|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայտնի է, որ 2015թ. բյուջեի նախագծում տեղ չեն գտել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքով պայմանավորված կանխատեսումները: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կառավարությունն այնքան հեռատես չի գտնվել, որ չի ներառել ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց անհեռատեսության հետ` ասելով, որ կառավարությունը բյուջեի փաստաթղթում հաշվարկել է այն, ինչը հաշվարկված է, ինչը առկա է:
«Երբ կանդամակցեր ՀՀ-ն, միայն դրանից հետո կարելի կլիներ խոսել բյուջեի փոփոխությունների մասին: Կառավարությունը, իհարկե, արել է կանխատեսումներ, թե ինչ փոփոխություններ կլինեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պարագայում»,- վստահեցրեց նա:
Հարցին` ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել` հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե որևէ գործընթաց հնարավոր չէ կանխատեսել 100 տոկոսով, սակայն, ըստ կանխատեսումների, դրական սպասումներն ավելի շատ են:
Սակայն եթե բացասական լինեն հետևանքները, հնարավո՞ր է վերաձևել բյուջեն: Այս կապակցությամբ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ որևէ մեկը չի կարող 100 տոկոսով երաշխավորված լինել որևէ իրավիճակից: «Կանխատեսումները ո'չ դուք, ո'չ ես, ո'չ էլ որևէ մեկը չի կարող անել, այնուամենայնիվ, տարիներ շարունակ կարողացել ենք ճիշտ կանխատեսել բյուջեն: Ինձ թվում է` այս տարի ևս բացառություն չի լինի»,- ասաց նա: