կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-09 22:11
Քաղաքական

Ֆրանս-ադրբեջանական համագործակցությունը առաջացրել է ֆրանսահայ համայնքի զայրույթը. Tert.am

Ֆրանս-ադրբեջանական համագործակցությունը առաջացրել է ֆրանսահայ համայնքի զայրույթը. Tert.am

ՀՅԴ «Նոր սերունդը» հուլիսի 10-ին Փարիզում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության դիմաց, նախաձեռնելում է բողոքի ակցիա՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական համագործակցության: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՅԴ «Նոր սերունդի» ատենապետ Պերճ Քերթեշյանը:

«Երկու հարց ենք բարձրացնելու բողոքի ակցիայի ժամանակ: Մեկը՝ ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցության հարցն է, մյուսը՝ ֆրանսիական դատարանի կողմից Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամական հռչակագրերը չեղարկելու հարցը»,- ասաց նա:

Նա նշեց, որ տեղյակ է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունից, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ ֆրանսիական զենքերը չեն օգտագործվի հայ ժողովրդի դեմ: Իրենք էլ, ըստ Պերճ Քերթեշյանի, լսել են Մակրոնի այդ հայտարարությունը Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող ընթրիքի ժամանակ, սակայն դրան վստահելու հիմք չունեն:

«Դա մեզ համար հիմա միայն խոսք է, և չգիտենք պատերազմ լինելու դեպքում դրանք կօգտագործվե՞ն Արցախի դեմ, որքանո՞վ Ֆրանսիան կկարողանա դա վերահսկել… դժվար է ասել: Բայց և այնպես տեղեկացանք, որ ֆրանսիական ընկերություններից մեկը Ադրբեջանի հետ ցանկանում է զենքի արտադրության ոլորտում համագործակցել: Սա մեզ մտահոգում է․ Ֆրանսիան էմբարգո ունի Արցախյան հակամարտության կողմերին զենք վաճառելու, բայց համագործակցում է: Դրա դեմ պետք է բողոքենք»,- ասաց նա:

Իսկ թե ինչ արդյունք կտա նրանց բողոքի ակցիան, ըստ Պերճ Քերթեշյանի, կախված է իրենց՝ ակցիայի մասնակիցների ակտիվությունից: «Մեծ տնտեսական գործարք է, բայց գուցե հնարավոր լինի քաղաքական որոշման արդյունքում այն չեղարկել»,- ասաց նա:

Պերճ Քերթեշյանի խոսքով՝ ֆրանս-ադրբեջանական համագործակցությունը առաջացրել է ամբողջ ֆրանսահայ համայնքի զայրույթը: Վաղն էլ, ըստ նրա, բողոքն իրենց կուսակցությունն է նախաձեռնել, բայց իրենց կմիանան նաև ոչ կուսակիցներ:

«Հիմա դժվար է ասել, թե քանի հոգի է մասնակցելու ակցիային: Պետք է պարզապես հաշվի առնել, որ հիմա նաև հանգստի շրջան է․ դրանով պայմանավորված, կարող է ավելի քիչ մարդ հավաքվի»,- ասաց նա:

Ֆրանսիայի կառավարությանը ճնշելը և ստիպելը, որ հրաժարվի Ադրբեջանի հետ համագործակցությունից, նրա խոսքով, հեշտ չի լինի իրենց համար, քանի որ Ադրբեջանն էլ ունի իր ազդեցության լծակները, մեծ գումարներ է ծախսում նաև քարոզչության համար:

«Մենք պետք է ամեն ջանք թափենք կանխելու համար, որ ֆրանս-ադրբեջանական համագործակցությամբ զենքը չօգտագործվի մեր եղբայրների դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ ֆրանս-ադրբեջանական համագործակցության մասին արձագանքներին, թե Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ զենքը Արցախի հակամարտությունում չի օգտագործվի, Պերճ Քերթեշյանը նկատեց.

«Մեզ զարմացրել է Հայաստանի նման արձագանքը: Ակնկալում էինք, որ ավելի ակտիվ և պահանջկոտ կլինեին այս համագործակցության վերաբերյալ, և ոչ միայն կվստահեին, այլ կոնկրետ քայլեր կանեին՝ դա կանխելու համար: Հիմա համայնք էլ նրանց է սպասում և զարմանում է՝ ինչու՞ չեն շարժվում, ինչու՞ քայլեր չեն ձեռնարկում»: