Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2003 թվականից արված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում քաղաքական, աղանդավորական և դիվանագիտական կառույցներն իրար հետ կապված են. լրագրողներին ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Վերցնենք Ուկրաինիայի փորձը. այնտեղ Մայդանում հայտնվել էին «Աստծո տուն» եկեղեցու հետևորդները: Մեզ մոտ աղանդավորականներ կային նաև Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ովքեր Աստվածաշնչերով մտել էին մարդկանց մեջ»,- ասաց նա:
Ամարյանի խոսքով` Հայաստանում գործում են 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 13-ը` հայկական, բայց մեկն է միայն մաքուր հայկական և չի ֆինանսավորվում արտասահմանից: Ըստ նրա` Հայաստանում կրոնական կառույցները պետություն են պետության մեջ:
«Կրոնական կազմակերպություններն ավելի շատ օգտագործվում են ընտրությունների ժամանակ: Ավելի հեշտ է այդ նույն ընտրությունների ժամանակ գործ ունենալ մեկ կազմակերպության հովվի հետ, քան` առանձին մարդկանց, քանի որ հովիվն ինչպես ասի, այդպես էլ անելու են»,- ասաց Ամարյանը:
Նրա տվյալներով` Հայաստանում գործում է 300 հազար աղանդավոր: «Սա բնակչության 15-20%ն է, և այդ 300 հազար ձայնը քաղաքական ասպարեզում ընտրության ժամանակ մեծ թիվ է: Սա ակտիվորեն օգտագործում են ընդդիմադիր կուսակցություները»,- նշեց Ամարյանը:
Նա տեղեկացրեց, որ այս աղանդավորական կազմակերպությունները զբաղված են տեղեկատվության հավաքագրմամբ: «Վերջին երկու տարում աղանդավորական կառույցներում կա մեկ հրաման` ներթափանցել բոլոր պետական մարմինները` բժշկության ոլորտ, ոստիկանություն, քաղաքական, պետական կառավարական մարմիններ, և դա լավ ստացվում է, փորձում են ներթափանցել անգամ Պաշտպանության բանակ»,- ասաց նա:
Խոսելով կրոնական կազմակերպությունների հասցրած վտանգի մասին` Ամարյանը նշեց, որ առաջին վտանգն ազգային անվտանգությանն է վերաբերում, այսինքն` հավաքում են տվյալներ մեր երկրից: «Բացի այդ` ընտանիք է քայքայվում: Արտասահմանից սկսել են ակտիվորեն աշխատել հայ ընտանիքի դեմ: Վտանգներից մեկն էլ այն է, որ կրոնական կառույցների միջոցով Հայաստանում մտնում է փողերի լվացման շրջանառություն»,- ասաց նա, ապա բերեց օրինակ` Ավետարանչական եկեղեցին ցույց է տալիս 7 մլն դրամի շրջանառություն, բայց կառավարությանը կից բարեգործական ծրագրերի հանձնաժողովում նշվել է 800 հազար:
«Պարզեցինք, որ մնացած գումարով տարածք են ձեռք բերել, իսկ այդ տարածքները, ըստ այդ կազմակերպության կանոնադրության, պատկանում են ոչ թե Հայաստանին, այլ Ամերիկային: Սա անօրինական է, բայց օրինական ձևով արվում է: Մենք մեր հողերն ենք ծախում` առանց հասկանալու»,- ասաց Ամարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այդ 54 կրոնական կազմակերպությունները, որոնք հայկական չեն, ազատված են հարկերից: