Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օտարերկրյա ներդրումները շարունակում են կրճատվել: Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալները։
Մասնավորապես` 2011թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 19,5%-ով և կազմել $130,6 մլն, որում ուղղակի ներդրումները ավելի քան 70% են: Փաստենք, որ 2011թ. առաջին եռամսյակում տնտեսության ակտիվության ցուցանիշը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4%-ով:
Հետաքրքիր է, որ ճգնաժամային 2009թ., երբ արձանագրվեց տնտեսության 14,4% անկում, օտարերկրյա ներդրումները եղել են $935,5 մլն: Իսկ 2008թ. օտարերկրյա ներդրումները կազմել են $1,1 մլրդ: Փաստորեն ստացվում է, որ չնայած երկրում տնտեսությունը սկսում է վերականգնվել, մասնավորապես` 2010թ. արձանագրվել է տնտեսության 2% աճ, իսկ 2011թ. առաջին եռամսյակում այն կազմել է 2,4%, սակայն միևնույն է, օտարերկրացիները Հայաստանից եկամուտ չեն ակնկալում, մասնավորապես` 2010թ. կատարված ներդրումները կազմել են $702,7 մլն, որն ավելի քան 40%-ով պակաս է 2008թ. կատարվածից: ՀՀ ներդրումային քաղաքականությունը կառավարությունը դիտարկում է տնտեսության զարգացման համար որպես կարևոր բաղկացուցիչ, և այդ նպատակի իրագործման համար ձեռնարկվում են բոլոր հայտնի և անհայտ միջոցները:
Մասնավորապես՝ ՀՀ-ի համար ներդրումների ներգրավման համար որպես հիմնական սկզբունքներ սահմանվել են այդ ոլորտում տնտեսավարման ազատությունը, օրենսդրության գրավչությունը և կայունությունը, տնտեսավարման ոչ խտրական պայմանները, օտարերկրյա ներդրողների շահերի պաշտպանությունը և այլն:
Մասնավորապես՝ Հայաստանը տնտեսության ազատության ցուցանիշով աշխարհում 38-րդն է, սակայն դրանով հանդերձ՝ Հայաստանում կատարվող ներդրումներն ունեն միևնույն ուղղվածությունը և չեն տանում դրանց ավելացմանը, այլ հակառակը, ներդրումները տարեցտարի կրճատվում են:
Այսպես, ըստ ԱՎԾ-ի, օտարերկրացիները հետաքրքրություն են դրսևորում հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության, մետաղական հանքաքարերի արդյունահանման ոլորտների նկատմամբ, մասնավորապես՝ 2011թ. հունվար-մարտ ամիսներին այդ ոլորտում կատարված ներդրումները համապատասխանաբար կազմել են ընդհանուրի 32%, 12,9% և 9,95%-ը: Ընդ որում՝ ըստ երկրների կատարված ներդրումների կառուցվածքում առաջատար երկիրը դիտարկվող ժամանակահատվածում եղել է Ֆրանսիան` ավելի քան $33 մլն-ով:
Նշենք, որ 2010թ. հունվար-մարտին ՀՀ-ում կատարված ներդրումների ամենամեծ բաժին ուներ Ռուսաստանը՝ մոտ $52 մլն, 2011թ. նույն ժամանակահատվածի ընթացքում ներդրումները կազմել են ընդամենը $23 մլն: Սա բացատրվում է հատկապես էներգետիկայի ոլորտում կատարված ներդրումների ավելի քան 4,5 անգամ կրճատմամբ: Ֆրանսիական ներդրումների ավելի քան 95%-ը կատարվել է հեռահաղորդակցության մեջ, որոնք հիմնականում «Օրանժ Արմենիայում» ներդրված միջոցներն են:
Հատկանշական է, որ Կանադայից կատարված ներդրումները աճել են 54,8 անգամ, սակայն կազմել են ընդամենը $6,6 մլն, ինչը ներդրվել է բացառապես մետաղական հանքարդյունաբերության մեջ: Կրճատվել են նաև օդային տրանսպորտի գործունեության մեջ կատարվող ներդրումները, ընդ որում՝ այս ոլորտի հիմնական ներդրող է հանդիսանում Արգենտինան և նրա կողմից ներդրված միջոցները 2010 թ. հունվար-մարտ ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում մոտ 9 անգամ կրճատվել են: Հավելենք, որ օտարերկրյա կապիտալով ընկերությունների թիվը Հայաստանում շուրջ 3700 է: