Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«SOS Սևան» նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար:
Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել:
Նախաձեռնությանը միացել են տարբեր գիտնականներ, հասարակական գործիչներ ու բնապահպան քաղաքացիներ՝ Հայաստանից ու սփյուռքից: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
««SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին
Հարգելի՛ ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ,
«SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար: Նախաձեռնության կազմում են` գիտնականներ, հասարակական գործիչներ, Գեղարքունիքի մարզի ակտիվ քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր հավաքագրել են փաստեր, գիտական հետազոտությունների արդյունքներ, ուսումնասիրություններ, պետական և անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծություններ:
Ի մի բերելով այս ամենը` նախաձեռնությունը դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի այն իր ամբողջ կազմով պատասխանատվություն ստանձնի Սևանա լճի փրկության համար:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն ընդունում է որոշման նախագիծ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» և հետագայում Ազգային Ժողովն ընդունում է այն: Սակայն, դիտարկելով Սևանա լճի ներկայիս վիճակը, փաստում ենք, որ օրենքի պահանջները թերի են իրականացվում:
Ներկայումս պատասխանատվությունը կրում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր հերթին այդ պատասխանատվության կրող է տեսնում նաև այլ պետական մարմինների` ՀՀ առողջապահության նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և այլն: Հաշվի առնելով, որ Սևանա լճի խնդիրները բազմազան են և պահանջում են և մասնագիտական, և քաղաքական լուծումներ, պարզ է դառնում, որ մեկ կամ մի քանի պետական կազմակերպություն կարող է միայն մասնակի խնդիրների համար լուծում գտնել` չպատկերացնելով ամբողջական ծավալը և չունենալով համապատասխան լծակներ այդ լուծումները կյանքի կոչելու համար:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կենտրոնացել է հետևյալ խնդիրների վրա.
• Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրերից կեղտաջրերի մուտքը լիճ
• Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ
• Գյուղատնտեսությունը և անասնապահությունը
• Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ
• Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ
• Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները
• Տեղումների սակավությունը
• Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը:
Այս խնդիրների լուծման նպատակով նախարարությունն առաջարկում է համապատասխան գործողություններ:
Նշելով այս խնդիրների լուծման կարևորությունը` «SOS Սևան» նախաձեռնությունն առանձնացնում է առաջնային լուծում պահանջող խնդիր` Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Խնդրի լուծումը պահանջում է բազմաթիվ լծակների կիրառում: Բարձրացմանը խանգարում են հետևյալ կարևոր հանգամանքները.
1. Սևանա լճի շուրջը կա 1905 մ նիշից ցածր գտնվող թվով 4729 հաշվարկված շինություն, որոնք Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման պարագայում կմնան ջրի տակ:
2. Պետական նշանակության ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը և այլն, նույնպես կարող են ջրածածկվել: Մինչ օրս կառավարությունը չի առաջարկել ենթակառուցվածքների տեղափոխման միջոցառումների ծրագիր:
3. Սևան-Հրազդան հիդրոկասկադի բիզնես-շահը Սևանա լճի ջրառի հաշվին:
4. Ոռոգման համակարգի խիստ անբավարար վիճակը Սևան-Հրազդան ջրատարում և Արարատյան դաշտում: Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների շարունակվող գերշահագործում, ինչը հանգեցրել է Սևանա լճից հավելյալ ջրառների:
5. Որոտան-Արփա թունելի չշահագործումը, Արփա-Սևան թունելով Սևանա լիճ մտնող ջրի պակասը:
Անհրաժեշտ է.
• կատարել Սևանա լճին սպառնացող վտանգների համալիր գնահատում
• բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակը հիպոլիմնիոնի պաշտպանիչ շերտի ձևավորման համար
• Սևանա լճի ափերը արագ նախապատրաստել Սևանա լճի մակարդակի բարձրացման համար
• վերանայել Սևանա լճի մակարդակի բարձրացման նիշը` սահմանելով 1903,5 մ-ից ավելի բարձր նիշ` վերահաշվարկելով Սևանա լճի ջրային բալանսը
• ապահովել Սևանա լճի ջրառի առցանց հանրային վերահսկողություն:
Մինչև ջրի մակարդակի բարձրացման խնդիրն իր պատշաճ լուծումը չստանա, հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները, բոլոր մնացած, գուցե հրատապ միջոցառումները կրում են միջանկյալ բնույթ:
Մյուս գլխավոր խնդիրը Սևանա լճի ջրի որակն է: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները բավարար չեն ջրի որակին գնահատականներ տալու և կոնկրետ լուծումներ կամ տեխնոլոգիաներ գտնելու ուղղությամբ:
Անհրաժեշտ է.
• պարզել, թե ով, որտեղից և ինչով է աղտոտում Սևանը` մշակելու Սևանա լճի մաքրման միջոցառումների կարգ
• Սևանա լճում կիրառել նոր տեխնոլոգիաներ լճի մաքրման համար, ինչի համար անհրաժեշտ է մշակել նոր նորմեր և ստանդարտներ, այդ թվում` կապտականաչ ջրիմուռների կողմից արտադրվող թունավոր միկրոցիստինի համար:
Որպես ֆինանսական աղբյուր` Սևանա լճի փրկությանն ուղղված միջոցառումների իրականացման համար օգտագործել 2017 և 2018 թթ. Սևանա լճից իրականացված հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած գումարները:
Պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ, որպեսզի ուղիղ եթերով հայտարարեք Սևանա լճի ափամերձ տարածքների և լիճ թափվող գետերի, Սևանա լճի մաքրման ֆլեշմոբ` կառավարության և պետական այլ կառույցների մասնակցությամբ և ֆլեշմոբի ծրագրի կազմակերպումը հանձնարարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը` հրապարակային դարձնելով արդյունքները:
«SOS Սևան» նախաձեռնություն