Ֆրանսիայի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն:
Պատվիրակության անդամները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Սա իմ 38-րդ այցն է Հայաստան: Մեր պատվիրակությունն այցելել է նաեւ Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր շուրջ կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին՝ ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական եւ նորարարական հարթակ: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ, լռությամբ հարգում զոհերի հիշատակը: Այս հուշահամալիրը հզոր վայր է: Որպես հումանիստ՝ բոլորիս պարտքն է գալ եւ հարգանքի տուրք մատուցել», - ասել է «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առաջին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան:
Եռաբլուրում պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: