Իհարկե ոչ, որովհետև, ինչպես տեսանք, որևէ մարդու մեկնաբանությունը ոչ ոքի չի կաշկանդում։ Թե ինչպես պետք է հասկանալ գործող Սահմանադրության դրույթները, բոլորիս համար պարտադիր ուժով կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը։ Քանի դեռ ՍԴ-ն իր որոշմամբ չի մեկնաբանել այս նորմերը, ուրիշների մեկնաբանությունը կմնա սոսկ իրենց մասնավոր կարծիքը։ Նույնը վերաբերում է նաև այստեղ ներկայացված իմ կարծիքին։

- Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ՝ ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի հանգուցալուծումը։

- Արդեն ասացի, որ ՍԴ դատավորի կողմից Սահմանադրության դիտավորյալ խեղաթյուրումը չափազանց վտանգավոր ու անընդունելի քայլ է ու չպետք է անհետևանք մնա։ ՍԴ դատավորը, որը երկրի գործող Սահմանադրության նկատմամբ ունի անթաքույց արհամարհական վերաբերմունք, այն անվանում է բռնաբարության ծնունդ, դիտավորյալ խեղաթյուրում է Սահմանադրության իմաստը՝ հանդես գալով իր պաշտոնական կարգավիճակով երկրի խորհրդարանում, չի կարող ու չպիտի շարունակի պաշտոնավարել իբրև դատավոր։ Նա ակնհայտորեն ի վիճակի չէ իրականացնել սահմանադրական արդարադատություն գործող Սահմանադրության հիման վրա և պաշտպանել այդ Սահմանադրությունը։ Բացի այդ, ՍԴ նախագահի լիազորությունների ապօրինի յուրացման փորձն արդեն չափազանց ծանր խախտում է, ուստի այս հարցի հանգուցալուծումը ես տեսնում եմ գործող Սահմանադրության 164-րդ հոդ․ 9-րդ մասի շրջանակում։ Մտածում եմ, որ Սահմանադրական դատարանի բոլոր ութ անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։