կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-28 10:50
Հասարակություն

Աղանդավորները` հարսանյաց սրահում

Աղանդավորները` հարսանյաց սրահում

Հունիսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի մոտ գտնվող հարսանյաց տներից մեկում կազմակերպվել էր Եհովայի վկաների հերթական հավաքը:

Նրանք նախօրոք հանդիպել էին տեղի սրահների ղեկավարների հետ` տարածք վարձակալելու համար, սակայն վերջիններս հրաժարվել էին աղանդավորների հետ համագործակցել, անգամ` առաջարկված մեծ գումարի դիմաց:

Ի վերջո, ինչ-որ կերպ Եհովայի վկաների երեցներին հաջողվել է պայման կապել սրահներից մեկի տիրոջ հետ, սակայն դա նույնպես անհանգստացրել է հարակից ռեստորանների ղեկավարներին, աշխատողներին եւ տեղի բնակչությանը, ովքեր էլ իրենց բողոքներով դիմել են տեղի հոգեւորականներին:

«Պարզվեց, որ հավաքույթին մասնակցում են Եհովայի վկաներ ողջ Հայաստանից, սրահն էլ վարձել են մի քանի օրով»,- պատմեց Փարաքարի Սբ Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը:

Փարաքարի Սբ Հարություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արմեն դպիր Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հավաքին մասնակցել է մոտ 150 հոգի: «Բողոքներ կային ոչ միայն հարեւան սրահների աշխատակիցներից եւ տնօրեններից, այլեւ հենց նույն հարսանյաց սրահի աշխատողներից: Աշխատակիցներից մեկն ասաց, որ Եհովայի վկաները նաեւ թաղամասում են իրենց անհանգստացնում, հոգեորսության բազմաթիվ դեպքեր են եղել` հենց իրենց ընտանիքի հետ կապված, փորձել են «բժշկել», «ուսուցանել» կամ «տարածել Աստծո խոսքը»,- պատմեց Արմեն դպիր Սարգսյանը:

Ըստ ականատեսների` երեցներից մեկը տեր Գեղամին ուղղակի հրամայել է. «Հեռացե՛ք այստեղից, Դուք մեզ խանգարում եք»: Քահանան պատասխանել է, թե ոչ ոք չի կարող տարածաշրջանի հոգեւոր հովվին վռնդել իր իսկ ծառայության տարածքից, մանավանդ, երբ նա այնտեղ է հավատացյալ հայորդիների խնդրանքով: «Եհովայի վկաներ» կառույցի ղեկավարները ոստիկանություն են կանչել, սակայն ոստիկանները ձեռնպահ են մնացել խառնվել քաշքշուկին` հայտարարելով, թե դա իրենց ոլորտը չէ:

Ի վերջո, հոգեւորականների հետ զրույցից հետո, սրահի տնօրինությունը հրաժարվել է ծառայություններ մատուցել «Եհովայի վկաներ» կազմակերպությանը` չնայած 5-օրյա պայմանագրին:

Հայկ ԿԻՍԵԲԼՅԱՆ