Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էսրա ՉԻՖԹՉԻ
Յուրաքանչյուր կրոնում, հավատքում, տարածաշրջանում Նոր տարի մտնելու տարբեր ծեսեր գոյություն ունեն: Ալեւիներն էլ (բնագրում նշված է՝ ալևի քրդեր, սակայն ալևիները միայն քրդեր չեն, ինչից ելնելով էլ խմբագրել ենք այդ անվանումը-Ակունքի խմբ․) դարեր շարունակ Նոր տարին դիմավորում են Կաղան տոնով (Կաղանդ-Ակունքի խմբ․)։ Կաղանը ալեւիների համար ունի մի քանի իմաստ՝ հավաքված բերքի տոնում, սննդի աջակցությամբ սոցիալական համերաշխություն և հաջորդ բերքի նախապատրաստում։ Կաղանդին համայնքը ջեմերում (ալևիական կրոնական տաճար-Ակունքի խմբ․) բերքահավաքը ձեռնունայն անցկացրած անձանց պարենային օգնություն է տրվում։ Ամեն Կաղանին անցկացվում է սննդի հավաքման միջոցառում, որտեղ հանձնաժողովի գլխավորությամբ օգնող անձանց սրտի հոժարությամբ տոնական մթնոլորտում ընդունվում է պարենային օժանդակությունը։ Ուսումնասիրող Էրդողան Յալգինի հետ զրուցել ենք ալեւիների համար կարեւոր ծիսակատարության՝ Կաղանի մասին։
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՆՑՎԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ»
Ըստ գրքերի հեղինակ Էրդողան Յալգընի, մարդկության պատմության ընթացքում բոլոր սոցիալական շերտերն ունեն աշխարհագրական և կլիմայական տեղաշարժերի մեջ իրենց հատուկ ավանդույթ-սովորույթները, ազգային և կրոնական հավատալիքների փառատոն-տոները, իրենց սուրբ օրերը։ Հասարակությանն ապագա տանող հոգևոր տարրերի շարքում այս հատուկ օրերի մեծ կարևորությունն ընդգծող Յալգընը նաև շեշտեց սոցիալական հիշողությունների մեջ շարունակաբար զարգացող հասարակության գենետիկ կառուցվածքում և չափումներում սոցիալ-մշակութային, էթնիկ-կրոնական կոդերը բոլոր ժամանակներում կենդանի պահելու կարևորությունը։ Յալգընը խոսում է ընդհանուր առմամբ քրդերի և նաև նույն գենետիկ արմատներն ունեցող եղբայր եզդիների, Ահլ-ը Հաքերի (սուֆիական-աղանդավորական դավանանքի հետևորդներ-Ակունքի խմբ․) ընդհանուր հիշողություններում պահպանված կարևոր տոների, փառատոնների և սուրբ օրերի՝ արդի կապիտալիստական կրոնները պաշտոնականացրած պետությունների աշխարհում անգամ դեռևս իրենց կենսունակությունը պահպանող, ժամանակը հաղթահարած ժառանգության տարրերի գոյատևման և դրանք նույնությամբ գալիք սերունդներին փոխանցման անհրաժեշտության մասին, ինչպես նաև քրդերի մայրենի լեզվում Ռեյա/Ռաա Հեքի անվանվող հավատի, այսինքն ալևիների համար կարևոր ծիսակատարություն Կաղանի մասին հետևյալն է ասում․
«Ալեվիները Կաղանը նշում են դեկտեմբերի 9-21-ը՝ որպես հին տարվա ավարտ։ Քանի որ դեկտեմբերի 21-22-ի գիշերը ամենաերկար գիշերն է, այդ գիշեր արևի աստված Միթրայի (Միհր-Ակունքի խմբ․) համար տարածաշրջանի տարբեր հատվածներում նշվում է «ամենաերկարը» իմաստից առաջացած «Յելդայի տոնը»։ Կաղանը միևնույն ժամանակ նոր տարվա պատրաստություններն է։ Կաղանը դեկտեմբեր ամսվա վերջին շաբաթում՝ դեկտեմբերի 21-ից սկսած եռօրյա պասի անունն է։ Երեքշաբթի առավոտյան, երբ սկսվում է պահքը, ինչպես նաև հինգշաբթի օրը, որը պահքի ավարտվում է, տան տիկին, մայրը մի շատ կարևոր ծես է իրականացնում։ Վաղ առավոտյան ժամերին նա մի թաս ջուր է վերցնում աղբյուրից կամ մոտակա ջրի աղբյուրից, գետից, առվից, և երբեմն զուտ ջրով, երբեմն աղաջրով աղոթքների ուղեկցությամբ ձեռքերով ցողում է տան բոլոր կողմերը, գոմը, որտեղ անասուններն են։ Այս ծեսով նա խնդրում է տանը առատություն, գալիք բերքառատ տարի, տան պաշտպանություն չար աչքից և այլն»։
«ԱԼԵՎԻ ՀԱՎԱՏՔՈՒՄ ՊԱՀՔԸ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ՔԱՂՑԱԾ ՄՆԱԼԸ ՉԷ»
Խոսելով տանտիկնոջ, մոր ջուր ցողելու, չար աչքի կամ աղբյուրի ու առատության և պտղաբերության աստվածուհի «Անահիտի» միջև խորը, խորհրդավոր կապի մասին, Յալգընը ասաց, որ Կաղանի ժամանակ, ճիշտ ինչպես՝ Խըզըրի ժամանակ, երեքշաբթի սկսվող և հինգշաբթի ավարտվող պահքը անհատական է, արվում է ըստ ցանկության։ Այդ գիշեր հոգևոր առաջնորդների, փիրերի կամ էլ դերվիշների գլխավորությամբ ջեմերի ու տների կապը շեշտելով, Յալգընը հայտնեց, որ պահքի բացումը «իֆթարի ճաշ» «իֆթարի բացում» չի կոչվում, ինչպես որ մուսուլմանների մոտ է․
«Ալեվի հավատքում պահքը ամբողջ օրը քաղցած մնալը չէ։ Դա ընդհանրապես մարդու՝ ամբողջ արտաքին գործոններից մաքրման իմաստն ունի, ինչն էլ նշանակում է «մահանալուց առաջ մահանալ»։ Բացի դրանից հեթանոսական տոն Յուլե Բայրամը նման է (ձմեռային արևադարձ) ալևիների տոնած Կաղանի արխայիկ անցյալից ներկա հասած պրոյեկցիային: Քանզի դա միաստվածական կրոններից առաջ Միջագետքում մարդ-բնություն առանցքի վրա գյուղատնտեսական հասարակության կողմից ստեղծված արժեք է»։
«ԱՆՀԻՄՆ Է, ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆ ԿԱՂԱՆԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅԵՐԻՑ Է ՄՆԱՑԵԼ»
Յալգընն ասելով, որ ըստ միաստվածական կրոններից առաջ գոյություն ունեցած հին հեթանոսական հավատքի, դեկտեմբերի 21-ին նշվող Յուլե Բայրամն այսօր ալևիները նշում են որպես Կաղան, պնդում է, որ թեև վերջին տարիներին խոսվում է, թե Կաղանի պաշտամունքը հայերից է մնացել, դա ճիշտ չէ (կարծում ենք, որ Յուլե Բայրամի և Կաղանի տոնելու ժամանակի համընկնումը հիմք չի դրանց նույնացման համար-Ակունքի խմբ․)։ Յալգընը նշելով, որ Հայաստանում նման տոնակատարություն չկա, նորմալ է համարում, որ տարածաշրջանում բաշխվածության տեսանկյունից հայերը անցյալում այս տոնը նշեին, հատկապես որ նրանք նախքան քրիստոնեությունը առնչվում էին զրադաշտական փիլիսոփայությանը և ավելացնում՝ «քանի որ գյուղական վայրերում ներքին համերաշխության այս տոնակատարության արմատները վերադառնում են դեպի զրադաշտականություն՝ զարգացած արիականության ավանդույթի վերջնական կերպին: Ըստ էության, այս ժառանգական ավանդույթը, ըստ երևույթին, որոշակիորեն կապված է աշխարհի, տիեզերքի ստեղծման հետ նույնպես» (Յալգընի սահմանափակ մոտեցման պատճառը ոչ համապարփակ և հիմնավոր, մակերեսային ուսումնասիրություններն են․ ակնհայտ է, որ նա հավուր պատշաճի չի ուսումնասիրել հայ մշակույթը, և տեղյակ չէ որ Կաղանդը չի տոնվում բոլոր հայերի կողմից։ Որևէ հիմնավորում չունի նաև Կաղանդը Յալդա Բայրանի միջոցով զրադաշտականության հետ կապելը-Ակունքի խմբ․)։
«ԿԱՂԱՆԸ ՏԵՒՈՒՄ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹԸ»
Ասելով, որ Կաղանը տևում է դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի առաջին շաբաթը և կարող էր նշվել 40 օր, Յալգընն ընդգծում է, որ այս օրերին համերաշխության միջոցառումների շարքում կա մի միջոցառում, որը շատ կարևոր տեղ ունի հասարակական կյանքում և շարունակում.
«Այս միջոցառումը ներառում է նոր հարսների այցելություն, և նոր տներ գնալ-տեսնելը: Այս առթիվ գյուղերում տան երիտասարդներն այցելում են իրենց քույրերին, մեծ քույրերին, հորաքույրներին ու մորաքույրներին, ովքեր ամուսնացել ու հարս գնացել են այլ գյուղեր։ Նրանց Կաղանի նվերներ են բերում։ Հարցնում են նրանց որպիսության մասին և ընտանիքի տնտեսական վիճակն են ուսումնասիրում։ Նպատակն այն է, որ նրանք զգան իրենց հին տների, տնային տնտեսությունների և ընտանիքների,կողմից մոռացված չլինելը և իրենց կարոտած լինելը»։
ԽԱԼԸՔ ՈՒ ՖԱԹԸՔ
Յալգընը ասում է, որ գյուղի երիտասարդները հավաքվելով գյուղի հրապարակի կենտրոնում թատերական զվարճալի խաղեր են ցուցադրում, որոնցից ամենահայտնիները, ըստ Յալգընի, տարբեր անուններով ցուցադրվող Խալըք ու Ֆաթըք կամ Քալո և Ֆեդիկե խաղերն են։ Առավելապես տղամարդկանց կողմից տարեց կին-ամուսնու դերեր մարմնավորող տարբեր ուղերձներ պարունակող խաղերում, ըստ Յալգընի, Քալոն ներկայացնում է հին տարին․
«Դռնեդուռ են անցնող երիտասարդները իրենց թակած դռներից ուտելիք, հագուստ և այլ զանազան նվերներ են հավաքում։ Այդ նվերները հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ են (ալյուր, ձեթ, պաստեղ, ընկույզ, նուշ): Քանի որ ենթադրվում է, որ ձմռան օրերին հատկապես աղքատ ընտանիքների տներում սնունդը կպակասի, այս հավաքված սնունդը բաժանվում է գյուղի աղքատ ընտանիքներին։ Այստեղ էլ գյուղի աղքատ ընտանիքների հետ համերաշխությունն իրականացվում է զվարճալի կերպով՝ առանց վիրավորելու: Իրականում, այս գործողությունը շատ նուրբ մտքի դրսևորում է: Երիտասարդները տներից հավաքած իրենց մթերքներից տարբեր ուտեստներ պատրաստելով՝ համտեսում են։ Այս ամենն անելիս նրանք զվարճանում են սազով, երգով, թմբուկով, զուռնայով և շուրջպարով։ Բացի այդ, հավաքված սիսեռից ու ցորենից հեդիկ են եփում և բաժանում տոնակատարության մասնակիցներին (Հեդիկը անուշապուրի տարատեսակ է-Ակունքի խմբ․)։ Կաղանի ժամանակ անցկացվող այս բոլոր միջոցառումները պետք է դիտարկել որպես Նոր տարում առատություն և պտղաբերություն ապահովելու համար ընդհանուր գյուղատնտեսական հասարակության գործունեություն՝ ուղղված սոցիալական և մշակութային համերաշխության ամրապնդմանը։ Այնուհանդերձ, վերջին տարիներին միայն իր զվարճալի հարթությամբ դիտարկվող Կաղանը որպես ամբողջություն միայն այս հրապարակային խաղը չէ»։
https://artigercek.com/yasam/alevi-kurtlerin-yuzyillardir-devam-eden-yilbasi-ritueli-gagan-235054h
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net