կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-17 15:35
Հասարակություն

Մեր ուժը մեր կամքն է եւ դարավոր մշակույթը

Մեր ուժը մեր կամքն է եւ դարավոր մշակույթը
Անկախության 20-ամյակի կապակցությամբ իր մտորումներով yerkir.am-ի հետ կիսվել է գեղանկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը:

«Քսան տարի է, ինչ մեր ժողովուրդը հանդես է գալիս աշխարհում իր անկախ պետությամբ, ազատ երկրի իր դրոշի ներքո: Անշուշտ, դյուրին չեն եղել անցած տարիները` պատերազմ, զրկանքներ, արտագաղթ, սոցիալական բարդ խնդիրներ… Այս ամենը քաջ հայտնի է: Սակայն կասկածից վեր է, որ միայն անկախության պայմաններում, սեփական ճակատագրի ղեկը բռնած ժուղովուրդը կարող է (թեկուզ մեծ զոհողությունների գնով), կառուցել մարդ արարածին արժանավայել հայրենիք, երկիր, տուն: Մենք մեր ճանապարհի առաջին քայլերն ենք արել տակավին, միգուցե հաճախ անհաստատ, երերուն: Բայց ես հավատում եմ, որ ազատ երկրում ծնված եւ հասակ առած սերունդները կհաղթահարեն ամեն դժվարություն, կդիմագրավեն այլեւայլ մարտահրավերներ ու փորձություններ: Մենք չունենք նավթ, ծով, մեծ ազգաբնակչություն կամ տարածք: Մեր ուժը մեր կամքն է եւ դարավոր մշակույթը: Հենց մշակութն է, գիտելիքն է, գիր ու գրականությունն է, որ, իմ խորին համոզմամբ, պետք է մեր պետության, հասարակության ուշադրության կենտրոնում լինեն` այսօր եւ ընդմիշտ: Այդպես միայն մենք նախադրյալներ կստեղծենք, որ հեռավոր ապագայում մեր հետնորդները հպարտորեն տոնեն Հայաստանի անկախության երկու հարյուրամյակը, երկու հազարամյակը». yerkir.am-ին ասել է անվանի գեղանկարիչը: