Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով երեկ դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին: Բժիշկներն իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Վանեսյանն, ի դեպ, միջոցառմանը ներկա է գտնվել շրջանավարտի կարգավիճակում:
Փաշինյանին ուղղված նամակում, մասնավորապես, նշված է.«Վանեսյանը Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա, արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:
Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը և վատ օրինակները ի սպառ բացառելու նկատառումներով»-տեղեկացնում էին բաց նամակով հանդես եկողները:
Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր, որ բժշկական համալսարանը կրթական ամենալուրջ հաստատություններից մեկն է և որևէ մեկը չի կարող իրեն ոչ վայել պահվածք դրսևորել այդ կրթօջախում:
Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ մամուլից ծանոթացել է իրեն ուղղված բաց նամակին.«Այս պահին գործուղման մեջ եմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Վերադառնալուն պես՝ կպարզեմ բարձրացված հարցի հանգամանքները»։
Yerkir.am-ը զրուցել է նաև Նարեկ Վանեսյանի հետ, ով նախ նշեց, որ դիպլոմների համար, որը ստացել են երեկ, ոչ միայն վճարել են 1.5 մլն դրամ, սովորել ու ստացել այն, այլ նաև պայքարել են, որպեսզի այնտեղ գրվի այն, ինչի համար համապատասխան գովազդով իրենք ընդունվել էին MBA (Master of Business Administration) սովորելու: Նրա խոսքով՝ սովորելու ընթացքում պարզվել է, որ իրենք չեն ստանալու այնպիսի դիպլոմ՝ MBA-ի դիպլոմ, ինչպես նախապես ներկայացված է եղել, այլ ստանալու են Բուժհաստատությունների կառավարման մագիստրոսի աստիճան: «Բնականաբար, սկսեցինք բարձրաձայնել խնդիրը, ինչի մասին էլ, հավանաբար, ակնարկում են նամակում՝ ասելով, որ նախկինում ևս ես նման վարք եմ դրսևորել: Մեր դժգոհությունը դիպլոմների հետ կապված բացառապես առողջ են՝ ոչ միայն իմ կողմից, այլ նաև կուրսի: Այսինքն՝ եթե մենք վճարել ենք մի ծրագրի համար 1.5 մլն դրամ, մեզ նախապես ներկայացված է եղել, որ պետք է ստանանք MBA-ի դիպլոմ, հիմա ինչո՞ւ պետք է ստանանք դիպլոմ, որն իմ արդինատուրայի դիպլոմից աստիճանով ավելի ցածր է: Մեր կուրսի հետևողականության շնորհիվ ԿԳՆ-ն փոփոխություն էր առաջարկել կառավարության որոշման մեջ, որից հետո մենք ստացանք դիպլոմ՝ MBA աստիճանով»,-ասաց Վանեսյանը:
Ինչ վերաբերում է դիպլոմները տալու արարողությանը, ապա, վերջինիս հավաստմամբ, իրենց նախապես ասված է եղել, որ միջոցառումը լինելու է նոյեմբերի 1-ին: Սակայն Վանեսյանի խոսքով՝ իրենց համար անհայտ հապճեպությամբ մեկ ու կես օր առաջ զանգահարում և իրենց ասում են, որ Նոբելյան մրցանակակիրներն են այցելելու համալսարան, ովքեր էլ հանձնելու են դիպլոմները: Վանեսյանը պնդում է՝ իրենց կանխավ որևէ օրակարգ չի տրվել, եղած օրակարգն էլ չի քննարկվել իրենց հետ: «Որևէ ձևով մեզ հետ չի քննարկվել օրակարգը, թե նախ պետք է մեր դիպլոմները հանձնեն, հետո դասախոսություն լսենք: Մեզ տվել էին հրավիրատոմսեր ու մեզ հետ եկել էին մեր ընտանիքի անդամները, բնականաբար, շատ հնարավոր էր, որ նրանց չհետաքրքրի քիմիայից Նոբելյան մրցանակակրի ելույթը՝ խիստ մասնագիտական առումով: Կարծում եմ՝ ավելի հասցեական կլիներ, որ ելույթը լսեին մարդիկ, ովքեր վաղը պրակտիկայում կարող էին կիրառել: Հընթացս պարզվում է, որ մեզ համար ելույթ նախատեսված չէ, ու ես էլ ասել, բայց չէ՞ որ սա մեր միջոցառումն է ու դուք գիտեք, թե մենք ինչ ջանքերի շնորհիվ ենք փորձել ձեռք բերել այդ դիպլոմը: Սակայն ինձ պատասխանել են, թե սա Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպում է՝ ինչպե՞ս ենք պատկերացնում, որ մեզ ելույթի հնարավորություն տան»,-ասաց Վանեսյանը:
Նրա հավաստմամբ՝ իրենց ելույթի հնարավորություն է տրվել ամենավերջում, հավանաբար՝ ռեկտորին տեղյակ պահելուց հետո, որ իրենք դժգոհություն ունեն: Վանեսյանը նշեց, որ միջոցառման ավարտին իրենց առաջարկել են, որ եթե ուզում են, կարող են ելույթ ունենալ, ինչին էլ ինքը պատասխանել է, որ, ոչ, չեն ուզում.«Այնուհետև ռեկտորը, քանի որ օրակարգ չկար, բարձրացավ բեմ ու հայտարարեց, թե այն հարթակը, որը տրվում է մեզ, պետք է կարողանաք օգտագործել, ոչ թե հրաժարվենք: Ցավում եմ, որ ռեկտորն ունի այնպիսի պատկերացում, որ կարող է իրեն իրավունք վերապահել մեզ՝ այնտեղ 10 և ավելի տարիներ սովորողներիս, հարթակ տրամադրել-չտրամադրելուց խոսել: Այն պահից, երբ տեղի ուսանող ենք դարձել, մենք իրավունք ունենք օգտագործելու բուհի հարթակը: Միևնույն պարագայում, որևէ մեկն իրավունք չունի մեզ անտեսել ու որոշել, որ մեր միջոցառման ֆոնի վրա միայն վերջում որոշեն՝ մենք պետք է խոսե՞նք, թե՞ ոչ»:
Անդրադառնալով նամակը ստորագրած պրոֆեսորադասախոսական կազմին՝ Վանեսյանն իր զարմանքը հայտնեց՝ ասելով, որ թե՛ ինքը, թե՛ համակուրսեցիները զարմացած են, քանի որ ցանկում կան ներկայացված մարդիկ, որոնց մի մասը ներկա չի եղել միջոցառմանը: Վանեսյանը վստահ եմ, որ վերջիններս ուղղակի չեն էլ պատկերացրել, թե ինչի մասին է խոսքը գնում, և նրանց ուղղակի ընդհանուր ու աղավաղված մի իրավիճակ է ներկայացվել:
Բաց նամակում արտահայտված էր նաև մի խնդիր, որ Վանեսյանը բուհի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, և որտեղ դրսևորել է «անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսևորվելու պարագայում»: Վանեսյանը, խոսելով վերահիշյալ իրավիճակի վերաբերյալ նշեց, որ աշխատակազմի ղեկավարն իրեն աշխատասենյակ հրավիրելուց հետո սկսել է գոռգռալ չի վրա, ինչին ի պատասխան ինքն ասել է, որ թույլ չի տա, որ իր վրա ձայնը բարձրացնեն ու դուրս է եկել սենյակից:
«Այսօր նաև փորձ է արվել համակուրսեցիներիս զանգահարել, որպեսզի նրանցից որևէ մեկից փորձեն ինչ-որ բառ պոկեն այն մասին, թե իբր ես ռեպլիկներ եմ բաց թողել Նոբելյան մրցանակակիրների ելույթների ժամանակ: Նրանց ելույթի ժամանակ որևէ ռեպլիկ չի եղել, ավելին՝ նրանց ելույթի մեծ մասը լարված լսել եմ, ընթացքում փոքրիկ քննարկումներ ենք ունեցել համակուրսեցիներով: Եթե որևէ ռեպլիկ լիներ, հարգարժան ռեկտորն ու պրոռեկտորը, որոնք իմ առջևում էին նստած, կարող էին շրջվել ու ինձ նկատողություն անել: Մեր կողմից եղել է վիրավորվածություն, որ փորձել են մեզ անտեսեն ու ես արտահայտել եմ այդ վիրավորվածությունը, որ չի կարելի մեզ անտեսել»,-նշեց Վանեսյանը:
Նրա խոսքով՝ որպես ծրագրի առաջին շրջանավարտ՝ իր 5 ընկերներն իր խորհրդով գնացել են այնտեղ սովորելու, ինչը, Վանեսյանի բնորոշմամբ, խոսում է ծրագրի հանդեպ իր վերաբերմունքի մասին.«Այսինքն՝ ես ինչպե՞ս կարող էի միտում ունենալ տապալելու այդ միջոցառումը: Ցավում եմ, որ մեր միջոցառումն օգտագործեցին նման ձևով, քանի որ մենք արժանի չէինք սրան: Բացի այդ՝ մի փոքր տարօրինակ է, որ բուհն իր ուսանողի՝ ինձ հետ կապված, դիմում է ՀՀ վարչապետին: Ինձ թվում է՝ բուհում ավելի կարևորագույն խնդիրներ կան, որոնց հետ կապված ՀՀ կառավարությունը պետք է անհանգստանա: Տեսեք՝ ես առաջամարտիկն եմ եղել պայքարելու դիպլոմների իրական նշանակության համար, շատ դեպքերում նաև անարդարության դեմ եմ պայքարել ու գուցե շատերին դա դուր չի եկել»:
Վանեսյանը նշեց նաև, թե չի կարծում, որ ոմն ուսանող (խմբ.՝ նկատի ունի իրեն) կկարողանա փչացնել մայր բուհում կազմակերպվող միջացառումը, մյուս կողմից՝ չի պատկերացնում գիտական խորհուրդ կամ պրոֆեսորական կազմ, որ ոմն ուսանողի համար դիմում է ՀՀ վարչապետին: «Կխնդրեմ, որ իրենք էլ բավականին զուսպ լինեն իրենց տարածած հայտարարությունների մեջ, և տարածելուց առաջ մտածեն, որ մենք էլ ունենք հետադարձ հայացք և բավականին լավ հիշողություն: Շնորհակալ ենք մայր բուհին, որ մեզ տվել է այդ կրթությունը: Կուրսում, ի դեպ, 26 հոգի ենք ու միասնական ենք»,-իր խոսքն ամփոփեց նա:
Կ. Հ.