կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-11 03:00
Քաղաքական

Կազանի հանդիպումից մեծ սպասելիքներ չկան

Կազանի հանդիպումից մեծ սպասելիքներ չկան

«Մենք նախկինում էլ  բանակցային գործընթացում ունեցել ենք որոշակի ակտիվ փուլեր, հանգուցալուծումը կարծես  շատ մոտ է եղել: Այս անգամ էլ ամեն ինչ կրկնվում է: Միջնորդ երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ առաջընթաց արձանագրվի, և այս առումով հնարավոր է, որ Կազանում արվի համատեղ հայտարարություն»,- ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համաժողովից հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա հավելեց, որ ԼՂՀ իշխանությունների սպասելիքները կազանյան հանդիպումից այնքան էլ լավատեսական չեն, քանի որ Ադրբեջանը շարունակում է գործել ինչպես միշտ` բանակցային գործընթացը նենգափոխելու, հիմնախնդրի կարգավորման մեջ նոր տարրեր մտցնելու եւ ռազմատենչ հայտարարություններ անելու տրամաբանությամբ:

«Կազանում կարող է լինել ինչ-որ համաձայնություն, բայց նաեւ կարող է լինել փակուղային իրավիճակ: Փակուղու դեպքում քննարկումները կշարունակվեն, աշնանը կլինի քննարկումների նոր փուլ, եւ պետք է օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարքները` ներկայացնելով ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ մեր երկու պետությունների տեսլականը»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Կազանի հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը շփման գծում կրկին սադրանքներ իրականացնի, ԼՂՀ ԱԺ նախագահը պատասխանեց. «Կարծում եմ, որ նախորդ ամիսներին եղած սադրանքները եւ մեր համարժեք պատասխանները պետք է դաս լինեն Ադրբեջանի համար»:

Ինչ վերաբերում է շփման գծում խաղաղարար ուժերի տեղակայման հավանականությանը, նա նշեց, որ այժմ դրա մասին խոսելը վաղաժամ է, որովհետև տարածաշրջանում խաղաղարար ուժերի տեղակայման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը: «Գոնե այս փուլում դրա հիմքերը չկան»,- ասաց նա:

Աշոտ Ղուլյաննը նաև համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ ԼՂՀ-ն, որպես կողմ, մասնակցելու է բանակցային գործընթացին: «Երեւի հենց այդ նպատակով է, որ ԼՂՀ նախագահը համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ արձանագրեց, որ Ղարաբաղի մասնակցությունը գործընթացին մենք տեսնում ենք այդ գործընթացի բոլոր փուլերում»,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը: