Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2016թ. առաջին կիսամյակում տարբեր ոլորտների մի շարք օտարերկրացի ներդրողներ հեռացել են Թուրքիայից: Թուրքական Sözcü թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ. առաջին եռամսյակում Թուրքիա մուտք գործած անմիջական ներդրումների ծավալը 52.6 տոկոսով կրճատվել է՝ կազմելով 2 մլրդ դոլար. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այսպես` մանրածախ առևտրի բրիտանական խոշորագույն «Tesco» ընկերությունը վաճառել է Թուրքիայում գործող իր «Kipa» սուպերմարկետների ցանցը: «Tesco»-ն 302 մլն լիրա ընդհանուր արժողությամբ (մոտ 100 մլն դոլար) իր բաժնետոմսերն ու ունեցվածքը վաճառել է «Migros» ընկերությանը: Ավելի վաղ՝ 2015թ., «Tesco»-ն Անկարայում, Մերսինում և Դենիզլիում գտնվող իր 10 սուպերմարկետները վաճառել էր թուրքական «Beğendik»-ին:
Թուրքիայից հեռանալու որոշում է կայացրել նաև հեղուկ վառելիքի բիզնեսով զբաղվող ավստրալական OMV ընկերությունը, որը թուրքական շուկա էր մտել 2006-ին: Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, թե վերջին 3 տարվա ընթացքում Թուրքիայում եկամտաբերությունը լրջորեն նվազել է:
Նորվեգական «Statkraft» ընկերությունն էլ վաճառքի է հանել Սիիրթում գտնվող իր հիդրոէլեկտրակայանը: Մինչև օգոստոսի 1-ը ընկերությունն ընդունում է հնարավոր գնորդների առաջարկները:
Քուվեյթական «Al Shaya» խումբը, որը ներկայացնում է այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշեր, ինչպիսիք են «Starbucks», «The Body Shop», «Debenhams», «Victoria's Secret»-ը, որոշել է Թուրքիայից հանել իր «Top Shop» ապրանքանիշը: «Top Shop»-ը թուրքական մանրածախ առևտրի շուկա էր մուտք գործել 2002թ.: Մինչ օրս արդեն փակվել է ընկերությանը պատկանող 10 առևտրի կենտրոն:
Արտասահմանցի ներդրողների համար Թուրքիայում նպաստավոր պայմաններ չկան նաև կրթական ոլորտում: 2011թ. Բահչեշեհիր քոլեջի համասեփականատեր դարձած «Carlyle»-ը և «Դողա» քոլեջում ներդրումներ կատարած «Turkven»-ը ևս վաճառքի են հանել իրենց բաժնեմասերը: Նշենք, որ Բահչեշեհիր քոլեջը ողջ Թուրքիայի տարածքում ունի 69 ճամբար, 141 դպրոց և 25.000 աշակերտ, իսկ «Դողա» քոլեջի սաների թիվը թուրքական 35 քաղաքներում հասնում է 55.000-ի: