Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Հարգարժան պարոնայք
Ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, «Կարեն-1» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ենոքյանը:
Տարիներ առաջ շատ ու շատ մեր հայրենակիցների նման ես էլ էի բռնել արտագնա աշխատանքի միջոցով ընտանիքիս հանապազօրյա հացը վաստակելու ուղին: Պատճառը պարզ էր. աշխատանք չկար, ընտանիքիս հոգսերը զուտ հողագործությամբ հոգալն անկարելի էր: Քրտնաջան աշխատանքով կարողացա ոչ միայն այդ հոգսերը հոգալ, այլ նաև որոշակի գումար հետ գցել, որով փորձեցի հայրենի հողի վրա իմ փոքրիկ բիզնեսը ստեղծել (եթե, իհարկե, դա կարելի է բիզնես համարել):
Հարազատ գյուղում 2003 թվականին փոքրիկ խանութ-կրպակ բացեցի և մանրածախ առևտուր սկսեցի` որպես Հայաստանի օրինապահ քաղաքացի ապահովելով օրենքով նախատեսված իմ հարկային պարտավորությունների կատարումը: Իսկ գյուղական բնակավայրում, երևի ինքներդ էլ գիտեք, առևտուրն ինչպես է կազմակերպվում` կախված մարդկանց սոցիալական վիճակից`մի օր լավ է, մի օր` վատ, հաճախ` պարտքով: Սակայն չեմ դժգոհում, կարևորը հացս վաստակում եմ իմ հայրենիքում, առանց օտար հողում` չգիտեմ որերորդ կարգի մարդ համարվելու:
Այս ընթացքում նաև ՌԴ-ում աշխատող եղբայրս էր օժանդակում` իր աշխատած փողից ուղարկելով առևտրի մեջ ներդրում անելու համար, ինչը օգուտ էր նաև հարազատ գյուղիս:
Հարգարժա'ն պետական այրեր, վերջին տարիներին մշտապես հնչեցնում եք պետական մակարդակով փոքր և միջին բիզնեսին օժանդակելու, այդ ուղղությամբ հարկային բարեփոխումներ կատարելու մասին: Բոլորովին վերջերս էլ խոսք էր գնում հարկային տեսչության աշխատակիցների շփումը գործարարի խորհրդատու, աջակից հանդես գալու անհրաժեշտության մասին: Սա, ինչ խոսք, ողջունելի մոտեցում է, եթե իրականություն դառնա:
Ես հոռետես չեմ, սակայն այդ բարեփոխումներն իրականացնելու համար գործնական քայլեր պետք է ձեռնարկվեն, ինչը չի նկատվում տեղի հարկային տեսչության որոշ աշխատակիցների գործելաոճում ու վարքագծում: Ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել օրինախախտ ստուգման մի դրսևորում:
Վերջերս` մայիսի 31-ին, իմ խանութ եկավ Մարտունու տարածքային հարկային տեսչության աշխատակիցներից մեկը: Նա 500 դրամի գնումներ կատարեց, ինչպես կարգն է` գումարը մուտքագրեցի և ՀԴՄ կտրոն տրամադրեցի: Հարկային տեսուչը հրաժարվեց այն վերցնել և դուրս եկավ: Նույն աշխատակիցը այցելեց նաև հաջորդ օրը, դարձյալ գնումներ կատարեց` այս անգամ 1150 դրամի չափով: Էլի ՀԴՄ կտրոն տվեցի ու նա կրկին հրաժարվեց այն վերցնել: Տեսուչը դուրս եկավ, ապա վերադարձավ` ինձ ներկայացնելով տարածքային հարկային տեսչության պետի` 2011 թվականի մայիսի 26-ի թվագրմամբ «Կարեն-1» ՍՊԸ-ում ՀԴՄ կիրառման ճշտության ստուգում իրականացնելու հանձնարարագիրն ու արդեն իսկ նախապես տպված-պատրաստ ակտը` հրահանգելով ստորագրել: Երբ հարցրեցի, թե դա ինչ է ու ինչի համար, պատասխանեց, որ պետք է ստորագրեմ ու տանեմ 150 հազար դրամ տուգանք վճարեմ: Երբ կրկին բացատրություն պահանջեցի, հանձնարարագիրը գցեց խանութի ցուցափեղկին, վերցրեց ակտն ու դուրս եկավ: Հետևից դուրս եկա, տեսա, որ մեքենայում նստած է ևս մեկ տեսուչ:
Ի դեպ, ինչպես հետագայում կարդացի հանձնարարականում, ինձ պետք է ստուգման համար այցելեին ՊԵԿ-ի 3 աշխատակիցներ: Եկել են երկուսը, որոնցից միայն մեկն է ներս մտել (եթե դուրս չգայի, երևի երկրորդ տեսուչին չէի էլ տեսնի): Մեքենայում նստած աշխատակիցը զարմացավ, երբ լսեց, որ իր գործընկերը ՀԴՄ կտրոնը չի վերցրել` հարցնելով. «Ոնց, բա չեկը չե՞ս վերցրել»:
Այդ պահին տեսուչը հետ վերադարձավ խանութ, ես մինչ նրա հետևից ներս մտա խանութ, տեսա, որ ՀԴՄ-ով կտրոն է տպում: Իմ հարցը, թե ի՞նչ է անում, դարձյալ մնաց անպատասխան: Միայն ասաց, որ դրա իրավունքն ունի ու, կտրոնը վերցնելով, դուրս եկավ, նստեց մեքենան ու հեռացավ:
Միանգամայն սուտ է նաև ակտում տեղ գտած գրառումը, թե այլ հաճախորդ էլ է այդ պահին գնում կատարել ու ՀԴՄ կտրոն չի ստացել: Այս ամենին ականատես մարդիկ կան, որոնք հարկ եղած դեպքում կվկայեն պատմածիս ճշմարիտ լինելը:
Անմիջապես գնացի ՏՀՏ, որպեսզի պարզաբանումներ ստանամ կատարվածի վերաբերյալ: Ցանկացա հանդիպել ՏՀՏ պետին, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին` ասելով, որ շատ զբաղված է:
Քանի որ հանձնարարագրում կարդացել էի, որ իմ խանութը ստուգելու հանձնարարություն ստացած 3 աշխատակիցներից մեկը ՊԵԿ ՕՀՎ-ի աշխատակից է, գնացի այս կառույց, հանդիպեցի այդ մարդուն: Վերջինս էլ զարմացած ասաց, որ ինքը տեղյակ չէ նման հանձնարարագրի, առավել ևս` ստուգման մասին:
Հունիսի 3-ին կրկին գնացի Տարածքային հարկային տեսչություն` ներկայացնելու Z հաշվետվությունը: Հանդիպեցի ՏՀՏ պետ պարոն Կ. Հակոբյանին, որն էլ շատ բարեկիրթ պահվածք դրսևորեց, հետաքրքրվեց իմ հարկային պարտավորությունների կատարմամբ` ոչ մի խոսք չասելով վերը նշված ակտի մասին: Երբ դուրս եկա, համապատասխան բաժնի պատասխանատուն հետաքրքրվեց, թե ընդունե՞ց Կ. Հակոբյանն իմ հաշվետվությունը: Իմ դրական պատասխանը զարմացրեց վերջինիս, որը նկատեց` թե ՀԴՄ ստուգման ակտ կա, ախր, իմ անունով:
Հունիսի 8-ին գյուղի փոստային բաժանմունքից ստացա ՏՀՏ-ի` ինձ հասցեագրված նամակը` ստուգման մասին ակտով և արձանագրությամբ` թվագրված հունիսի 1-ով: Ի զարմանս ինձ 2 փաստաթուղթն էլ ստորագրել էին հանձնարարագրում նշված 3 աշխատակիցներն էլ, որոնցից երկուսն ընդհանրապես ներկա չեն եղել «իմ կողմից թույլ տրված իրավախախտմանը»:
Այս դեպքում խախտվել է ՀՀ ստուգումների մասին օրենքը, քանի որ ինձ ընդհանրապես չեն ծանուցել կազմված փաստաթղթերի մասին. եթե ժամանակին պատշաճ կերպով ինձ ներկայացնեին ակտն ու արձանագրությունը, ես գրավոր կերպով կներկայացնեի իմ առարկությունները:
Ուստի խնդրում եմ այս բաց նամակը հաշվի առնել նաև որպես այդ առարկությունները ներկայացնելու միջոց: Հուսով եմ, որ կատարվածը կարժանանա Ձեր ուշադրությանը և համապատասխան վերաբերմունքին: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ այլ պարզաբանումներ ու ապացույցներ ներկայացնել նշված փաստաթղթերի հետ միասին:
Ես սիրում եմ իմ հողն ու ջուրը և չէի ցանկանա մեկ-երկու անբարեխիղճ տեսուչի պատճառով կրկին լքել իմ հայրենիքը` քրտինքս թափելով օտար հողի վրա:
Հարգանքներով` Կարեն Ենոքյան
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լիճք